Լրահոս
Օրվա լրահոսը

Պոեզիան Սուսաննա Սաֆարյանի՝ երգերում

Փետրվար 01,2014 14:34

Ասում են՝ մեղեդին անմիջապես մեր սիրտն է թափանցում, ապա հասնում ուղեղին, դառնում ավելի ընկալելի: Իսկ ի՞նչ է կատարվում մարդու հետ, երբ մեղեդին ու խոսքը միանգամից գրավում են ե՛ւ սիրտը, ե՛ւ ուղեղը, քեզ տանելով երգի մեջ ապրող բանաստեղծի ներաշխարհը, նրա տառապանքը դարձնելով քոնը, նրա խինդը հաղորդելով իբրեւ թրթիռ, իբրեւ անուրջ, իբրեւ ոգի… Սուսաննա Սաֆարյան արտիստը հենց այդ երգն է, այդ թրթիռը…

Մեր երգիչներից քչերին է հաջողվում պոեզիան երգի մեջ գոնե չաղավաղել, չխաթարել նրա հմայքը, հավատարիմ մնալ բառի խորհրդին, հեղինակի (այս դեպքում՝ հանճարեղ Րաֆֆի, Պատկանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց…) ոգուն, նրա էությանը: Սուսաննան հենց այդ սակավահունչ երգն է, որի մեջ պոեզիան որքան ներդաշնակ մեղեդուն, նույնքան գրավիչ, վարպետության ամենահամոզիչ նրբերանգներով «անխնա» տակնուվրա անելով սիրտ, ուղեղ, հոգի, ապրելով եւ ապրեցնելով Շիրազի, Իսահակյանի, Չարենցի ապրած տառապանքի եւ խնդության, խոհի ու փիլիսոփայության, հումորի եւ հայրենասիրության անսահման տիեզերքի մեջ…

Շուրջ չորս տասնամյակ երգի հետ. երգ, որին ճախրանքը չի հոգնեցնում, այն որքան գնում, այնքան հասունանում, հղկվում, դառնում է այն ադամանդը, որը երբեք չի կորցնում փայլը, ավելին՝ հենց այդ փայլով լուսավորում է, ստիպում մոռանալ քո ներսի խավարը: Կա՞ արդյոք ավելի մեծ առաքելություն, քան խավարը ցրելն է:

Մնում է բանաստեղծի տագնապով հարցնել՝ «Արդյոք գալու է մի օր, ժամանակ…», որ հայորդին, այսօր ամենուր հնչած անճաշակ, գռեհիկ կատարումների փոխարեն կարողանա լսել ժողովրդական, թե դասական երգի անպաճույճ, զուլալ մեղեդիներ ու երգեր: Լսել ու հասկանալ, որ ապազգային երգով մենք վտանգում ենք մեր զավակների ապահով կենսադաշտը: Եվ օտարը կշարունակի խուժել ոչ միայն մեր ներաշխարհը, այլեւ մեր տարածքները: Մտածենք ու սթափվենք: Ի պատասխան Րաֆֆու հարցադրման. ժամանակն է, որ պատասխանենք՝ այո՛, եկել է երգով ու պոեզիայով ինքնամաքրման մեր ժամանակը:

Թող անսպառ լինի քո ձայնը, որն անսպառ է, առանց խութերի քո ուղին, որն, ավա՜ղ, խութերով է… Տարածիր երգդ աշխարհին, որ այն գոնե մի քիչ քնքշանա, իմաստնանա: Ապրիր այդպես ապրեցնելով:

«Քնար» երաժշտասերների միություն

Հ.Գ. Շնորհավորում ենք ՀՀ վաստակավոր արտիստուհի Սուսաննա Սաֆարյանին՝ ստեղծագործական գործունեության 40-ամյակի առթիվ, մաղթում անձնական եւ անանձնական երջանկություն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728