Այսօր Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Ղազարյանի որոշումների դեմ:
Քննիչ Ղազարյանը քրեական գործից 189 էջանոց փաստաթղթեր էր ներկայացրել դատարան, որոնք հիմք են եղել իր որոշումները կայացնելու համար:
Հայկ Ալումյանն էլ նախ հարցրեց՝ ինչ սկզբունքով է քննիչը որոշել հենց այդ փաստաթղթերը ներկայացնել:
Քննիչն էլ ասաց, որ ներկայացրած նյութերը բավական են, որ ապացուցվի իր որոշման օրինականությունը:
Կարդացեք նաև
Պարոն Ալումյանը միջնորդություն ներկայացրեց, որ ամբողջ նյութերը ներկայացվեն դատարան՝ պնդելով, որ գործով նյութերը 8,5 հատոր են, իսկ քննիչի ներկայացրած փաստաթղթերն անգամ մի հատորը չեն կազմում. «Վարույթ ներկայացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր, ոչ թե իր որոշման վերաբերյալ նյութեր: Քննիչի կողմից վերլուծվել է Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների ցուցմունքները…ո՞նց կարող է իմ բողոքը քննվել միայն այն նյութերի հիման վրա, որոնք քննիչն է որոշել ձեզ ներկայացնել: Որտե՞ղ է գրված, որ քննիչը պետք է որոշի՝ որ նյութերը ձեզ ներկայացնի, որոնք՝ ոչ: Պահանջում եմ բոլոր փաստաթղթերը ներկայացվեն դատարան, հակառակ դեպքում իմ բողոքի քննությունն անհնարին կլինի: Պահանջում եմ բոլոր նյութերը, որոնք կապված են իմ բողոքի եւ ոչ թե քննիչի որոշման հետ: Մի բան ակնհայտ է՝ եթե քննիչին թույլ տաք, որ ներկայացնի միայն իր որոշմանը վերաբերող փաստաթղթեր, ապա դատարանն էլ քննիչի տեսակետին կհանգի: Որովհետեւ քննիչը իննը հատոր գործից ծաղկաքաղ է արել, որ իր որոշումն անի»:
Թե դատախազը, թե դատարանը առարկեցին Հայկ Ալումյանի միջնորդությանը՝ պնդելով, օրենքով չի թույլատրվում ամբողջական նյութերի տրամադրումը:
Դատարանը բավարարեց միայն Ալումյանի միջնորդությունը՝ հետաձգել բողոքի քննությունը, մինչեւ ինքը չծանոթանա քննիչի ներկայացրած փաստաթղթերին: Բողոքի քննությունը կշարունակվի նոյեմբերի մեկին:
Դատական նիստից հետո պարոն Ալումյանն ասաց, որ դատավոր Ավետիսյանի պնդումը, թե ամբողջական նյութերի տրամադրումը օրենքով այս դեպքում չի սահմանվում, համոզիչ ու հիմնավոր չէր: Նա նաեւ ասաց, որ դատարանի այդ որոշումը ցույց է տալիս, որ դատական նիստը ձեւական ընթացակարգերով է անցկացվելու ու նախնական սցենարով. «Ձեւական քննություն եմ ակնկալում: Այս դատավարությունում մրցակցություն է գնում, Բուդաղյանների կողմը մրցում է Խաչատրյանների կողմի, դատարանի, քննչական մարմնի եւ դատախազության հետ: Անհավասար մրցակցություն է, ծրագրված սցենարով դատավարություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ