Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Բարեկամ ռուսները բարեկամին «քցելու» լավ սովորություն ունեն»

Նոյեմբեր 23,2013 17:45

«Սկսվում է գեոպոլիտիկայի ցիկլ` համաշխարհային կենտրոնների ձևավորման, Ռուսաստանի տեղի և նրա դաշնակիցների տեղի որոշման ցիկլ համաշխարհային պատմության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը և հավելեց, որ այդ ցիկլում Ռուսաստանը Հայաստանին դիտում է իբրև բարեկամ երկիր:

«Ռուսաստանը, ակնհայտորեն, Հայաստանի հանդեպ գեոպոլիտիկայի օրինաչափություններն օգտագործեց: Հիմա դա շանտաժ կանվանեք, թե մի այլ բան, համենայն դեպս, իրենք երդվում են, որ շանտաժ չեն արել, բացի այդ, թուրքական գործոնի կողքին Հայաստանին շանտաժ անել պետք չէ. մի քիչ հասկացնում ես, ինքը լավ էլ հասկանում է: Իսկ ահա Ուկրաինայի պարագայում կիրառեց գեոէկոնոմիկայի  օրինաչափությունները, այսինքն` տնտեսական աղետի առաջ կանգնեցրեց նրան: Եվ այս երկու երկրների քաղաքական ղեկավարները հասկացան իրենց համար նախատեսված տեղը՝ մեկը մի քիչ համառելով (եվրոպական աջակցության հույս ունենալով), մյուսը՝ համեստորեն»,- ասաց քաղաքագետը: Նա դժվարացավ ասել՝ Ուկրաինան ՄՄ կմտնի, թե ոչ, բայց որ ԵՄ չի մտնի, միանշանակ է:

Լևոն Շիրինյանը համոզված է, որ Հայաստանը պետք է խորացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները. «Ես առաջարկում եմ վստահաբար հենվել ռուսական ռազմական հզորության վրա և կարողանալ ռեսուրսն ուղղել պետության և հասարակության վերափոխմանը: Սա ճապոնական տարբերակ է: Ճապոնացիները ժամանակին՝ 60-ականներին, իրենց անվտանգության համակարգը հանձնեցին՝ սարսափելով սովետական Ռուսաստանից, ամերիկացիների միջուկային տանիքի տակ մտան և դարձրին Ճապոնիան այնպիսին, ինչպիսին մենք գիտենք: Ուրեմն՝ կարելի է այս փորձի ինչ-որ նմանակում անել»,- կարծում է քաղաքագետը:

Նրա համոզմամբ՝ պետք չէ այդքան շատ շահարկել անվտանգության, ինչպես նաև Ղարաբաղի հարցը. «ՄՄ մտնելիս Արցախի անվտանգությունը Հայաստանի հետ միասին ավելի է բարձրանում, և այս հարցը պետք է թողնել ապագայի լուծմանը:

Իմ դիտարկմամբ՝ մենք մտնում ենք խելքով գործելու մի ժամանակաշրջան, որտեղ կարող ենք շահել, և ես վստահ եմ, որ կշահենք, եթե մեր քաղաքական, մտավոր և ռազմական էլիտան ստորաքարշության ցուցահանդեսներ չկազմակերպի Ռուսաստանի հանդեպ, այլ լծվի պետություն կերտելու գործին: Պետք է զսպել Ռուսաստանի հանդեպ սիրո ավանդական դրսևորումները և պետք է կարողանալ որպես դաշնակիցներ, քաղաքական կամ ռազմավարական երկու միավորներ իրար հետ հարաբերվել»,- ընդգծեց բանախոսը:

Անդրադառնալով դեկտեմբերի 2-ին ՌԴ-ի նախագահ Վ. Պուտինի Հայաստան այցին՝ Լ. Շիրինյանն ասաց, որ նախագահի այցի նախօրյակին մենք պարտադիր պիտի հիշենք նախ ինքներս մեզ, ապա բարեկամ ռուսներին, «որոնք շատ հաճախ բարեկամին «քցելու» լավ սովորություն ունեն, և հստակ պետք է իմանանք, թե Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունները որ պայմանագրով են կարգավորվել կամ կարգավորվելու: Ունենք ընդամենը մեկ փաստաթուղթ՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ-ի և ՌԽՍՀ-ի միջև կնքված Դրո-Լեգրանի՝ ութ կետից բաղկացած պայմանագիրը: Այդ կետերից արդիականությունը մեզ համար պահպանել են երեքը՝ առաջինը, որ Ռուսաստանն ընդունում է Հայաստանի անկախությունը, երկրորդն այս պահին հետաքրքիր չէ, կարևորը երրորդն է, որն ասում է, թե ՌԽՍՀ-ն որ տարածքներն է դիտում իբրև Հայաստան: Մենք պետք է հիշեցնենք մեր բարեկամներին, որ պայմանագրով Ռուսաստանը որպես Հայաստանի տարածք է դիտում Երևանի նահանգն ամբողջապես, որի կազմի մեջ էր մտնում նաև Նախիջևանի հատվածը: Այսինքն՝ Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մաս է: Եվ ես կարծում եմ, որ այս հարցը պետք է լուծվի»,- եզրափակեց Լ. Շիրինյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930