Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կայացավ «Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014»-ը

Հունիս 06,2014 14:09

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ «Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014»-ը: Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Մրցանակաբաշխությունն ամենամյա է, անցկացվում է արդեն երրորդ անգամ եւ նպատակ ունի թեմային անդրադարձող լրագրողներին եւ հեղինակներին խրախուսելու միջոցով նպաստել թրաֆիքինգ երեւույթի եւ դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

«Կառավարությունը կարեւորում է թրաֆիքինգ երեւույթի դեմ պայքարը: Վերջին տարիներին այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ են իրականացվում, որոնց ուղղություններից մեկն էլ հանրային իրազեկումն է, ինչը շատ կարեւոր է երեւույթի կանխարգելման հարցում»,-նշեց խորհրդի քարտուղար, Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին խորհրդի եւ խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ լրագրողներ:

Մրցանակները լրագրողներին հանձնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, լավագույն լրագրողական աշխատանքներն ընտրում է մասնագիտական ժյուրին, որում ընդգրկված են թրաֆիքինգի հարցերով փորձագետներ եւ լրագրողներ:

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ` այս տարի «Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում երկրորդ տեղին է արժանացել Հանրային հեռուստատեսության «Ազատ գոտի» հաղորդաշարի լրագրող Աննա Հայրապետյանը՝ «21-րդ դարի ստրկություն» հաղորդման համար, նույն անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Գոհար Արամյանը՝ «Թրաֆիքինգ տերմին. Կյանքի փակուղի» ռեպորտաժի համար:

«Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Հետք» պարբերականի լրագրող Երանուհի Սողոյանը՝ «Նելիիին գյուղից ցանկանում են վտարել» հրապարակման համար:

Մասնագիտական ժյուրին այս տարի երկու անվանակարգում էլ առաջին տեղեր չի շնորհել, «Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում նաեւ թափուր է մնացել երկրորդ մրցանակային տեղը: Մրցանակային տեղերի համար սահմանված է նաեւ դրամական պարգեւ՝ 300, 200 եւ 100 հազար դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30