Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գծերի ոդիսականը

Դեկտեմբեր 13,2013 13:58

Ինչ այդ չարաբաստիկ կարմիր գծերը հայտնվել են մեր մայթեզրերին ու դրանց հետ կապված սկսել են մարդկանց կլպել՝ ես պարտաճանաչ կերպով կլպվում եմ՝ յուրաքանչյուր ամսվա առաջին օրվա վաղ առավոտյան ողջ ամսվա համար 2000 դրամ վճարելով:
Ես, իհարկե, դեմ չեմ կայանման համար վճարելուն: Դեմ եմ, որ այդ վճարները գնում են ոչ թե քաղաքային բյուջե, այլ կոնկրետ ու հայտնի մարդկանց գրպան: Սա վիրավորական է:
Ամեն անգամ վճարելուց ինձ հույս եմ տալիս, որ մի օր մեր երկրում օրենքի իշխանություն է հաստատվելու եւ այս գրպանահատներից իմ 2000-ական դրամները հետ են գանձվելու եւ ուղղվելու են համայնքային բյուջե:

Ինչեւէ, վճարել եմ նաեւ ողջ հոկտեմբերի համար: Բանկի աշխատակցուհու սխալի հետեւանքով ավտոմեքենայիս պետհամարանիշի մեջ մեկ թվանշանի սխալ էր գրանցվել: Դիմեցի քաղաքապետարան, որտեղից գրավոր ինձ տեղեկացրեցին, որ սխալը շտկված է եւ, որ ես որեւէ խնդիր չեմ ունենալու:

Նոյեմբերի 30-ին՝ շաբաթ ուշ երեկոյան, փոստատարը տուն բերեց մի ծրար: Բացեցի եւ զարմանքով պարզեցի, որ քաղաքապետարանի վարչության պետ Մարտիրոսյանն ինձ տեղեկացնում է, որ ես վարչական իրավախախտում եմ կատարել՝ հոկտեմբերի 3-ին չեմ վճարել ավտոկայանման համար եւ վարչական իրավախախտման համար գործի քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Նաեւ տեղեկացնում էր, որ ես, ցանկության դեպքում, կարող եմ գրավոր պարզաբանումներ ներկայացնել եւ անձամբ չներկայանալ գործի քննությանը:

Որոշեցի ժամանակ չվատնել եւ գործի քննությանը ներկայանալու փոխարեն գրավոր պարզաբանում ներկայացնել քաղաքապետարան: Գրեցի իմ պարզաբանումը, կցեցի իմ կողմից կատարված վճարման անդորրագրի, քաղաքապետարանի գրության կրկնօրինակներն ու դեկտեմբերի 2-ին, երկուշաբթի առավոտյան, մտա քաղաքապետարան: Կարմիր գծերի գծով դիմումներ ընդունող աշխատակցուհին ինձ տեղեկացրեց, որ պարզաբանումս կընդունի, բայց վստահ չէ, որ այն տեղ կհասնի, քանի որ գործի քննությունը հաջորդ օրն է լինելու, իսկ մեկ օրում հազիվ թե իմ գրությունը հասնի ուր պետք է եւ ես, ամենայն հավանականությամբ, կտուգանվեմ: Խորհուրդ տվեց ներկայանալ անձամբ: Թե ինչու է ինձ ընդամենը մեկ օր տրվում գրավոր պարզաբանում ներկայացնելու համար հարցին՝ աղջիկը պատասխան չգտավ:

Այլ ելք չկար, պետք է հաջորդ օրը գնայի նիստի: Եվ գնացի: Կանաչ խալաթներով կանանց մի խումբ Ամանորի կապակցությամբ զարդարում էր նախասրահը: Հանրապետական կուսակցության կրծքանշանով խստադեմ մեկը հետեւում էր նրանց աշխատանքին եւ զայրացած ու մի քիչ էլ նեղացած տոնով ցուցումներ էր տալիս: Ոստիկանը, հսկայական ճիգեր թափելով, իր մոտ եղած ցուցակում վարչական վարույթի քննությանը ներկայացած քաղաքացիների անուններն էր փնտրում ու չէր գտնում: Կողքին կանգնած երկրորդ ոստիկանը, որ երեւի ավելի ճկուն միտք ուներ, առաջարկեց առանց ցուցակին նայելու բոլորին վերեւ թողնել:

Բարձրացանք 7-րդ հարկ: Սենյակից սենյակ դուրս ու ներս անող անխտիր բոլոր աշխատակիցներն էլ Հանրապետական կուսակցության կրծքանշան էին կրում: Սա երեւի պետական հիմնարկներում ճիշտ այնպիսի պարտադիր ատրիբուտ է, ինչպես սովետների տարիների 8, 9, 10- րդ դասարանի կոմսոմոլ աշակերտների մոտ Լենինի գլխով կրծքանշանը:
Դահլիճի դռան մոտ, որտեղ լսվելու էին գործերը, հավաքվել էր տարբեր սեռի, տարիքի ու զբաղմունքի տեր մարդկանց բավական մեծ մի բազմություն: Որոշ քաղաքական գործիչներ, եթե իրենց հանրահավաքներին կարողանան այդքան մարդու ներկայություն ապահովել, հաստատ գլուխ գովելու տեղ կունենան:

Երկու բարեհամբույր ու բարետես աղջիկներ սկսեցին արագ-արագ մեզ ցուցակագրել: Հարցրեցի. «Աղջիկ ջան, քաղաքապետարանի՞ց եք»: «Ոչ,-եղավ պատասխանը,-մենք կազմակերպությունից ենք»: «Կներեք,-չհասկացա ես,-ի՞նչ կազմակերպություն»: Ի պատասխան՝ բարեհամբույր ու բարետես աղջիկը ժպտաց: Հասկացա, կարմիր գծերի կազմակերպությունից է: Բայց անհասկանալի է, թե ի՞նչ են անում նրանք քաղաքապետարանում, ի՞նչ լիազորություններ ու իրավունքներ ունեն: Աղջիկը չգիտեր: Իմ հարցերին ի պատասխան՝ ժպտում ու ուսերն էր թոթվում:

Կես ժամ ուշացումով սկսվեց գործերի լսումը: Ներս մտնողները դուրս էին գալիս շվարած, բողոքելով, որ ներսում բացատրություններ չեն լսում: Հասավ իմ հերթը: Օրս արդեն կորած էր ու վրաս բուդդիստին վայել հանգստություն էր իջել: Ներս մտա, բարեւեցի, նստեցի ու սկսեցի կարդալ գրավոր գրած պարզաբանումս: Հանձնաժողովի նախագահը, ով եւ նախագահ էր, եւ հանձնաժողովի անդամ, եւ ամեն ինչ միասին վերցրած ու կրծքին էլ ուներ Հանրապետական կուսակցության նշան, ընդհատեց ինձ. «Հիմքեր ունե՞ք, որ վճարել եք»: Ներկայացրեցի հիմքերը՝ վճարման անդորրագիրը եւ քաղաքապետարանի գրությունը առ այն, որ պետհամարանիշի հետ կապված թյուրիմացությունը շտկված է: Գլխով հավանության նշան արեց եւ ասաց, որ ես կարող եմ գնալ, որ իմ նկատմամբ հարուցված վարչական վարույթը կկարճվի եւ այդ մասին գրավոր ես կտեղեկացվեմ: Դուրս եկա, հավաքվածներին տեղեկացրեցի հաղթանակիս մասին ու նրանց խանդոտ ու նախանձոտ հայացքների ուղեկցությամբ մտա վերելակ:

Ուրբաթ՝ դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան մտա տուն: Սեղանին ինձ էր սպասում քաղաքապետարանից մի նոր ծրար: Այո, սիրելի ընթերցող, դու ճիշտ ես, ես էլ ճիշտ քեզ պես մտածեցի: Այլ բան, քան վարչական վարույթը կարճելու մասին որոշումն է, այդ ծրարում լինել չէր կարող: Բացեցի ծրարը եւ …Այ քեզ բան… Նոր ծանուցում էր նոր վարչական վարույթ սկսելու մասին, որն արդեն քննարկվելու է դեկտեմբերի 10-ին: Արագ հաշվեցի, առջեւում շաբաթ-կիրակի է, կրկին գրավոր պարզաբանում ներկայացնելու համար ունեմ ընդամենը մեկ աշխատանքային օր: Պարզ է արդեն, որ հատուկ են այս վարչությունում օրերն ընտրում այնպես, որ մարդիկ փոստի միջոցով ոչինչ ներկայացնել չկարողանան: Այլ ելք չունեմ, դեկտեմբերի 10-ին կրկին գնալու եմ, հիմա հաստատ արդեն ամանորյա գույներով վերջնականապես զարդարված քաղաքապետարան, կրկին բարձրանալու եմ 7-րդ հարկ, կրկին հանդիպելու եմ հանրապետական կրծքանշանով աշխատակիցներին, կրկին մտնելու եմ նույն դահլիճ եւ կրկին ինձ ասելու են՝ գնացեք ու սպասեք վարչական վարույթի կարճման որոշմանը եւ կրկին չի բացառվում, որ երկու-երեք օրից իմ նկատմամբ նոր վարչական վարույթ սկսելու մասին ավետող նոր ծրար ստանամ: Եվ, որպեսզի երկրորդ գնալս լինի իրոք վերջինը, որոշեցի երկու նամակ գրել: Մեկը՝ վերնագրված Պարզաբանում-2, ուղղված ինձ անընդհատ ծանուցումներ ուղարկող վարչության պետ Մարտիրոսյանին, իսկ մյուսը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վարչության պետին կոչ էի արել այլեւս իմ հասցեով անհիմն ծանուցումներ չուղարկել, իսկ քաղաքապետին խնդրել էի բացատրել ու հորդորել իր վարչության պետին, որպեսզի անսա իմ խնդրանքին եւ այլեւս ինձ չհիմնավորված ծանուցումներ չուղարկի:

Երկու դիմումները ձեռքս մտա քաղաքապետարանի մեկ պատուհան կոչվող դռնից ներս, որտեղ մի տարեց՝ 70-75 տարեկան, մարդ աթոռին նստած զայրույթից հեւում ու գոռում էր, որ թույլ չի տալու, որ իրեն հեգնեն ու ծաղրեն: Նա վրդովվել էր, որ մեկ պատուհանի աշխատակցուհին թիկունքից իրեն ծաղրել էր: Ինչքան հասցրեցի հասկանալ, աշխատակցուհին ոչ միայն իրոք ծաղրել էր իր պապիկի տարիքի մարդուն, այլեւ չէր էլ զղջում եւ իր արարքը բացատրում էր նրանով, որ պապիկը իրենց աշխատակցուհուն դիտողություն է արել: Մեկ տասնյակի հասնող երիտասարդ աշխատակիցների խումբը շրջապատել էր տարեց մարդուն, իսկ նա անզորությունից հեւում էր: Նրան մի բաժակ ջուր առաջարկող կամ հանգստացնող չկար: Մինչեւ վերջնականապես կհասկանայի, թե ինչ է կատարվում, մինչեւ կվճռեի միջամտել, հուզված մարդը դուրս եկավ այդ մեկ պատուհան կոչվածից: Մտա դիմումների ընդունման բաժին: Դատելով աթոռների քանակից՝ այնտեղ պետք է մի 7-8 աշխատակից լիներ: Բայց սրահը դատարկ էր: Միայն մեկ դիմում ընդունող էր նստած, մյուսները երեւի գտնվում էին տարեց մարդուն շրջապատողների ոհմակում: Տվեցի դիմումներս:

– Ի՞նչ են սրանք, – կոպիտ հարցրեց մեկ պատուհանի միակ աղջիկը եւ ավելացրեց, որ Մարտիրոսյանին հասցեագրված դիմումը պետք է տանեմ եւ մուտք անեմ քաղաքապետարանի մյուս մասնաշենք, քանի որ նա այնտեղ է նստում:
-Մուտքագրեք իմ դիմումներն այստեղ, – պահանջեցի ես:
Անթաքույց դժգոհությամբ ու փնփնթալով սկսեց կարդալ դիմումներս: Նրան մոտեցավ տարեց մի աշխատակցուհի: Սա կարդալը դադարեց ու իմ ներկայությունից բացարձակապես չնեղվելով՝ սկսեց իրենց աշխատողներից մեկի մասին բամբասանք շշնջալ տարեցի ականջին: Այնքան բարձր, որ պատառիկները հասնում էին ականջիս: Ավարտեց ու շարունակեց կարդալը:
– Բայց սրանք նույն հարցի մասին են, – հայտնագործություն արածի պես բացականչեց նա,- միայն մեկն եմ մուտքագրելու: Քաղաքապետինը չեմ մուտքագրելու: Մեկն էլ է բավական:
Փորձեցի բացատրել, որ իմ իրավունքն է գրել այնքան դիմում, ինչքան որ կուզեմ եւ ում որ կուզեմ, բայց մեկ պատուհանում իրեն տիրուհի երեւակայող այս աղջիկն անդրդվելի էր: Պահանջեցի, որ կանչեն մեկ պատուհանի պատասխանատուին: Անարդյունք: Որոշեցի անցնել նրան ու նրա նմաններին հասկանալի լեզվին: Բարձրացրեցի ձայնս, ինձանից առաջ գոռացող տարեց մարդու պես, բայց մի տարբերությամբ՝ նա ինքն էր քիչ մնում ինֆարկտ ստանար, իսկ ես նպատակադրվել էի ինֆարկտի հասցնել մեկ պատուհանում իրեն տիրուհի զգացող այս անտակտին: Վտանգ զգալով՝ սա սկսեց արագ-արագ իմ երկրորդ դիմումն էլ մուտքագրել, հետն էլ մրթմրթալ. «փոխանակ ես բողոքեմ, դու ես բողոքո՞ւմ»: Դուրս եկա քաղաքապետարանից ու որոշեցի, որ այս պատմությունը պետք է գրի առնեմ: Արդեն իմ նկատմամբ հարուցված վարչական վարույթները երկրորդ պլան են մղված: Առաջին պլանում քաղաքապետարանի մեկ պատուհանն է: Ես շատ քիչ եմ առնչվում քաղաքապետարանին: Ավելի ճիշտ, չեմ էլ առնչվել, չհաշված կարմիր գծերի հետ կապված մի քանի դիմումները, որոնք որ նորմալ ընթացք են ստացել եւ բողոք չունեմ: Բայց, եթե սա է քաղաքապետարանի այս մեկ պատուհան կոչվող թյուրիմացությունը, ինչի ականատեսը եղա դեկտեմբերի 9-ի կեսօրին, ուրեմն ինչքան մեղք են այդտեղ հաճախ մտնել ստիպված քաղաքացիները:

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Գնացի վարչական վարույթի նիստին: Կրկին խոստացան կարճել վարույթը: Այս էլ երկրորդ անգամ: Դեռ առաջին կարճման որոշումը չեմ ստացել ու չեմ էլ զարմանա, որ անկախ ամեն ինչից, ինձ տուգանեն: Գլուխը քարը՝ դատարանում կհաղթեմ: Ինձ սա արդեն չի հուզում: Ինձ հուզում է մեկ պատուհանի վիճակը, այդ մեկ պատուհանում զայրույթից դողացող տարեց մարդն է ինձ հուզում, ում օգնել չկարողացա, մեկ պատուհանի աշխատակցի (աշխատակիցների) անտակտությունն է հուզում: Եվ Տարոն Մարգարյանի ուշադրությունը, արդեն մամուլի միջոցով, հենց սրա վրա եմ հրավիրում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031