Նոյեմբերի 29-ին «Ֆիլ Ֆիթ» (Feel Fit) կանանց մարզասրահի նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է կանանց սիրողական լատինաամերիկյան պարերի երկրորդ մրցույթը։ Նախաձեռնությունը միավորել է տարբեր տարիքի և մասնագիտության կանանց, որոնց համար պարահրապարակ դուրս գալը դարձել է ոչ միայն մարզական մարտահրավեր, այլև մանկության երազանքների իրականացման, ինքնաբացահայտման և սեփական ուժերի հանդեպ վստահության ձեռքբերման յուրահատուկ հարթակ։
«Ֆիլ Ֆիթ» մարզասրահի հիմնադիր Էվելինա Զադոյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենց ծրագիրն առանձնանում է նրանով, որ հատուկ ուշադրություն է դարձվում հասուն տարիքի կանանց, որոնք գալիս են ոչ միայն մարզվելու, այլև պարելու։ Ըստ նրա՝ պարը կանանց տալիս է յուրահատուկ ինքնատիպություն, ընդգծում է կանացիությունն ու ինքնավստահություն հաղորդում։ Խոսելով լատինաամերիկյան պարերի ընտրության մասին՝ Էվելինա Զադոյանը նշեց․ «Լատինաամերիկյան պարերը նախ և առաջ սպորտային պարեր են, մրցույթային են և սպորտի հետ անմիջական կապ ունեն։ Բացի այդ, իրենց ռիթմերով ու էներգետիկայով շատ ուրախ են, տրամադրող և դրական, ինչն այսօր շատերին է պակասում առօրյա ռիթմում»։ Նա նաև հավելեց, որ առաջին մրցույթից վեց ամիս անց այս անգամ ներդրվել է «ուսուցիչ-աշակերտ» (teacher-student) ձևաչափը, որտեղ պրոֆեսիոնալ պարուսույցներն իրենց սաների հետ բեմադրել են զուգապարեր։
Կարդացեք նաև
Մարզասրահի մենեջեր Նինա Մնացականյանը մանրամասնեց, որ «Ֆիլ Ֆիթ»-ը Հայաստանում առաջինն է նախաձեռնել կանանց սիրողական լատինաամերիկյան պարերի մրցույթ՝ առաջինը կազմակերպելով 2026 թվականի հունիսի 7-ին։ Տեսնելով նախորդ մրցույթի բուռն արձագանքը՝ կազմակերպիչները որոշել են ընդլայնել ձևաչափը։ «Եթե նախորդ անգամ միայն սոլո կանանց մրցույթ էր, ապա այս անգամ ներառեցինք նաև «Պրո-Էմ» (Pro-Am) ֆորմատը, երբ զուգապարողներից մեկը պրոֆեսիոնալ պարող է, իսկ մյուսը՝ սիրողական։ Մենք հնարավորություն ենք տալիս կանանց՝ անկախ նրանից 20, 30, թե 60 տարեկան են, դուրս գալ պարկետ։ Դա զուտ պար չէ, այլ ինքնավստահություն և էմոցիաների ազատ արտահայտում»,- ասաց Նինա Մնացականյանը։ Նա, ինքն էլ զբաղվելով լատինաամերիկյան պարերով, նկատեց, որ սա ոչ միայն ֆիզիկական ակտիվություն է, այլև խորը հոգևոր կապ․ «Երբ կինը պարում է լատինաամերիկյան պարեր, մանավանդ՝ ռումբա, և նայում է իրեն հայելու մեջ, դա մոնոլոգ է կնոջ մարմնի և հոգու միջև»։
Մրցույթի մասնակիցները ևս կիսվեցին իրենց տպավորություններով։ Արմինե Պետրոսյանը, ում համար լատինաամերիկյան պարերը վաղեմի երազանք են եղել, նշեց, որ պարահրապարակում առաջին հերթին կարևորում է ստացած հաճույքը․ «Վաղուց երազել եմ պարել լատինաամերիկյան պարեր, և վերջապես երազանքս իրականացավ։ Պարում եմ մեծ հաճույքով ու անսահման բավականություն եմ ստանում, անչափ տպավորված եմ»։
Մեկ այլ մասնակից՝ Մարինա Սվյատովան, որն ամենաշատ մրցանակները ստացավ և մրցույթին մասնակցում էր արդեն երկրորդ անգամ, առանձնացրեց միջոցառման ջերմ մթնոլորտը․ «Ի տարբերություն բաց մրցաշարերի, որտեղ շատ են անծանոթ մարդիկ և մեծ հարթակները լարվածություն են առաջացնում, այստեղ շատ հարմարավետ, ընտանեկան մթնոլորտ է։ Այդ պատճառով գրեթե չէի հուզվում, ինչն էլ օգնեց լիարժեք վայելել պարը։ Ամենակարևոր գաղտնիքը չնյարդայնանալն ու պարից հաճույք ստանալն է»։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Արգինա ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
























































