Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին. «Ես տեսնում եմ մեր սխալը»

Փետրվար 21,2014 13:57

Այսօր «Զարկերակ» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, Մաքսային միությանը, Ուկրաինայի դեպքերին:

«Արտաքին քաղաքական զարգացումները, մեր հանրապետության հետ կապված, հետեւյալն են՝ մեր կառույցները արդյունավետ ձեւով աշխատում են Մաքսային միության (ՄՄ) համաձայնագրի շրջանակներում մնացած իրավական ակտերի վրա, որոնք ճանապարհային քարտեզում կան: Դրան զուգահեռ՝ ինտենսիվ էր աշխատանքը ԵՄ-ի տարբեր կառույցների հետ: Եվ այն խոսակցությունները, որ շրջանառվում է, թե ՄՄ-ին միանալու դեպքում ԵՄ-ի դռները փակվելու են մեր առջեւ, նման խնդիր չկա, եւ ինչպես ՀՀ նախագահն է ասել, աշխատելու ենք ՄՄ-ի կազմում, համագործակցելու ենք ԵՄ-ի տարբեր կառույցների հետ՝ այսինքն, գործելու է «եւ, եւ»-ի տարբերակը»,- վստահեցրեց Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական դատարանը շուտով որոշում կկայացնի, բայց իրենք՝ այսինքն իշխանություններն ամենեւին էլ մտադիր չեն օրենքի գործունեության ժամկետը փոխել.«Հետդարձի ճանապարհ չենք տեսնում, քանի որ բազմիցս հիմնավորել ենք, թե ինչ նպատակ ենք հետապնդում այս համակարգին անցնելու համար»:

Սուքիաս Ավետիսյանը անդրադառնալով «Դեմ եմ» շարժմանը, կարծիք հայտնեց, որ նրանց, որոշ քաղաքական ուժեր ուզում են օգտագործել իրենց նպատակների համար. «Դրանք այն ուժերն են, որոնք գնում կանգնում են միտինգավորի կողքին, նկարվում, իրենց ցուցադրում են, եւ ուզում ցույց տալ, թե այդ շարժման մասնակիցներ են: Ես ողջունում եմ ցանկացած քաղաքացիական շարժում, որը ավելի կառուցողական է»:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված՝ Սուքիաս Ավետիսյանը նաեւ հավելեց. «Ես տեսնում եմ մեր սխալը: Մոտավորապես տասը տարի քննարկում էինք այդ բարեփոխումները եւ ցավոք չկարողացանք մեխել մեր ազգաբնակչության գիտակցության մեջ. որ դա կարեւոր քայլ է, միտված ապագային: Չպետք է մոռանանք, որ ժողովրդի մոտ մտավախության կա գումարների հետ կապված, քանի որ անկախության առաջին տարաներին մեր ժողովուրդը նման խնդիրներ ունեցել է, հսկայական գումարներ կորցրել, բայց մենք օրենսդրորեն փորձել ենք այդ մտավախությունը կանխել: Չպետք է մոռանալ, որ սա հեռուն գնացող նպատակ է: Ի դեպ, երեք տարի առաջ էլ ԱՊՊԱ –ի հետ կապված էին նույն ուժերը աղմուկ բարձրացնում, սակայն վեց ամիս հետո բոլորը հասկացան, որ դա լուրջ բարեփոխում է ու չեմ կարծում, որ հիմա որեւէ մեկը դժգոհ է: Սրա պարագայում, ԱՊՊԱ-ի պես մեկ-երկու տարում արդյունքը չի երեւա: Ես կարեւորում եմ այն խնդիրը, որ քաղաքացիական նախաձեռնությունները իշխանության դեմ են դնում, մենք պետք է հնարավորինս այդ գումարներն օգտագործենք ՀՀ տնտեսության համար»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Պարոն Ավետիսյան, ո՞ւմ հետ եք 10 տարի քննարկել, ինքներդ ձե՞ր: Կուտակային, ոչ պարտադիր, համակարգին անցումը հայտարարվել էր դեռ այդպես էլ չկայացած սոցիալական քարտերի ներդրման ժամանակ, ու մեկ էլ պարզվում է, որ դա սուտ էր:

    «Դեմ եմ» շարժումը քաղաքացիական է, ոչ մի կուսակցություն ներգրավված չի եղել նրա սկզբնավորման գործում, հերք է շահարկեք այդ թեման և ինչքան հնարավոր է արագ անցեք կառուցողական քննարկման՝ օրենքը ստրպողաբար անցկացնելու փոխարեն: Մի մոռացեք նաև, որ անպատասխան հարցեր կան ձեզ ուղղված, որ մինչև օրս փորձել եք դեմագոգիայով ծածկել-անցնել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728