Լրահոս
Օրվա լրահոսը

Բիթլզը, Վան Գոգն ու Մոդիլիանին Երեւանում են

Մայիս 23,2014 13:55

Ի՛նչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է… Եթե Հախվերդյանը երիտասարդ տարիքում Երեւանի գիշերները նախընտրում էր վայելել սրճարաններում, ապա այսօրվա երիտասարդության զգալի մասը նախընտրում է փաբերն ու արտ-սրճարանները: Փաբերում խմում են՝ թեյից մինչեւ բազմապիսի կոկտեյլներ, զրուցում ընկերների հետ, պարում, ֆիլմեր ու ֆուտբոլային հանդիպումներ դիտում, քննարկում, նշում տոները: Որոշ փաբերում մրցույթներ են անցկացվում ու հեղինակային երգերի երեկոներ կազմակերպվում: Մթնոլորտն ազատ է, ճաշացանկը՝ հարմար երիտասարդների գրպանին:

Երեւանում երեսունից ավելի գործող փաբ կա: Փաբերի սիրահարները հաճախ են կատակում. «Հասցնենք գնալ այսինչ-այսինչ փաբը, թե չէ, հնարավոր է, չհասցնենք»: Հայկական փաբերի տարօրինակությունն է. շատերը մեկ-երկու ամսից փակվում են՝ իրենց տեղը զիջելով նորերին: Քաղաքային տեղեկատուները չեն էլ հասցնում տվյալները գրանցել: Կամ ֆինանսները չեն բավարարում, կամ էլ չեն դիմանում մրցակցությանը: Մնում է հին ու բարի փորձված մեթոդը՝ բերնից բերան: Ասա՝ որ փաբն ես գնում, ասեմ՝ ով ես դու:

Յուրաքանչյուր փաբ, ինչպես եւ ցանկացած բիզնես, իր հաճախորդներն ունի: Փաբն այս հարցում քմահաճ է. հաճախորդները սովորական սպառողներ չեն, եւ այստեղ վայելում են ոչ թե մի բաժակ սուրճ, այլ՝ մթնոլորտ: Սա միանշանակ զանգվածային ժամանցի վայր չէ:
Բացի «ընդհանրական» փաբերից, Երեւանում կան «անվանական» փաբեր, որոնք փորձում են ընդհանուր կանոններից շեղվելով ստեղծել յուրահատուկ մթնոլորտ ու երեւանյան արեւի տակ ու գիշերներում իրենց տեղը նվաճել:

Անգլասերներին փնտրենք WoodRock-ում եւ «Բիգ Բեն» փաբում. «Բիգ Բենում» լոնդոնյան տրամադրություն է՝ բրիտանական դրոշներ, սիմվոլիկ իրեր: Նույնիսկ լուսավորությունն է անգլիական՝ մառախլապատ: «Վան Գոգ» արտկաֆեի առաստաղին վանգոգյան աստղազարդ երկինքն է, «Մոդիլիանիում» նկարչի հայտնի կտավներն են: Փաբի այցելուներին հաճախ կարելի է տեսնել նկարելիս: «Բիթլզն» իր հաճախորդներին սովորաբար ողջունում է «Let it be»-ով, կամ «All you need is love»-ով: «Բիթլզում» հիմնականում հավաքվում է ռոքասեր հասարակությունը: Ռետրո ոճի սանրվածքներ, լայնափեշ տաբատներ, գլխի բիթլզյան հայտնի շարժում, թվում է, թե ժամանակի մեքենան այս փոքրիկ տարածքում մեզ մի քանի տասնամյակով ետ է տանում: Տարօրինակ է, բայց այստեղ հաճախ կարելի է տեսնել մարդկանց, որոնք այդքան էլ հայտնի խմբի սիրահար չեն: «Լեդ Զեփփելինի», «Քուինի», «Սքորփիոնսի» երկրպագուները մշտական հաճախորդներ են. եթե փաբի տրամադրությունը ռոքային է, խմբի երկրպագու լինել-չլինելը մղվում է երկրորդ պլան: Պատերի լուսանկարներից հայտնի քառյակը բոլորին նույն աչքով է նայում:

«Անվանական» փաբերի տերերը չեն վախենում «նեղ» ընտրությունից: Զանգվածային այցելություններ չունեն, բայց ունեն կայուն ու որակյալ հաճախորդներ, որոնք լրացնում են մթնոլորտը: Ոմանք հասցնում են նույնիսկ փաբերի թալիսմանը դառնալ ու անվանական սեղաններ ձեռք բերել:

«Մոդիլիանիի» եւ «Վան Գոգի» տնօրեն Արտյոմ Այվազյանն արտկաֆեների ստեղծումը համարում է ես մեկ կապ՝ մարդկանց ու նկարչության միջեւ. «Մենք ուզում ենք, որ մարդիկ, գալով մեզ մոտ, պատերին կախված տեսնեն ոչ թե հայտնի երգիչների, խմբերի պաստառներ, այլ կտավներ: Մենք հաճախ նաեւ ցուցահանդեսներ ենք անցկացնում՝ հայտնի ու դեռեւս անհայտ նկարիչների մասնակցությամբ: Եթե ինչ-որ մեկը գնահատում է արվեստը, չունի ցածր մակարդակ, կամ էլ ունենալով հանդերձ, ցանկանում է այն բարձրացնել, ապա այստեղ է գալիս: Մեր հաճախորդները հետաքրքիր մարդիկ են»:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

Լուսանկարները՝ փաբերի ֆեյսբուքյան էջերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031