«Դուք ոնց որ թե հպարտանում եք, որ ձեզ նկարահանել են»,- ասաց Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժանմունքի ԶԼՄ-ների եւ տեղեկատվական կառույցների հարցերով բաժնի ղեկավար Վուգար Ալիեւը: Հեգնական դիտարկումն ուղղված էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովային, որի վերաբերյալ ժամանակին սեռական բնույթի տեսահոլովակ էր հրապարակվել: «Դուք պիտի ամաչեք նման խոսքերի համար»,- հակադարձեց Խադիջա Իսմայիլովան:
Այս երկխոսությունը տեղի ունեցավ այսօր Թբիլիսիում իր աշխատանքները սկսած ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի նախաձեռնած 10-րդ հարավկովկասյան համաժողովի ընթացքում:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով 2004-2010թթ, ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին նախապես նշել էր, թե կառավարությունները միշտ սիրում են հաջողության պատմությունները ներկայացնել, իսկ քաղաքացիական հասարակությունները՝ խոսել խնդիրների մասին: Եվ մոտավորապես այդ կերպ էլ կառուցված էին Հարավային Կովկասի երկրների իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ելույթները:
Սակայն Վուգար Ալիեւի ելույթը, թե Ադրբեջանը ստեղծել է հնարավոր բոլոր պայմանները արտահայտման եւ տեղեկատվության ազատության համար՝ կտրուկ ընդդիմախոսության արժանացավ հենց ադրբեջանցի այլ պատվիրակների կողմից:
Կարդացեք նաև
Ասենք, «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն եւ contact.az-ի հիմնադիր Մեհման Ալիեւը թվարկեց փաստեր, թե ինչպես է սահմանափակվում ընդդիմադիր «Ազադլիգ» եւ «Ենի մուսավաթ» թերթերի տարածումը:
Ռեպորտյորների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը հայտարարեց, թե այո, Ադրբեջանն առաջինն է Հարավային Կովկասում, որ հեռարձակման արբանյակ ունի, սակայն նաեւ առաջինն է, որ սկսել է արգելափակել արբանյակային ընդդիմադիր ալիքը. «Մենք տիեզերական ծովահենությամբ ենք զբաղվում»:
Իսկ Խադիջա Իսմայիլովան էլ հայտարարեց, թե երեւի արժանապատվություն ունեն միայն պաշտոնյաները՝ մինչդեռ ինքը չի կարողանում հասնել արդարադատության, թեեւ իրեն հրապարակավ «պոռնիկ» են անվանում, հղում անում անվտանգության ծառայության նկարահանած հոլովակին: «Ինչո՞ւ է այս ամենը կատարվում, եւ ինչո՞ւ եք ասում, թե բոլոր պայմանները ստեղծված են»,- լրագրողի այս հարցն էլ արժանացավ Վուգար Ալիեւի հակադարձմանը, թե Ադրբեջանում նպատակաուղղված քաղաքականություն չկա խոսքի ազատությունը սահմանափակելու, իսկ Խադիջան էլ կարծես թե հպարտանում է, որ իրեն նկարահանել են: Քիչ անց սակայն նաեւ ասաց, որ ինքն էլ է դատապարտում այդ հոլովակը նկարահանողներին. «Անիծում եմ այդ մարդկանց այնպես, ինչպես եւ դուք եք անիծում»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Թբիլիսի


















































