Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Երիտասարդների ներուժը» ծրագիրը

Հոկտեմբեր 28,2013 17:11

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ը ԱՄՆ դեսպանատունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կիրականացնի «Երիտասարդների ներուժը» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, շարադրությունների մրցույթ, շախմատի մրցամարտ Հայաստանի շախմատի վարպետների հետ և ֆիլմերի պատրաստման վարպետության դասեր երիտասարդների համար:
Ծրագիրն այսօր ներկայացվեց ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ԹՈՒՄՈ կենտրոնի տնօրեն Մերի Լու Փափազյանը, պրոդյուսեր, մոնտաժող Նելսոն Դելամաջիորեն, ռեժիսոր, պրոդյուսեր Քեյթի Դելամաջիորեն և անկախ կինոռեժիսոր Ջեյ Ռոզենբլատը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ներկայացնելով ծրագիրը, ասաց. «Մենք ցուցադրում ենք ֆիլմեր, որոնք ներկայացնում են ամերիկյան կյանքը: Ֆիլմերի ցուցաշարի բացումը կկատարվի այսօր` «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի ցուցադրմամբ, որը 24 ֆիլմերից մեկն է: Բոլոր ֆիլմերը միավորվում են մեկ թեմայի շուրջ` «Երիտասարդների ներուժը»:
«Բրուքլինյան ամրոց» ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Քեյթի Դելամաջիորեն, անդրադառնալով կոնկրետ իր ֆիլմին, ասաց. «Սա մի ուշագրավ ու անհավատալի իրական պատմություն է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի թիվ 318 հիմնական դպրոցի մասին, որը, ի հեճուկս տիրող կարծրատիպերի, ունի երկրի լավագույն երիտասարդական շախմատի թիմը: Ֆիլմը պատմում է շախմատային թիմի 5 անդամների մասին, որոնք սովորում են այս քաղաքային դպրոցում: Դպրոցի սաները հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներ են, սակայն այս դպրոցն ազգային առաջնություններում իր տարած հաղթանակներով առաջինն է երկրի բոլոր դպրոցների շարքում: Ֆիլմն անդրադարձ է կատարում այն մարտահրավերներին, որոնց երեխաները դիմակայում են անձնական կյանքում և շախմատի տախտակի առջև, պատմում է նրանց պարտությունների ցավի ու հաղթանակների բերկրանքի մասին: Հեգնական է, բայց ամենամեծ խոչընդոտը նրանց համար ոչ թե մրցակիցներն են, այլ դպրոցի ֆինանսավորման կրճատումը, որի հետևանքով դադարեցվում են բոլոր տեսակի արտադասարանական պարապմունքները: «Բրուքլինյան ամրոցը» ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես շախմատի նկատմամբ սերը բազմապատկում է երեխաների ակնկալիքներն առ այն, թե ինչի է հնարավոր հասնել կյանքում»:
ԹՈՒՄՈ կենտրոնի տնօրեն Մերի Լու Փափազյանը տեղեկացրեց, որ ֆիլմը կցուցադրվի Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևան («Մոսկվա» կինոթատրոն, 28 հոկտեմբերի, սկիզբը՝ 17:00), Գյումրի («Հոկտեմբեր» կինոթատրոն, 31 հոկտեմբերի, սկիզբը՝ 15:00) և Վանաձոր (1 նոյեմբերի, սկիզբը՝ 15:00): Նա ասաց նաև, որ «Երիտասարդների ներուժը» խորագրով այս ցուցաշարի մնացած 23 ֆիլմերը կներկայացվեն ԹՈՒՄՈ կենտրոնում (մուտքն ազատ է):
Պրոդյուսեր, մոնտաժող Նելսոն Դելամաջիորեն էլ ասաց, որ իրեն ուրախացնում է այն, որ ֆիլմերից բացի, «Երիտասարդների ներուժը» ծրագրի շրջանակներում Հայաստանի դպրոցականների շրջանում կազմակերպվել է շարադրությունների մրցույթ, որտեղ մասնակիցներին առաջարկվել է պատմել այն ուսուցիչների մասին, ովքեր կարողացել են ոգեշնչել իրենց:
Նշենք, որ ստացվել է 3200 շարադրություն: Այս նախաձեռնության համահովանավորը Dasaran.am կայքն է: Ցուցաշարի բացման արարողության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կհրապարակի մրցույթի հաղթողների անունները:
Միջազգային հռչակ վայելող կինոռեժիսոր Ջեյ Ռոզենբլատը, ռեժիսոր, պրոդյուսեր Քեյթի Դելամաջիորեն և երեք անգամ ԷՄՄԻ մրցանակի առաջադրված ռեժիսոր Նելսոն Դելամաջիորեն մի խումբ երիտասարդների համար կանցկացնեն վարպետության դասեր ԹՈՒՄՈ կենտրոնում: Կինոգործիչները կաշխատեն ԹՈՒՄՈ-ի այն սաների հետ, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում ծանոթացել են սցենար գրելու, կինո նկարահանելու ու մոնտաժելու հիմնադրույթներին, որպեսզի կարողանան իրենց մտահոգող թեմաներով կարճ ֆիլմեր պատրաստել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031