Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարար. «Եվ հիշեք հայտնի բանաստեղծի խոսքը. «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»

Մայիս 23,2014 13:23

Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց, շնորհավորել շրջանավարտներին և կիսվել հիշողություններով. «Մեր դպրոցում շատ էինք սիրում մեր ռազմագիտության ուսուցչին: Երբ նրան մի օր հարցրինք` եթե հնարավորություն ունենայիք Ձեր կյանքը նորից սկսելու, ի՞նչ կփոխեիք. պատասխանեց. «Ես իմ կյանքից շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, նորից կապրեի այնպես, ինչպես ապրել եմ»,- ասաց նա: Հ. Մանուկյանը շրջանավարտներին մաղթեց ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն ապրած կյանքի համար, լինեն հայրենասեր, աշխատասեր և կրթված: Նրա խոսքով՝ սա անչափ կարևոր ու պատասխանատու պահ է մեր երիտասարդներին ճիշտ ուղու վրա դնելու, հայրենասեր սերունդ ունենալու համար, քանզի կրթությունն այն կարևոր հիմքն է, որը մարդուն օգնում է գտնելու իր ուրույն տեղն ու դերն այս կյանքում. «Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է: Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, պատրաստված, գիտակից և վստահ քաղաքացիներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և գիտեն, թե ինչպես կարելի է հասնել համընդհանուր նպատակների ճիշտ իրացմանը՝ դրսևորելով բարձր իրավագիտակցություն, հոգատարություն և սրտացավ վերաբերմունք մեր երկրի, մեր ժողովրդի ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ»,-ասաց նախարարը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություն, և նպատակասլացություն ուսման ու աշխատանքի մեջ: «Եվ հիշեք հայտնի բանաստեղծի խոսքը. «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»,-եզրափակեց նախարարը:

Verjin_zang_03
Նրա ելույթով ազդարարվեց միջոցառման սկիզբը: Ավագ դպրոցի բոլոր 12-րդ դասարանցիները (12-ի 1, 12-ի 2 և այլն) ներկայացրին մեկ միասնական հումորային հանդես` բաղկացած կոմիքսներից , օրինակ` իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին հանձնարարեր է գրել «Ինչպես անցկացրի ամառային արձակուրդներս» թեմայով շարադրություն, «Ինչ կլիներ, եթե 83 դպրոցի տղաներից մի քանիսը համարձակվեին խմած դասի գային» և այլն:

Հանդեսն ուղեկցվում էր երաժշտական, ինչպես նաև անցած-գնացած օրերի մասին պատմող համարներով: Շրջանավարտները չմոռացան իրենց երախտապարտության խոսքը հայտնել դասավանդած ուսուցիչներին և դպրոցի աշխատակազմին:
«Դժվար է խոսքեր հնչեցնել առանց հուզվելու, երբ զավակդ կանգնած է այստեղ: Շնորհակալ եմ մեր բազմաչարչար ուսուցիչներին, որ կրթել ու դաստիարակել են այսպիսի խելացի սերունդ: Մենք խոնարհվում ենք ձեր առաջ: Իսկ դու’ք, սիրելի’ շրջանավարտներ, մտնում եք մի նոր կյանք` բազմաթիվ խնդիրներով և հարթություններով: Ցանկանում եմ, որ ամուր կանգնեք հողի վրա և առաջ շարժվեք»,- ասաց 12-րդ դասարանի ծնողկոմիտեի նախագահը:

Իր շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը:
Նշենք նաև, որ միջոցառման ընթացքում ընթերցվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031