Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարչի համար ամենագրավիչ եւ ստեղծագործ վայրը Հայաստան աշխարհն էր

Մարտ 06,2021 12:30

Այլեւս մեզ հետ չէ տաղանդավոր գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը

Դաժան հիվանդությունն արդեն մի քանի տարի նրան հանգիստ չէր տալիս։ Իսկ Գագիկ Ավետիսյանը պայքարում էր դրա դեմ լուռ ու անտրտունջ՝ վստահ լինելով, որ հաղթելու է, քանի որ բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ ուներ։ Արդեն ստեղծագործական համագործակցության տարբեր ճամփաներ էր բացել ու դրանով անցել նաեւ իր ստեղծագործ ընկերների հետ։

Հայաստանից հասել էր մինչեւ Չինաստանի հարավ՝ Տյանսու նահանգի կենտրոն՝ Նանկին քաղաք, հաստատվել հանրահայտ մանկավարժական համալսարանի գեղարվեստի ուսումնարանի ավագ դասախոսի պաշտոնում՝ միաժամանակ զարգացնելով հայաստանցի եւ չինացի նկարիչների միջեւ կապերը։

Նկարչական համատեղ փառատոներ էր նախաձեռնում ու կազմակերպում ինչպես Հայաստանում, այնպես էլ Չինաստանում։ Դրանց հաջորդում էին ցուցահանդեսները Հայաստանի նկարիչների միությունում, Պեկինի եւ Նանկինի ցուցասրահներում։

Նրա ստեղծած արվեստի կամուրջները ավելի խոր բովանդակություն ու հնչեղություն էին ստանում, քանի որ գնալով աճում էր ոչ միայն փոխադարձ հետաքրքրությունը, այլեւ պրակտիկ համագործակցության անհրաժեշտությունը։ Դեռ ավելին, չինացի բարեկամներն այնքան բարձր գնահատեցին նրա արվեստը, որ Գագիկ Ավետիսյանի աշխատանքների մշտական ցուցահանդես բացեցին Նանկինի մանկավարժական համալսարանում: Այն դարձավ ոչ միայն ցուցասրահ, տաղանդավոր նկարչի արվեստի ներկայացման հնարավորություն, այլեւ ուսումնական կենտրոն։

Այս ամենով հանդերձ Գագիկ Ավետիսյանը առիթը եւ հնարավորությունը բաց չէր թողնում Երեւան գալու, ցուցահանդեսներ կազմակերպելու։ Երբ թագավարակը սկսվեց, նա Հայաստան եկավ եւ Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում, երկրի արտաքին գործերի նախարարի եւ դեսպանների ներկայությամբ, մի քանի հայ նկարիչներով մի մեծածավալ կտավ վրձնեցին թագավարակի չինացի առաջին զոհերի հիշատակին։

Ընդհանրապես Սանկտ Պետերբուրգի արվեստի ակադեմիայում կրթություն ստացած ու երկար տարիներ շարունակ ռուս արվեստագետների հետ մասնագիտական փորձառություն անցած գեղանկարչի համար ամենագրավիչ եւ ստեղծագործ վայրը Հայաստան աշխարհն էր։ Թերեւս հենց դա էլ սկիզբ դարձավ «Հայկական ներկապնակ» ծրագրին, որի գեղարվեստական ղեկավարը Գագիկ Ավետիսյանն էր։ Նրա ակտիվ որոնումների շնորհիվ ինքնատիպ ստեղծագործական հարթակ ձեւավորվեց՝ սկիզբ դնելով ինչպես համահայաստանյան, այնպես էլ միջազգային բացօթյա գեղանկարչության փառատոների։ Ավելի քան 10 տարվա ընթացքում «Հայկական ներկապնակը» հասցրեց լինել Արցախում ու Հայաստանի բոլոր տարածաշրջաններում։ Այդ փառատոներին Գագիկ Ավետիսյանի գլխավորությամբ մասնակցել են ճանաչված արվեստագետներ՝ մեկ տասնյակից ավելի երկրներից, այդ թվում եւ՝ Չինաստանից։ Դեռ ավելին, փառատոնը հյուրընկալվել է Չինաստանում ու Լիտվայում։

Յուրաքանչյուր փառատոնի վերջում կազմակերպվել են ցուցահանդեսներ, տպագրվել պատկերագրքեր։ Օժտված լինելով կազմակերպական ունակություններով՝ միշտ հաղթահարել է դժվարությունները, ձեւավորել ստեղծագործական հետաքրքիր երկխոսություն եւ հանդիպումներ:

Գագիկ Ավետիսյանի գեղանկարչական ասելիքը ինքնատիպ էր, բարձր մակարդակով ու խոր ասելիքով։ Մեծ էր ձգտումը հայրենի բնաշխարհի գեղանկարչական անդրադարձը հասցնել արվեստասերին: Արդեն երկար տարիներ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատի նախասրահը զարդարում է նրա՝ Արցախին նվիրված եռանկարը։ Գագիկ Ավետիսյանը որքան որոնող ու պրպտող էր իր ստեղծագործության մեջ, նույնքան էլ շռայլ իր նվերներում՝ ցանկանալով, որ իր ստեղծագործությունները հանգրվանեն տարբեր թանգարաններում, ցուցասրահներում, հավաքածուներում։ Մեր վերջին հանդիպման ժամանակ Չինաստանում կատարած հրաշալի բնապատկերների իր նկարչական անդրադարձն էր ներկայացնում, որոնցից մեկն էլ՝ «Խուան Շանի լեռներում» («Դեղին լեռներում») բնանկարը մեր կողմից ընտրվեց «Չինական ժամանակակից պատմվածքներ» գրքի շապիկի ձեւավորման համար։

Չնայած առողջական դժվարություններին՝ խոսում էր ապագայի հնարավոր ծրագրերից, մասնավորապես՝ այն ցուցահանդեսից, որը մտադիր էր կազմակերպել Պեկինում ու Նանկինում: Հպարտ էր իր միակ որդու՝ Գրիգորի ուսումնական հաջողություններով, ով սովորում է Շանհայի ճանաչված իրավաբանական համալսարանում։ Մեծ սպասումներ ուներ կնոջ՝ Սաթենիկի տպագրվող «Հիսուս Քրիստոսի կերպարը 20-րդ դարի եւ արդի հայ արվեստում» գրքից, ինքն էլ էր մեծ ջանքեր թափել, որ նկարներն ավելի ամբողջական ներկայացվեն պատկերագրքում։ Իսկ երբ պատկերագիրքը լույս տեսավ, շատ ուրախացավ։ Չնայած հիվանդանոցում էր, բայց ամեն ինչ արեց, որ շնորհանդեսի առթիվ պատկերագրքում ներկայացված հիմնական նկարների ցուցահանդեսը կայանա Հայաստանի նկարիչների միությունում։ Այս դեպքում էլ միշտ անհանգիստ արվեստագետը ցանկացավ, որ կիսատ թողած ավելի քիչ գործեր մնան իրենից հետո։

Առանց Գագիկ Ավետիսյանի, առավել եւս նրա նպատակամետության ու աշխատասիրության, իր մերձավորների եւ ստեղծագործական միջավայրում միշտ պակասելու են համարձակ ու ապագային միտված, հասցեական քայլերը, քանի որ դժվար է լինելու նրա նման հասկանալ ժամանակի սրընթաց հեւքը եւ 21-րդ դարի կերպարվեստի մարտահրավերները։ Ցավոք, այլեւս չեն հնչելու նրա հեռախոսազանգերը հեռավոր Չինաստանից, որոնք, որպես կանոն, միշտ բարի լուրեր էին ավետում արվեստի ասպարեզում հայ եւ չինացի արվեստագետների հաջողությունների մասին։

Հենց այդ տրամադրությամբ ենք հիշելու հոգու անսպառ շռայլություն ունեցող Գագիկ Ավետիսյանին, ով մարդկային փոխհարաբերություններում դրսեւորում էր լավագույնը եւ ազնվագույնը: Իսկ իր չապրած տարիների ընթացքում, վստահ ենք, որ տաղանդավոր նկարչի ստեղծագործական ժառանգությունը էլ ավելի գրավիչ ու հասանելի են դառնալու իսկական արվեստասերի համար։

Սերգո ԵՐԻՑՅԱՆ

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
05.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031