Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսին ածական անուն կպցնելը ողբերգություն է մեր ազգի համար». քաղաքագետ

Հունվար 08,2014 21:57

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին համացանցում հայտնված ու բուռն քննարկման արժանացած լուսանկարին, որտեղ ամպհովանին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա կնոջ ու կաթողիկոսի գլխավերևում պահել են դերասաններ Տիգրան Ներսիսյանն և Արմեն Էլբակյանը, կարծիք հայտնեց, որ նման աղմուկի պատճառը բացասական վերաբերմունքն է կաթողիկոսի ու նախագահի հանդեպ: Ըստ նրա, հին ժամանակներից ի վեր հայ թագավորները կաթողիկոսի հետ միասին ամպհովանու տակ վեհարանից մտել են մայր տաճար, սակայն այն բարձրաստիճան պաշտոնյաների գլխավերևում պահել են հոգևորականները:

«Բացարձակ դեմ եմ կաթողիկոսին կամ որևիցե հոգևորականի ածական անունը կպցնելուն, դա ողբերգություն է մեր ազգի համար, մեր առաքելական եկեղեցին միշտ եղել է պետականակենտրոն, որովհետև երբ մենք պետություն չենք ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսը եղել է մեր ամեն ինչը…Հիմա ինձ համար ցավ է, որ եկեղեցական դասի մեջ մտնող բավական բարձր պաշտոնյաների ցոփ, շվայտ, անպատկառ պահվածքի հետևանքով շատ մեծ սեպ է խրվում հասարակության և եկեղեցու միջև: Էստեղ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, մեր եկեղեցին մի տեսակ պասիվ է, պահանջատիրական կեցվածք ունի, որն աննորմալ երևույթ է: Եկեղեցին չի կարող պասիվ լինել և թույլ տալ, որ այս քանակությամբ աղանդավորական շարժումներ լցվեն Հայաստանում և իրենց շատ ազատ զգան, եկեղեցին չի կարող պահանջատեր լինել, որովհետև ինքը պետք է ամեն ինչ անի, որ ժողովուրդը իր կողմը նայի:

Հունաստանում հիմա սարսափելի վատ սոցիալ-տնտեսական վիճակ է, և ո՞վ է կոորդինացնում սովյալներին կերակրելը, Հունական Ուղղափառ եկեղեցին: Ես մի քանի օր առաջ եմ իմացել, որ Հայ Առաքելական Եկեղեցին 4-5 ճաշարան ունի, բա ամոթ չէ՞, Գյումրիի նման կիսասոված քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցին ամենաքիչը մի 10 հատ ճաշարան պետք է բացեր: Ընկնում են հովանավոր են ման գալիս, ի՞նչ հովանավոր, բա մեր եկեղեցու գումարները ո՞ւր են գնում: Մենք ահռելի սեփականություններ ունենք սուրբ վայրերում`Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, մենք ահռելի սեփականություններ ունենք Ամերիկայի արևելյան ու արևմտյան ափերում, մենք ահռելի սեփականություն ունենք Ռուսաստանում: Հասկացանք մեծ եկեղեցիներ կառուցելու համար հովանավորների կարիք կա, թեև եթե ճիշտն եք ուզում իմանալ էդ կարիքն էլ չկա, բայց սոված ժողովրդին թողնել ու հետո էդ ժողովրդին քննադատել, թե մասսայաբար 50-ակա՞ն են դառնում, Եհովայի վկաներ կամ էլ սատանի՞ս են դառնում…Սոված ժողովրդից չի կարելի ավելին պահանջել, եթե եկեղեցականը իր վրա ադամանդներ է դնում մի քանի կարատանոց, ռուբիններով ոսկեզօծ, շքեղաշուք մեքենաներով գալիս է, դա ինչի՞ մասին է խոսում, ուրեմն եկեղեցին ի վիճակի է, չէ ՞», -ասում է մեր զրուցակիցը:

Ըստ քաղաքագետի, աբսուրդ է, որ մինչև հիմա չգիտենք եկեղեցու բյուջեն ինչքան է կազմում: «Եթե մենք իմանում ենք, պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգությունը կամ ոստիկանությունը ինչքան գումար են ստանում, իսկ ինչո՞ւ մենք չպետք իմանանք այդ ոլորտը ինչքա՞ն գումար է աշխատում և ինչքա՞ն է ծախսում և ո՞ւր է գնում էդ ծախսածը:

Ամենավերջին վիրավորանքներն են հնչեցնում հոգևորականների մասին, բայց Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը բացարձակ չի արձագանքում, դա ի՞նչ է նշանակում, լռությունը համաձայնության նշա՞ն է…Եթե մտածում են, որ չպիտի արձագանքեն ամեն վայրահաչոցի, դա սխալ տարբերակ է: Իհարկե, ամեն զրպարտանքի չարժե անդրադառնալ, բայց մարդիկ փաստեր են ներկայացնում, պնդում են, որ այս եկեղեցականը մասնակցում է այս մեքենայություններին, այս եկեղեցականը այսպիսի վարք է դրսևորում: Հայ Առաքելական Եկեղեցուն չի բերում պատիվ նաև Սփյուռքում տեղի ունեցող խժդժությունները թեմերի առաջնորդ նստելու համար, օրինակ` Ֆրանսիայում, ամոթ է էլի: Եվ սա է պատճառը, որ լուսանկարը այդպիսի մեծ արձագանք գտավ հասարակության մեջ»,- ասում է Գագիկ Համբարյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mushegh says:

    հայ առաքելական եկեղեցու ակտիվները և հաշվապահությունը երբեք աուդիտ չի անցել և միշտ գաղտնի է պահվել և նման հարց առաջ քաշողներին միանգամից աղանդավոր են կարգել, էլ ով ա հիմար որ նման եկեղեցուն վստահի, պատմությունը թողեք պատմությանը՝ թե եկեղեցին ինչ դեր է ունեցել պետականւթյան կորստի ու հետագա դարերում, այնտեղ շաաատ հակասական պատմական տվյալներ կան ու ամեն ինչ միանշանակ չէ… իսկ այսօր եկեղեցին հոգևր ու հասարակությանը հուզող արդարության պակասի մասին խոհրելու փոխարեն լրիվ այլ նպատակներ է հետապնդում, իսկ այդ վակումը լցնում են այլք…

  2. Maxim says:

    Քաղաքագետը ամեն ինչ ճիշտ է մեկնաբանում, սակայն ժողովրդի կողմից ածական անուն կպցնելն էլ
    հենց նրա նշած անպարկեշտ հոգեվորականների աղետալի բարոյական վարաքի հետևանքն է։
    Մի՞ թե մեր երկիրը այդպիսի ապաշնորհ, ագահ ու թալանչի ղեկավարներ կունենար, եթե նրանք երբեմն ենթարկվեին բարձրաստիճան հոգեվորականների քննադատությանը, ինչպես՝ օրինակ հարևան Վրաստանում, որտեղ ժողովուրդը համոզված է, որ իրոք ժողովուրդը ունի հոգևոր հայր։
    Հենց մեր երկրի ծայրահեղ թե ծայրաստիճան սրբազանի օրհնանքով է Բաղրամյան 26 -ում աղավաղվել, դեգրադացվել ազգի բարոյական նորմերը, որի արդյունքը բալորիս պարզ է։
    Այնպես որ այստեղ ամեն ինչ դաժան՝ բայց և օրինաչափ իրականություն է։

  3. Մամիկոն says:

    Գագիկ ջան, ամոթը ոչ թե երկու կամ երեք հատ ճաշարան ունենալն է, այլ ընդհանրապես աղքատ բնակչություն ունենալը, ճաշարաններ բացելու փոխարեն, ավելի լավ է , որ եկեղեցին միջամտեր կառավարության այն որոշումների դեմ, որոնք հարկային, բանկ-վարկային քաղաքականությամբ անհնարին են դարձնում բիզնեսի կազմակերպումն ու դրա հետագա զարգացումը՝ խեսղդելով այն օրօրոցում:
    Ի դեպ, ոչ թե նկարն է աղմուկ բարձրացրել, այլ բուն երևույթը: Ավետարանում Հիսուսն ասում է, որ «Մարդու որդին եկավ և գլուխը դնելու համար տեղ չուներ» և ի դեպ, նա ապրեց համեստ կյանքով, իսկ եկեղեցի կառույցը և հոգևորական դասը, այսօր պարզապես ֆեօդալի կամ օլիգարխի կյանքով է ապրում, չէ, ավելի շուտ օլիգարխ է: Կարծում եմ, որ ժողովրդավարական երկրում, վասալի ստատուսը անպատվություն է յուրաքանչյուր մարդու համար, նամանավանդ արվեստի ներկայացուցիչների համար: Մնացածի հետ լիովին համաձայն եմ, դիպուկ է և տեղին ասված:

Պատասխանել Maxim

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031