Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճը հիշեցնում է 1990-ականների հովհարային անջատումները»

Փետրվար 19,2014 19:03

«Պիտի ներողություն խնդրեմ ու չմեկնաբանեմ նմանատիպ գործիչներին, քանի որ իմ խոսքն ավելի բարձր եմ գնահատում»-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու կոչը, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին հնչեցրած իր Ազգային տարեկան զեկույցում նշել էր. «Հիշում եք՝ մենք բոլորին կոչ արեցինք իջեցնել կուսակցական դրոշները եւ ստեղծել համընդհանուր քաղաքացիական ճակատ՝ ունենալով մեկ միասնական նպատակ. կուսակցապետությանը ստիպել հրաժարվել ազատ ընտրությունները կաթվածահար անելուց: Մենք դարձյալ վերահաստատում ենք, որ դա պայքարի միակ արդյունավետ միջոցն է: Վստահ եմ, որ իրական քաղաքական ուժերը նույնպես շատ շուտով այդ համոզմանը կհանգեն»:

Պարոն Սահակյանը նշեց, որ «Րաֆֆի Հովհաննիսյանի և նմանատիպ գործիչների  պակասը չենք զգում և նրանց գնահատականը տվել ու տալիս է ժողովուրդը, հանրությունը»:

Մեր այն դիտարկմանը, թե ժողովուրդը տվել է իր գնահատականը, փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին ժողովրդի 38 տոկոսն իր քվեն վստահել է Րաֆֆի Հովհաննիսյանին, Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Իմ ասածը գուցե լավ չընկալվեց, պարզաբանեմ: Ժողովրդի մասին ասելով ի նկատի ունեմ, որ 38 տոկոս վստահության քվե ստացած ուժը ընդամենը երկու ամիս էլ չտնօրինեց այդ ռեսուրսը, այնուհետև հայտնվեց ներկուսակցական սկանդալների և խառնաշփոթի մեջ, առանց որևէ պատճառաբանության քաղաքական դաշտից իսպառ անհետացավ: Իսկ հետո վերադառնա ու ինչ-որ խոսք ասի, հազար ներողություն, չեմ ուզում դա մեկնաբանել: Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճը հիշեցնում է 1990-ականների հովհարային անջատումները: Նրա խոսքը մեկնաբանելն արդեն անլրջություն է դառնում: Այնպես չէ, թե գարունը եկավ, մենք նորից սկսեցինք աշխատել»:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նույն հարցի կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց, թե «մենք դա ենք անում, ԱԺ-ում քաղաքական ուժերը միացել են, փորձում ենք նույն կերպ վարվել ԱԺ-ից դուրս գտնվող ուժերի հետ»: Այնուհետև պարոն Խաչատրյանը նշեց, թե ինքը չի պատկերացնում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նկատի ունի միասնական ճակատ ասելով: ՀԱԿ անդամը ամփոփեց. «Մենք ունենք մեր օրակարգն ու խնդիրները, որոնք ձևակերպված են: Ինչքան շատ ուժեր միանան դրան, այնքան ավելի լավ, այնքան արագ, անցավ ու հեշտ կլուծվեն այդ հարցերը: Մենք անցյալ տարի էլ ենք ասել: Պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը խնդիրը հստակ ձևակերպի, որ մենք էլ հասկանանք՝  ինչ ճանապարհ է պատկերացնում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ՀՀԿ-ի գործելաո՞ճը – արտագաղթ,հանքային տեռոր/թալան,հարկային ռեկետ, լիսկա-նեմեց, մաքսային ստրկացում ռուսաստանին :

  2. Maxim says:

    Հարգելի՝ Վարազ։ Եթե այդ ամենը քո աչքով տեսնես, ապա ինքդ քեզ հարց կտաս,՝ -ԱՅՍՈՐ ՄԻ՞ ԹԵ’
    ԹՈՒՐՔՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ Է ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ։

  3. Ալինա says:

    Հհկ- գործելաոճն էլ հիշեցնում է 1937 թ-ի հետապնդումները, հալածանքներն ու տեռորը….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728