Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ՞ ԲՀԿ-ի հանդեպ

Մարտ 05,2014 14:45

Թե ՞ գայթակղում է Իվանիշվիլիով, բայց միտումնավոր չի հիշատակում Խոդորկովսկուն

«Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց օգտագործելով մարտի մեկը որպես առիթ՝ ՀԱԿ-ին քաղաքական հանգուցյալից վերակենդանացնել: Ու ջանք չխնայեց, որ դրա համար խաղի մեջ գցի նաեւ այլընտրանքի առաջնորդին: Այն, ինչը Տեր-Պետրոսյանին չէր հաջողվել նախագահական ընտրությունների ժամանակ, փորձեց կրկնել երկրորդ անգամ` մոռանալով, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ վերլուծելով մարտի մեկի վեցամյա տարելիցի օրը ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ տարակուսանք հայտնեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ՞ ԲՀԿ-ի հանդեպ: Թե ՞ գայթակղում է Իվանիշվիլիով, բայց միտումնավոր չի հիշատակում Խոդորկովսկուն»:

Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսել էր Հայաստանում խաղաղ իշխանափոխություն իրականացնելու տարբերակի մասին: Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ իշխանափոխությունն, առհասարակ, լինում է ընտրությունների ժամանակ, ու որեւէ մեկը չի ասել, որ Հայաստանում ընտրությունների միջոցով պետք է մշտապես ՀՀԿ-ն կամ մեկ այլ կուսակցություն լինի իշխանության. «Բայց, այնուհանդերձ, ժողովրդի կողմից իշխանափոխություն իրականացնելու կամ իշխանությունների կառավարումը վերարտադրելու ձեւն ընտրություններն են: 2012 թվականին Հայաստանում ընտրություններ տեղի ունեցան, որի արդյունքում այսօր մենք խորհրդարան ունենք: Խորհրդարան, որի մասին Տեր-Պետրոսյանը շատ դրական է արտահայտվում` ասելով, որ 1999 թվականից հետո նման պառլամենտ չենք ունեցել: Այդ պառլամենտում ՀՀԿ-ն ունի 70-ից ավելի պատգամավոր, ԲՀԿ-ն` 37, ՀԱԿ-ը` 7, այն էլ վերապահումներով եւ այլն: Այս իմաստով, եթե իրենք խաղաղ իշխանափոխություն են ուզում, վատ չէ: Ցանկացած ընդդիմության նպատակը պետք է լինի իշխանության գալը, այլապես այդ ընդդիմության գոյությունը նոնսենս է, եւ այն չպետք է քաղաքականությամբ զբաղվի, այլ սպորտով, այն էլ՝ օլիմպիական տարբերակով` կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը: Բայց 2013 թվականի ընտրություններին ՀԱԿ-ը լռում էր, ԲՀԿ-ն` նույնպես: Մինչդեռ նրանք ունեին լավագույն առիթ` իրենց քաղաքական օրակարգը հասարակությանը ներկայացնելու համար: Բայց գերադասեցին լռել: Մենք գիտենք դրա պատճառը` բոլորը տեսան, որ եւ ՀԱԿ-ի, եւ ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ խոսում էին 7-10 տոկոսի մասին»: Ուստի Հայաստանում եթե որեւէ մեկի մտքով իշխանափոխություն է անցնում, Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ «տղաները պետք է սպասեն 2017-18 թվականներին»: Իհարկե, խիստ կասկածելով, որ մինչեւ 2018-ը Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած շատ գործիչներ այլեւս կարող են իրենց արդիականությունը պահպանել:

Կգայթակղվի՞ Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ՝ Էդուարդ Շարմազանովը չգիտի, քանզի շատ հարցեր իր ու հանրության համար անպատասխան են մնացել՝ այն պատճառով, որ ԲՀԿ համագումարից հետո Գագիկ Ծառուկյանի փոխարեն ասուլիսին ներկայացավ Զոհրաբյան-Օսկանյան տանդեմը: Միաժամանակ, մեր զրուցակիցը ավելորդ չի համարում հիշել Ս. Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` «ես ինչպե՞ս կարող եմ ընդդիմություն լինել»:
Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաեւ նշել էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն անշրջելի է: «Փաստորեն, Տեր-Պետրոսյանն ընդունեց, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքական որոշումը միակ ճիշտ որոշումն էր, ուստի ՀԱԿ պատգամավորների քննադատությունը ՀՀ արտաքին քաղաքականության մասով դառնում է զրո»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alina says:

    Է. Շարմազանովը նոյնիսկ Խ. Աբովյանի անվ. մանկավարժականում սպասված ու պահանջարկված չէ’….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31