Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Շեկոյի սպանության մասին (Տեսանյութ)

Մայիս 14,2014 21:43

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լսեց անցած տարվա ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում Շեկոյի` Արտյոմ Կարապետյանի սպանության մեջ ամբաստանվող Վահե Ղուկասյանին, որը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին` քավոր Հարութին, Վարդանանց հրապարակից հետապնդելու ու Գյումրու Շիրակացի փողոցում ապօրինի կերպով ձեռք բերած զենքից, շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու մեջ:

Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը առնվազն 3 անգամ կրակել է քավոր Հարութի վրա Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, սակայն չի կարողացել մինչև վերջ իրագործել իր նպատակը: Արդյունքում հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր ԱԺ պատգամավորի նույն հորեղբոր թիկնապահը` Շեկոն:

Այսօր ամբաստանյալը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ` առաջարկելով ընթերցել իր նախաքննական ցուցմունքը: Սակայն նախաքննական ցուցմունքի ընթերցումից անմիջապես հետո Վահե Ղուկասյանը բարձրացավ տեղից ու ցուցմունք տվեց դատարանին:

Նախաքննական մարմնին տված ցուցմունքում Վահե Ղուկասյանը նշում է, որ իր, քավոր Հարութի կամ Շեկոյի միջև անգամ ծանոթություն չի եղել, ուր մնաց ինչ-որ հարցեր: Նա նաև հայտնում է, որ Գյումրու Շիրակացի փողոցում կրակոցներ են հնչել մեքենաների ազդանշանների պատճառով: Ըստ նրա, իր կրտսեր հորեղբոր` Արթուրի մահից հետո նրա «Կալաշնիկով» տեսակի ատրճանակն ու փոքր հրացանը բոլորից թաքուն բերել ու պահում էր իրենց տանը: Դեպքի օրը վերցրել է դրանք, դրել իր սպիտակ «Լադա» մակնիշի մեքենայի մեջ, որպեսզի տանի Վարդբաղ թաղամաս`ամառանոց ու մոտակա դաշտերում թաքուն պահի: Եվ երբ այս նպատակի համար Ալեք Մանուկյան պողոտայից երթևեկել է դեպի Շիրակացի փողոց, հանդիպել է «Մերսեդես» մակնիշի սև գույնի մեքենայի, որին ձայնային ազդանշան է տվել, որպեսզի չխփեն իրար: «Մերսեդես»-ի վարորդն էլ իր հերթին ազդանշան է տվել իրեն, այնուհետ մեքենայի միջից դուրս է եկել Շեկո մականունով տղան, բարձրացրել է վերնազգեստը, և Վահեն նկատել է, որ Շեկոն զինված է, գոտկատեղին ատրճանակ կա: Շեկոն իրեն դուրս է կանչել, և երբ ինքը ցանկացել է իջնել մեքենայից, տեսել է, որ Շեկոն ձեռքն է վերցրել գոտկատեղից կախված ատրճանակը: Ըստ Վահե Ղուկասյանի, մինչ ինքը կվերցներ իր կողքին դրված ինքնաձիգը, կրակոցի ձայն է լսել, շրջվել ու զգացել է, որ վիրավորվել է:

Ամբաստանյալի ասելով, ինքնապաշտպանության նպատակով Շեկոյի ուղղությամբ սկսել է կրակել 4-5 անգամ` հատ-հատ: Եվ քանի որ այդ պահին փողոցով մեքենաներ ու մարդիկ էին անցել, սկսվել է խուճապ: Շեկոն մեկ անգամ ևս կրակել է իր ուղղությամբ, ու ինքը այլևս չի տեսել, թե նա ինչ գործողություններ է կատարել: Այնուհետ Վահե Ղուկասյանը իր մեքենայով փախել է Սև ղուլ` մոտակայքի դաշտերը, մի քանի ժամ մնացել է դրսում, և երբ եկել է տուն, ոստիկանները իրեն տարել են: Այնուհետ ինքը հեռուստատեսությունից է լսել, թե Շեկոն հիվանդանոցում է, մահացել է:

Վահե Ղուկասյանի պնդմամբ, ինքը Շեկոյից բացի, այլ անձի «Մերսեդես» մակնիշի սև մեքենայի մեջ չի տեսել: Նախաքննական մարմնի այն հարցին, թե ինչպե՞ս կբացատրի այն տեղեկությունները, թե նախահարձակ է եղել քավոր Հարութի տան մոտ նրա վրա, ամբաստանյալը նախաքննական մարմնին պատասխանել է, թե դա բացարձակ սուտ տեղեկություն է, ինքը Շեկոյի կողքին այլ անձի ոչ տեսել է, ոչ էլ նրա ուղղությամբ կրակել է: Այն հարցին էլ` եթե Շեկոյի կամ քավոր Հարութի հետ հարցեր չուներ, ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը , որ օրը ցերեկով զենք էր տանում պահելու, իրեն ճանապարհին հանդիպել է զինված այլ անձ ու փոխհրաձգություն է սկսվել, Վահեն մեկ անգամ ևս պնդել է, որ կոնֆլիկտի պատճառը «սիգնալ» տալն էր, ինքը չի ճանաչում այս մարդկանց:

Այնուհետ Վահե Ղուկասյանի նախաքննական մարմնին տված իր լրացուցիչ ցուցմունքում պատմում է, որ դեպքի օրը խանութ է տարել իր մորը, փորձել է տեսնել ընկերուհուն, իսկ այս ամենը խոսում է այն մասին, որ իրեն առաջադրված մեղադրանքը, թե պլանավորել էր մարդ սպանել, իրականությանը չի համապատասխանում:

Վահե Ղուկասյանի շահերը ներկայացնող Հայկ Ալումյանը հայտարարություն արեց, թե ըստ մեղադրանքի, ստացվում է այնպես, որ իր պաշտպանյալը առավոտից շրջել է փողոցներում, մինչև որ Հարություն Խաչատրյանին ու Շեկոյին գտներ:

Վահե Ղուկասյանը իր հերթին ասաց. «Հարգելի դատավոր, ես նպատակ չեմ ունեցել մարդ սպանել, ես չեմ ուզել մարդ սպանել, ես ուզեի սպանել, 30 պատրոնն էլ կկրակեի, ոչ թե 4-ը, կամ եթե ուզեի հետապնդել, գիշեր կար դրա համար, ցերեկով ես ինչ գործ ունեի, էդքան մարդկանց ներկայությամբ կամ էդ մարդկանց հետ ես էսքան ժամանակ առնչություն չեմ ունեցել, ոչ թշնամական և ոչ մի հատ հարց չի եղել մեր միջև: Սաղի հետ էլ կարող է էս դեպքը պատահի, հմի ի՞նչ էնենք, Աստված մեզի պահել է, էսքան բան»:

Վահե Ղուկասյանի նախաքննական ցուցմունքը՝ տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine says:

    Տղա ջան Աստծո անունը տալով հերթական ընտանիքը դժբախտացրիք, մի օր կգա հատուցման ժամը: Հազար ողորմի հորդ, որից այդպս էլ եղբայրերը բանի տեղ չդրեցին, լավ տղա էր սպորտսմեն, հետո հոպարդ դարձրեց մարդասպան հիմա էլ դու ես քո վրա վերցրել այս ամենը, բայց գիտես, որ իրականում Սպոն է սպանել: Ափսոս ես

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031