Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ ԿԳ, մշակույթի նախարարներին եւ թատրոնների պատասխանատուներին՝ արագացնել»

Նոյեմբեր 23,2013 14:10

Օրերս տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) համագումարի ընթացքում հնչած մտահոգությանն ի պատասխան՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր մոտ էր հրավիրել թատերարվեստի ճանաչված գործիչների, որոնց թվում է եղել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նախարարի խոսքերով՝ «դրամահավաքությունն արգելվում է, որովհետեւ հնարավոր չէ հսկել՝ ուր են գնում այդ գումարները: Փորձը ցույց է տալիս, որ եթե դրամահավաքությունը լիովին չի արգելվում, այլ թողնվում է ճկուն համակարգի, ապա այն անարդյունավետ չէ: Հատկանշանակ է, որ թատերական գործիչների համագումարից ընդամենը մեկ օր առաջ Աղվերանում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ինքս եմ բարձրացրել այդ հարցը, նշելով, որ դրամահավաքության արգելքն ունեցել է նաեւ իր բացասական հետեւանքը: Արդյունքում տուժել է աշակերտը, քանի որ նա զրկվել է թատրոն եւ թանգարան այցելելու հնարավորությունից»:

Ինչպես տեղեկացրել է Aravot.am-ը, ԿԳ նախարարն առաջարկել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մտածել խնդրի լուծման տարբերակներ: Քննարկման տարբերակներից մեկը, օրինակ, կարող է լինել առաջիկա տարիներին պետական բյուջեում կրթությանը տրամադրվող ֆինանսական ծախսերում պարտադիր մշակութային բաղադրիչի ներառումը եւ այդ գումարի տնօրինման բացառապես մշակութային ուղղվածությունը՝ այդպիսով երաշխավորելով աշակերտների մասնակցությունը մշակութային միջոցառումներին: Թատերական գործիչներն էլ առաջարկել են ոչ թե արգելել դպրոցում թատրոնի տոմսերի վաճառքը, այլ մշակել մեխանիզմներ, որպեսզի այդ վաճառքը չնպաստի դրամահավաքությանը:

Նախօրեին վերը շարադրվածի մտահոգությամբ «Առավոտում» էր հյուրընկալվել ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը (լուսանկարում), ով 1998-2003թթ. հանդիսացել է Մայր թատրոնի տնօրենը, ներկայումս էլ վարում է Ազգային օպերային թատրոնի փոխտնօրենի պաշտոնը:

«Նախկինում դպրոցը կամ դպրոցները միանում էին, «լցնում» էին, օրինակ՝ 930 տեղ ունեցող Մայր թատրոնի հանդիսասրահը ու հաշտ-համերաշխ դիտում այս կամ այն ներկայացումը: Դա տեղի էր ունենում ծնողկոմիտեի կամ ադմինիստրատորի հետ բանակցությունների արդյունքում: Իսկ մենք՝ թատրոնի ադմինիստրացիան, տոմսերի վաճառքից ստացված հասույթի 15-20%-ը հատկացնում էինք ծնողկոմիտեին կամ վերջինիս ներկայացուցչին, նրանք էլ ստեղծում էին իրենց ֆոնդը: Փաստորեն ստացվում էր, որ ծնողկոմիտեի նախագահը կամ նրա ներկայացուցիչը կատարում էր տոմս տարածող արտահաստիքային լիազորի պարտականությունները»,- հայտնեց Վրեժ Հակոբյանը: Ավելին, մեր զրուցակիցն ասաց, որ նույնիսկ լրացուցիչ տեղեր էր տրամադրվում (15-20 աթոռ) անապահով ընտանիքի երեխաներին: Պարոն Հակոբյանը հիշեց նաեւ, որ հետխորհրդային շրջանում դպրոցականներն այնքան էին գնացել բազմատեսակ ու բազմապիսի շոուների, որ նույնիսկ գտնվելով Մայր թատրոնում, նրանք չէին մոռանում իրենց հետ վերցնել Կոկա-կոլա, արեւածաղիկ… «Մայր թատրոնի խաղացանկում մշտապես եղել են թեմատիկ ներկայացումներ, այդ թվում՝ Մուրացանի «Ռուզան», Շանթի «Հին աստվածներ» եւ այլն: Ցերեկային մի սեանսի ժամանակ, որին ներկա էր երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը, չնայած մեր հորդորներին՝ լռեցնելու երեխաներին, ինչն այդպես էլ չհաջողվեց, ներողություն խնդրեցինք մեծանուն բանաստեղծից: Ի պատասխան՝ նա ասաց՝ վատ մի զգացեք, երեխաները կամաց-կամաց կսովորեն գտնվել հանդիսատեսի կարգավիճակում, պարզապես ժամանակ է հարկավոր: Եվ երբ տարիներ անց, դարձյալ երեխաների համար խաղացվող ներկայացմանը հյուր էր տիկին Կապուտիկյանը, մոտենալով ինձ, ժպտալով ասաց՝ տեսնո՞ւմ եք արդեն ինչ պատրաստված հանդիսատես ունենք»,- հիշեց մեր զրուցակիցը: Պարոն Հակոբյանը հիշեց նաեւ իրենց ամենշաբաթյա արտագնա մարզային ցերեկային ներկայացումները, նկատելով, որ նման մշակութային քաղաքականություն էին վարում երեւանյան այլ թատրոններ եւս, նշելով, որ որոշ ներկայացումներ էլ դերասանները սիրով անվճար էին խաղում:

Զրույցի թեմայի առիթով կարոտախտով լցված մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը դեռեւս 14 տարեկանից մասնակցել է դպրոցական թատերական խմբակին, իսկ հետո էլ թատերական ինստիտուտի՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում սովորելու տարիներին, աշխատելով արդեն Շահումյանի անվան դպրոցում, ղեկավարելով թատերական խմբակը, իրականացրել է դպրոցական ներկայացումներ: Ասաց, որ այդ խմբակում էին առաջին քայլերն անում այսօր արդեն հայտնի դերասաններ Գոհար Գալստյանը, Արմեն Սանթրոսյանը եւ մյուսները: Իբրեւ օպերային թատրոնի փոխտնօրեն էլ նշեց, որ երազում է վերականգնել ցերեկային ներկայացումները. «Ախր մեր խաղացանկում են «Անուշը», «Դավիթ- Բեկը», «Ալմաստը»… այսինքն՝ ստեղծագործություններ, որոնք հայ գրականության դասավանդման մասն են կազմում:

Հիշեցնելով, որ ԿԳ նախարար եւ թատերական գործիչներ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները եւ մտածել տարբերակներ, որոնք կնպաստեն դպրոցահասակների մշակութային ճաշակի ձեւավորմանն ու դաստիարակմանը, Վրեժ Հակոբյանն ասաց. «Խնդրում եմ ԿԳ, մշակույթի նախարարներին եւ թատրոնների պատասխանատուներին՝ արագացնել, այս խնդիրը նույնիսկ ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930