Մարտի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը ստորագրեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիրը:
Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը:
Համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից`
- Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու,
 - Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում,
 - Հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում,
 - Ծրագրի իրականացմանն աջակցություն և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում:
 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

















































                        
                                
                                
                                
                                