Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական մենաշնորհի հիմքերը դրվել են Օսկանյանի «կոմպլեմենտարիզմի» շրջանում

Դեկտեմբեր 06,2013 14:25

ԲՀԿ-ի համար արդեն տարօրինա՞կ է, որ ՀՀ-ն անդամակցում է  Մաքսային միությանը

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերջին երկու օրերին ակտիվորեն վերլուծում է հետվիլնյուսյան շրջանը, Հայաստանի՝ Մաքսային միությանը (ՄՄ) միանալու որոշումը: «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հ/ը-ների եթերում նա խիստ ուշագրավ մտքեր է արտահայտել:

Օսկանյանի գնահատականները, մասնավորապես, հետեւյալն են, որ պետք չէր վազել Ռուսաստանի հետեւից, ՀՀ իշխանությունները չպատճառաբանված շտապեցին Մաքսային միությանն անդամակցելով, ավելին՝ ՄՄ-ին անդամակցելը չի բխում Հայաստանի շահերից: Իսկ հակադարձումներին, թե՝ չէ՞ որ այս դեպքում Հայաստանը ՌԴ-ից կստանա էժան զենք, գազ՝ նա հիշեցնում է, որ զենք նախկինում ձրի էլ, էժան էլ ստացել ենք, եւ այդ քաղաքականությունը ռուսների հետ կարելի էր հիմա էլ շարունակել:

Օսկանյանի համոզմամբ՝ սխալ է, երբ ասում են, որ եթե ՄՄ-ին չանդամակցեինք, ՌԴ-ի հետ փոխհարաբերությունները կսրվեին, Հայաստանի անվտանգությունը չէր պաշտպանվի: Իսկ եթե այդպիսի իրավիճակ է արդեն հայ-ռուսական հարաբերություններում, ուրեմն ապա Օսկանյանի մատուցմամբ՝ ՌԴ-ի հետ ռազմավարական գործունեությունը սխալ հունով է ընթանում, ու եթե այսպիսի հարաբերությունները «ջարդվելու էին, ավելի լավ էր հիմա ջարդվեին»:

Օսկանյանը հիշեցնում է իշխանավարման իր տարիներն ու վստահեցնում, որ ՌԴ-ն ճնշումներ երբեք չի գործադրել, պատժամիջոցներ կիրառելու քաղաքականություն չի վարել, շանտաժի լեզվով չի խոսել ՀՀ իշխանությունների հետ, հետեւաբար նա նկատում է, որ անգամ ռուսներն են զարմացած այն հապճեպությունից, որով ՀՀ-ն մտնում է Մաքսային միություն…… Օսկանյանը հարց է բարձրացնում՝ Ադրբեջանը, որ չի մտել ՄՄ, ռուսները պատժամիջոցնե՞ր են կիրառել…… «Մենք էլ Ռուսաստանին բազա ենք տվել, սահմաններն ենք տվել, ռազմավարական նշանակության օբյեկտներ ենք տվել՝ էներգետիկան իրենց ձեռքն է»,- ասում է Օսկանյանն ու բացատրում, թե ինչպես պետք է վարվեին իշխանությունները. հարկավոր էր Վլադիմիր Վլադիմիրովիչին ասել, որ ՀՀ-ն եվրոպական շուկայի կարիքը իսկապես ունի, իսկ ահա ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի հետ ազատ տնտեսական հարաբերությունները կարելի էր ամրապնդվել ԱՊՀ-ի շրջանակներում: Իսկ եթե չմիանանք ԵՄ Ասոցացման համաձայնագրին, կկորցնենք ամենազարգացած՝ ԵՄ շուկա մտնելու հնարավորությունը, եւ որքան Հայաստանը, որպես ՌԴ-ի հենարան, ուժեղ լինի՝ որպես ռուսական բազայի տարածք, դա ՌԴ-ին էլ ձեռնտու կլինի: ՀՀ նախկին արտգործնախարարը իր իշխանավարման փորձը հիշեցնելով՝ այնուհետեւ նշում է, որ սխալ ճանապարհով է գնում Հայաստանը. «Ի՞նչ է, հիմա Ռուսաստանը ճանաչե՞ց ԼՂՀ անկախությունը, չեղավ, չէ՞, ու չի լինելու»:

Ամեն ինչ առավել քան ճշգրիտ է: Օսկանյանի հիմնավորումների հետ իսկապես դժվար է չհամաձայնվել: Սակայն նրա անկեղծությանը կարելի էր չկասկածել, եթե մոռանայինք նրա իշխանավարման տասը տարիների արտաքին քաղաքականության «ձեռքբերումները»: «Կոմպլեմենտարիզմի» ճարտարապետ Վարդան Օսկանյանի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարած «բալանսավորված» արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի ռազմավարական օբյեկտները տրվել են Ռուսաստանին՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում՝ 113 մլն դոլար պարտքի դիմաց: Հիշեցնենք՝ Ռուսաստանին տրվեցին մի քանի ձեռնարկություններ՝ Մերգելյան ինստիտուտը, Հրազդանի ՊՇԷԿ-ը՝ առանց հինգերորդ էներգաբլոկի, ապա այն էլ հետագայում վաճառվեց Ռուսաստանին, Մարս գործարանը՝ ընդամենը 113 մլն դոլար պարտքի դիմաց, մինչդեռ այսօր՝ 155 կամ 300 միլիոն դոլարի դիմաց, փաստորեն, «ՀայՌուսգազարդի» վերջին՝ 20 տոկոսը հանձնվեց ռուսական կողմին:

Հիմա, եթե հավատանք Օսկանյանի խոսքին, ՌԴ իշխանությունները երբեք չեն ճնշում, շանտաժի լեզվով չեն խոսում: Շատ ավելի լավ: Այդ դեպքում Քոչարյանն ու Օսկանյանը ՌԴ իշխանություններին բացատրել, որ ռազմավարական օբյեկտները 113 մլն դոլար պարտքի դիմաց ՌԴ-ին հանձնելը, մեղմ ասած, ճիշտ չի: Թե՞ այլ կերպ վարվելու հնարավորություն նրանք չունեին:

Քոչարյանի եւ Օսկանյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի էներգետիկ գրեթե ողջ համակարգն է տրվել Ռուսաստանին: Բացի այդ, Քոչարյանն ու Օսկանյանն այնքան «կոմպլեմենտար» էին, որ Իրան-Հայաստան փոքր տրամագծի գազամուղն էլ հանձնեցին Ռուսաստանին՝ այս դեպքում էլ բացառելով ռուսական մենաշնորհային դիրքի թուլացման որեւէ հնարավորություն: Այսինքն՝ իրանական գազը չի կարող այլընտրանք դառնալ ռուսականին՝ Քոչարյանի ու Օսկանյանի իրականացրած գործարքի արդյունքում:

Մի կողմ թողնենք նույնիսկ հարցը, թե որքանով են զարգացրել ռուսները այն ոլորտներն ու ռազմավարական օբյեկտները, որոնք Քոչարյանի ու Օսկանյանի «բալանսավորված» քաղաքականության արդյունքում հայտնվել են ռուսական կողմի վերահսկողության տակ…… Խնդիրը կողմնորոշման մեջ է: Հայաստանի համար ռազմավարական ոլորտներում ռուսական մենաշնորհային քաղաքականության ամուր ու անսասան հիմքերը դրվել են Օսկանյանի գովերգած «կոմպլեմենտարիզմի» շրջանում: Ու դա, փաստորեն, արվել է առանց ռուսների ճնշումների ու շանտաժի: Ուրեմն Օսկանյանը պետք է բացատրի, թե ի՞նչ են ստացել ՀՀ իշխանությունները իր իշխանավարման ընթացքում ՌԴ-ից՝ այդ գործարքների դիմաց:
Հաջորդը. Վարդան Օսկանյանն այսօր ներկայացնում է ԲՀԿ-ն, որը մինչեւ սեպտեմբերի 3-ը Մաքսային միության բացասական ազդեցության եւ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու առավելությունների մասին որեւէ հայտարարություն չի արել: Ավելին՝ այն, ինչ ասվել է անցած մեկ, մեկուկես տարվա ընթացքում այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մակարդակով, դա հիմք է՝ պնդելու, որ ԲՀԿ-ն կողմնակից է Պուտինի եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնություններին եւ Հայաստանի «պայծառ ապագան» հենց այդ ուղեծրում է պատկերացնում:

Հիմա ԲՀԿ-ի համար արդեն տարօրինա՞կ է, որ Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը…… ԲՀԿ-ն դե՞մ է, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը։ Եվ վերջապես՝ Օսկանյանի տեսակետը դա նաեւ ԲՀԿ-ի պաշտոնակա՞ն տեսակետն է……
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031