Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխիայի կառավարությունն» ու «անօրակարգ քառյակը»

Ապրիլ 25,2014 17:59

Սերժ Սարգսյանի խոսուն հայտարարությունների արխիվն ավելացավ

«Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու»,- վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո Կենտրոնական բանկում հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Stepan SafaryanՏիգրան Սարգսյանի` առանց «ինֆորմացիոն առիթի» պաշտոնանկությանը հետեւած Սերժ Սարգսյանի սույն հայտարարությունները բավականին ինտրիգ մտցրեցին առաջիկա զարգացումների համատեքստում: Որոշ գործիչներ, ենթադրաբար, նաեւ անքուն գիշերներ ունեցան: Սակայն նոր կառավարության կազմի առաջին իսկ նշանակումները վկայեցին, որ իր պաշտոնավարության տարիներին Սերժ Սարգսյանի արած խոսուն հայտարարությունների հարուստ արխիվը, թերեւս, համալրվեց եւս մեկով:

Հին դեմքերով նոր կառավարությունից հավանական սպասելիքների շուրջ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ես այդ կառավարությանն անվանել եմ եւ անվանելու եմ օլիգարխիայի կառավարություն, որովհետեւ այն բացառապես ներկայացնում է երկրում ֆինանսական եւ քաղաքական միացյալ կարողություններ ունեցող անձանց»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ այդ քայլով Սերժ Սարգսյանը փորձում է այդ մարդկանց ունեցվածքը բերել տնտեսություն՝ որպես ներդրում. «Բայց կարծում եմ, որ դա տեղի չի ունենալու, եւ այս կառավարությունից մեծ փոփոխություններ սպասել պետք չէ: Ես ավելի քան վստահ եմ, որ այն անցումային կառավարություն է»:

Manvel_Sargsyan_05Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ առանձնապես տպավորված չէ հին դեմքերով նոր կառավարության առաջին նշանակումներով. «Միայն Դավիթ Հարությունյանն է կարծես թե բավականին հաճելի նշանակում կառավարությունում: Բնական է, որ դա մտածված քայլ է, եւ որոշել են, որ ինքն այդ գործը կարող է անել: Նաեւ տրամաբանություն է երեւում. նոր վարչապետի մակարդակի հետ կապված, բնական է, կողքին պետք է գրագետ մարդ լիներ»:

Ընդհանրապես, մեր զրուցակիցն ի սկզբանե էլ այն սպասելիքը չի ունեցել, որ ինչ-որ բան պետք է փոխվի. «Խնդիրն այն չէր, որ կառավարությունը վատ էր աշխատում, դրա համար էլ վարչապետ է փոխվել: Ուրիշ խնդիրներ կան, որոնց մասին չի խոսվել: Ամեն մեկն էլ տարբեր ձեւով է մեկնաբանում: Բայց չեմ կարծում, որ խնդիրը եղել է այն, որ կառավարությունը կադրային զարգացում պիտի ապրեր: Այդպիսի բան չկա: Հակառակը՝ խոսվում է այն մասին, որ ինչ-որ խոշորացում է գնալու, արհեստականորեն միացվելու են ինչ-որ նախարարություններ. եթե դա էլ լինի` կնշանակի, որ ինչ-որ կենտրոնացում է գնում հենց կառավարության ստրուկտուրայի մեջ, որը չգիտեմ՝ ինչ է նշանակում եւ նպատակը որն է»:

Որոշ վերլուծություններում արդեն աշնանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կանխատեսվում: Ստեփան Սաֆարյանը, սակայն, դա պայմանավորում է ոչ թե ներքաղաքական այլ արտաքին քաղաքական զարգացումներով: «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը շատ դրամատիկ ընթացք է ստանում: Ըստ էության, ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների մնացած 30 տոկոսի իրականացումը վտանգավոր է դառնում Հայաստանի համար, քանի որ ուղղակիորեն կարող է բերել տնտեսական համակարգի կոլապսի: Մյուս կողմից էլ՝ ՌԴ-ն կարծես թե ինքն է Հայաստանին քարշ տալիս դեպի ապագա Եվրասիական միություն: Ճանապարհային քարտեզի միջոցառումների վերջին 30 տոկոսի իրականացման շրջանում, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց` կարեւոր փուլում, Հայաստանում ուղղակի ֆորս-մաժոր ստեղծվեց: Չեմ բացառում, որ նույնպիսի ֆորս-մաժոր ստեղծվի նաեւ աշնանը, երբ կրկին վեր հառնի այդ խնդիրը: Այդ ճանապարհային քարտեզով Հայաստանի համար առաջ գնալը վտանգավոր է, իսկ ռիսկերի փոխհատուցման մասով ՌԴ-ն կամ ՄՄ-ն որեւէ հատկացում չեն էլ պատրաստվում անել: Հետեւաբար, կարծում եմ, ժամանակ շահելու եւ թայմ-աուտ վերցնելու համար բացառել չի կարելի նաեւ խորհրդարանի արձակումը»:

Մանվել Սարգսյանը համամիտ է Ստեփան Սաֆարյանի հետ այն առումով, որ «ինչ-որ լրիվ ուրիշ նպատակներով պետք է ինչ-որ փոփոխություններ անել` այլ հարց»: Ի հեճուկս ընդդիմադիր քառյակից հնչող այն տեսակետների էլ, որ ներիշխանական ճգնաժամ է հասունանում, մեր զրուցակիցն ասաց. «Կառավարության հրաժարականում էլ ճգնաժամ չկար: Ինչ-որ ներիշխանական որոշումներ էին, այդ որոշումները կարող էին նաեւ չլինել: ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն ունի: Ի՞նչ խնդիր կա, որ խորհրդարանը չկարողանա աշխատել, որ կառավարության հետ հակադրվի: Եթե արտահերթ ընտրություններ լինեն էլ` դրանք բացարձակապես ճգնաժամի հետ կապված չեն լինի, այլ հարթություն է»:

Հարցին` ՀՀԿ-ի միակ կոալիցիոն գործընկերոջ` ՕԵԿ-ի «դավաճանությունը» որոշիչ հանգամանք չէ՞, մեր զրուցակիցն ասաց, որ դա բնավ դերակատարություն չունի, քանի որ ի տարբերություն այլ տարիների, երբ իշխող ուժին օդի ու ջրի նման անհրաժեշտ էին կոալիցիաները` մեծամասնություն ապահովելու համար, այժմ ՀՀԿ-ն պառլամենտում ունի բացարձակ մեծամասնություն եւ որեւէ կոալիցիայի կարիք չունի: «Հիմա նման բաներ չկան: Ու երբ մարդկանց հրավիրում էին կոալիցիա` դա լավություն անելու խնդիր էր: Բայց հիմա դա էլ ոչ ոքի չի հետաքրքրում: Ո՞ւմ է պետք»: Խորհրդարանական քառյակի գործունեությանն անդրադառնալով էլ՝ քաղաքագետը նկատեց, որ քառյակը միավորվել էր կառավարությունը փոխելու խնդրի շուրջ, բայց անգամ պարզ չէր, թե դրա քաղաքական նպատակները որոնք էին. «Հիմա կառավարությունը փոխվել է: Ի՞նչ օրակարգ ունի քառյակը: Ոչ մի: Ֆորմալ առումով անունը պահպանվել է, բայց մինչեւ նոր օրակարգ չստեղծվի` չենք կարող խոսել միասնական գործունեության մասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930