
Նրա դիտարկմամբ, այսօր հացի շուկայում կա հացի գնի «կրիմինալ թանկացում», քանի որ քաշի ու գնի մեծ անհամապատասխանություն կա եւ սպառողները 30 տոկոսով օդ են գնում: Եվ քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, ըստ պարոն Պողոսյանի, պատշաճ չի վերահսկում շուկան, որպեսզի նման խախտումներ չլինեն, այս հարցով սպառողների պաշտպանն անգամ հանրապետության նախագահին է դիմել:
Արմեն Պողոսյանի խոսքերով, ամեն օր մի նոր տեսչություն է ստեղծվում կամ եղած տեսչություններն իրար են միանում. «Բայց մինչեւ միանան մեր կյանքը կվերջանա: Հիմի էլ ստեղծվում են տեսչություններին կոորդինացնող հասարակական կառույցներ, ստեղծվում է մի նոր մարմին, բոլոր կառույցներին կից ստեղծվում են հասարակական խորհուրդներ բոլոր այդ կառույցների եւ ես դրանց բոլորի անդամ եմ, բայց չեմ տեսնում դրանց աշխատանքը»:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, հացարտադրող Անի Հարությունյանը, ուսումնասիրելով այսօր վաճառվող հացերի բաղադրությունը նկատել է, որ օրինակ` դիետիկ ալյուրով հացը, ըստ մակնշման, պարունակում է այնպիսի հավելումներ, որոնք ուղղակի անթույլատրելի են:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ են ստուգումներ իրականացրել հացամթերքի շուկայում եւ ինչ արդյունքներ են արձանագրել: Պարզվեց` ընթացիկ ստուգումների արդյունքում որեւէ էական խախտում ծառայությունը չի հայտնաբերել: Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ այս պահին էլ հաց արտադրող որոշ ձեռնարկություններում ընթանում են ստուգումներ, որոնց արդյունքները կհրապարակվեն տարեվերջին: Իսկ տարվա ընթացքում կատարված ստուգումների ու դիտարկումների արդյունքում, ըստ Ա. Սուքիասյանի, որեւէ արտառոց դեպք չի բացահայտվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































