Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոզիկի եզ» անվանելու համար մանկության ընկերը դանակով հարվածել էր

Փետրվար 26,2014 14:54

Սյունիքի մարզի դատախազը դիմել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբ Մաթևոսյանի անցյալ տարվա դեկտեմբերի 25-ի դատավճիռը` ամբաստանյալ Հակոբ Մաթևոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով և թողնել կրելու նշանակված ազատազրկման ձևով պատիժը :

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 25-ի դռնբաց դատական նիստում քննության էր առել 1998 թվականի հունվարի 23-ին ծնված, Գորիսի պետական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Հ. Մաթևոսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Դատարանը Հակոբ Մաթևոսյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դրել էր ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի ստորաբաժանման վրա։

Դատարանը Հ. Մաթևոսյանի նկատմամբ ընտրված «ծնողի հսկողությանը հանձնելը» խափանման միջոցը թողել էր անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հակոբն այս քրեական գործով կալանքի տակ չի եղել:

Ըստ գործի նյութերի, 2013 թվականի հոկտեմբերի 8-ին ամբաստանյալը Գորիսի «Դիտակետ» կոչվող վայրի հարևանությամբ, կատակի հետ կապված հարցերի պարզաբանման ժամանակ գրպանում եղած դանակով դիտավորությամբ հարվածել էր համաքաղաքացի, 1997 թվականին ծնված Հարութ Խաչատրյանի կրծքավանդակի ձախ կեսին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Հակոբն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել և ցուցմունք էր տվել, որ հարվածել է եղունգ կտրելու գործիքի վրա առկա դանակով՝ նրա մեջքի ձախ մասին: Տեսնելով, որ արյուն է գալիս, օգնել է վիրակապ դնել վերքին, որից հետո վերջինս գնացել է տուն: Դանակը նետել է Վարարակն գետը:

Տուժող Հարութ Խաչատրյանն էլ ասել էր, որ հանդիպել է մանկության ընկերոջը` Հակոբին: Վերջինը խոսակցության ժամանակ կատակով իրեն անվանել է «Ռոզիկի եզ»: Նա հանդիմանել էր նրան, մի անգամ հարվածել և պահանջել այլևս նման ձևով իրեն չանվանել: Ըստ վկաների, բռնել է նրա պարանոցից, գլուխը մտցրել թևի տակ ու հենց այդ ժամանակ էլ Հակոբը հարվածել է մեջքին, որից ուժեղ ցավ է զգացել: Երբ վերջինիս բաց է թողել, ասել է, որ դանակով է հարվածել: Տուժողին հետո տեղափոխել են հիվանդանոց ու վիրահատել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, օրեր առաջ մերժել է Սյունիքի մարզի դատախազի բողոքը եւ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ՝ ուժի մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728