Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Գուցե ինձ մատնացույց անեք Հայաստանում որեւիցե մի օլիգարխի, մեծահարուստի, ով գոնե իր ձեռքը գրպանն է տանում»

Մարտ 07,2014 14:54

Ի՞նչ նմանություններ կան Գագիկ Ծառուկյանի եւ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ. ի վերջո, Իվանիշվիլիի կենսագրությունը 33 տարեկանից չի սկսվել, նա բռնաբարության մեջ չի մեղադրվում, չի գողացել իր երկրից ու ժողովրդից եւ, ընդհանրապես, չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունը հնարավո՞ր է`այսօր «Ֆորում» մամուլի ակումբում այս հարցը լրագրողներից մեկն ուղղեց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանին եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանին:

«Դիմագծային նմանություններն այստեղ անընդունելի են: Եվ որեւէ մեկս մանրամասն չենք ուսումնասիրել Իվանիշվիլիի մանկությունից սկսած մինչեւ մեր ապրած օրերը եւ չգիտենք`որտե՞ղ է նա թալանել, որտեղ`չի թալանել: Առավել եւս, անմեղության կանխավարկածի համաձայն, որեւէ մեկս չգիտի այդ բռնաբարությունն իրականում տեղի է ունեցել, թե`ոչ: Դրա համար գոյություն ունեն տարբեր աղբյուրներ, որոնք կարող են բացահայտել իրական կերպարը`փաստերով խոսելով հասարակության հետ»,- ասաց Զոյա Թադեւոսյանը: Վարդան Բոստանջյանն էլ վրա բերեց.«Առավել եւս, ոչ մեկս ներկա չենք եղել բռնաբարության պրոցեսին»:

Տիկին Թադեւոսյանը շարունակեց, որ ինքը չի հիշում որեւէ փաստ թալանի մասին. «Եթե Ծառուկյանը թալանել է, ապա, խնդրեմ, ունեն նրանց հակառակորդներն այդ թալանի աղբյուրները, փաստերը մեր առջեւ դնելու հնարավորություն: Ես հետաքրքրվել եմ`ի՞նչ է թալանել, ինչպես է թալանել: Ինձ որեւէ մեկն այդպիսի փաստ չի ներկայացրել: Բայց, այն, որ Գագիկ Ծառուկյանը լայնամասշտաբ մարդասիրական գործունեություն է իրականացնում, կարծես թե դրա մասին բոլորն ուզում են լռել: Իսկ գուցե ինձ մատնացույց անեք Հայաստանում որեւիցե մի օլիգարխի, մեծահարուստի, ով գոնե իր ձեռքը գրպանն է տանում, մի ուսանողի տասը դրամ է տալիս, որպեսզի այդ տասը դրամը ուսանողն իր կարիքների վրա ծախսի: Ես միայն ուսանող եմ ասում`մոռանալով գյուղացիների, տարեցների մասին, ճանապարհների վերանորոգման: Այդ հարցերին ինչո՞ւ մենք չեն անդրադառնում: Ինչո՞ւ մենք սովոր ենք տեսնելու, խոսելու միայն սեւի մասին: Փնովելու, վարկաբեկելու մարդուն, եթե նա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սայթաքել է»:

Գագիկ Ծառուկյանին քննադատողներին, տիկին Թադեւոսյանը աստվածաշնչյան պատվիրանն է հիշեցնում`եթե կյանքում որեւէ մեղք չեք գործել`առաջին քարը նետեք: «Սխալվում են բոլորը, բայց ամենակարեւորը`սխալը հասկանալ եւ սխալ ճանապարհից ետ դառնալն է: Ի՞նչ եք ուզում, ի՞նչ անենք: Եթե մարդը սխալվել է`դատապարտենք նրան եւ ասենք`դու այլեւս ճիշտ գործ անելու իրավունք չունե՞ս, չե՞ս ամաչում, ուզում ես լավ գործ անես, շարունակիր քո սխալը`սրիկա…»,- Գագիկ Ծառուկյանին ոգեւորությամբ շարունակեց արդարացնել Զոյա Թադեւոսյանը:

Aravot. am-ը հիշեցրեց, որ 2008-ի հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանն օլիգարխներից այն եզակին է, ով իր կարողությունը թալանով չի դիզել, այլ իր քրտինքով է վաստակել`շաքարավազի պարկերը անձամբ տեղափոխելով: Հիշեցրեցինք նաեւ, որ Ալեքսանյանն էլ է ուսանողներին գումար բաժանում, դպրոցներ վերանորոգում, տարատեսակ օգնություններ տալիս եւ այլն, Տիկին Թադեւոսյանն էլ այս ամենին վրա բերեց`«քանդում է «Փակ» շուկան, խլում է ուրիշների… փաստեր բերեք, փաստերով ասեմ»: Արդեն Aravot.am-ի հարցին`եթե Սամվել Ալեքսանյանն էլ մեղայականով ներկայանա, նրան եւս կներվե՞ն իր մեղքերը, լրագրողներից մեկը հավելեց, որ օրերս Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ էր մեղայականով հանդես եկել, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Եթե մարդու ձեռքերն արյունոտ չեն, մարդ չի սպանել, կյանքեր չի խլել…ես չեմ ասում միանգամից կարող ենք ներել, բայց մեղայականով արդեն քանի տարի է քաղաքական դաշտում ներկայացել է Ծառուկյանը. Տասնյակ տարիներ մենք անընդհատ մերժում ենք, հիմա`եկել է ընդունելու ժամանակը: Ինչո՞ւ ոչ»:

Տիկին Թադեւոսյանը նաեւ հավելեց, որ Ծառուկյանի եւ Իվանիշվիլիի միջեւ Տեր-Պետրոսյանը նմանություն է տեսնում միայն նրանց ունեցած ֆինանսական կարողությամբ. «Իվանիշվիլին եկավ, որպես մեծահարուստ քաղաքացի, որը քաղաքական գործիչ այդպես էլ չդարձավ, նա հեռացավ քաղաքականությունից`օգտագործելով արմատական բարեփոխումների համար իր ֆինանսները: Նույնը պահանջվում է Գագիկ Ծառուկյանից»:

Կգնա՞ Գագիկ Ծառուկյանը զոհողությունների, Զոյա Թադեւոսյանը չի բացառում`նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարիներ առաջ մարդիկ չէին հավատում, որ նա կոալիցիա չի մտնի:

Aravot.am-ը հիշեցրեց փաստահավաք խմբի ներկայացրած մարտիմեկյան իրադարձություններին վերաբերվող այն փաստաթղթի մասին, որտեղ խոսվում էր, թե ո՞ր օլիգարխի, քանի՞ թիկնապահի էր համազգեստ, զենքեր տրամադրվել եւ հետաքրքրվեց`Գագիկ Ծառուկյանի ձեռքերի վրա արյուն կա՞, թե`ոչ: «Այդ փաստը ներկայացվեց փաստահավաք խմբի կողմից, որը կարող էր հաստատել կամ հերքել ԱԱԾ-ն կամ իշխանությունները: Թող հաստատեն կամ հերքեն»:

Այս երկխոսությանը ուշի-ուշով հետեւելով, մյուս բանախոսը` Վարդան Բոստանջյանը սկսեց մեղադրական տոնով հակադարձել. «Ասում եք`մեղայականով ներկայանան…աշխատում են մարդիկ 24 ժամ, դուք նրանց չեք սիրում, սիրում եք կոռուպցիոներներին, չաշխատողներին, քանի որ նրանք հետեւում են, որպեսզի դուք աշխատեք»: Նա ասաց, որ իր այդ դիտարկումները հռետորական են եւ կոչ արեց. «Արեք իսկապես սիրենք մեր երկիրը: Ի՞նչ նմանություններ եք փնտրում, ի՞նչ մեղայականներ եք բացահայտում…արեք սիրենք մեր երկիրը, չառաջնորդվենք կողմնապահություններով: Աշխատող մարդկանց օտարել, վտարել չի կարելի, նրանց այնպիսի տեղ պետք է տեղադրել, որպեսզի կարողանան օգտակար լինեն մեր երկրի զարգացմանը: Ինչո՞ւ կառավարման համակարգի մասին հարցեր չեք բարձրացնում: ՀՀ-ում, որպես կանոն, նախարարները երկու բառ արտասանել չեն կարողանում: Ոչ թե գրագետ չեն, այլ վախենում են: Դրա մասին խոսեք»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`իսկ ի՞նչ տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: «Տեր-Պետրոսյանի ձեռքերն արյունոտ չեն, Տեր-Պետրոսյանը տաղանդաշատ գիտնական է, հայտնի քաղաքական գործիչ, մեծ մարդ, արժանապատվություն ունեցող նախագահ է, ում ասացին հրաժարական տուր եւ նա տվեց այդ հրաժարականը»,-ասաց Զոյա Թադեւոսյանը:

Հարցին`Դուք ընդդիմադի՞ր եք, Ձեզ չի՞ վիրավորում ԲՀԿ-ի այլընտրանք կեցվածքը, Վարդան Բոստանջյանն ասաց. «Ես մարդասեր եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Առաջին թալանը,քցելը սկսել է աբովյանի գարեջրի գերծարանի ակցիոներ հանդիսացող կոլեկտիվից:նայեք 90-ական քվականների ,,Գոլոս Արմենիի,,թերթի բազմաթիվ հոդվածնեեր,որոնք հենց Ձեր գոված ,,բարերարի,,թալանին են վերաբերում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31