Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը, ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, բայց հիմա, երբ գրում են՝ «տարոսը քո երեխային»… Սրբուհի Գալյան

Նոյեմբեր 12,2026 16:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես ոչ մեկին չեմ նստեցրել, բայց հետևում եմ, որ իրենց խափանման միջոցների կրման պայմանները հնարավորինս բարեկեցիկ լինեն»,- արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե այսօր ընդդիմության երեք ուժերի առաջնորդներին՝ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Կարապետյանին նստեցրել են։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պնդում են, որ նրա խափանման միջոցի կրման պայմանները բարվոք չեն՝ Գալյանն այսպես արձագանքեց.

«Լավ է, որ Քոչարյանի թիմակիցներն ասում են, որ պայմանները վատն են, բայց վատ է, որ ասում են՝ Քոչարյանի խափանման միջոցի կրման պայմաններն են վատ։ Նրանք բոլորի պայմաններով պետք է հետաքրքրվեն, ոչ թե կոնկրետ մեկով։

Անձը խափանման միջոցը կրում է մի խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են խափանման միջոցը կրել։ Այդ խուցն ունի 7-7.5 քմ տարածք, իսկ միջազգային չափանիշներով 4 քմ տարածքն արդեն բավարար է մեկ անձի համար։

Մեզ ներկայացված դիմումում նա բողոքել էր, որ իր վերևի մահճակալն իրեն խանգարում է նստել ու շարժվել։ Մենք ընդառաջ ենք գնացել և հանել այդ երկրորդ մահճակալը։ Չէի ասի՝ VIP պայմաններ են, այդպիսի պայմաններ չպետք է լինեն քրեակատարողական հիմնարկներում»։

Գալյանը ՔԿՀ-ների վատ պայմանների մասին խոսելիս մեղքը բարդեց նաև նախկին իշխանությունների վրա.

«Վատ ժառանգություն ենք ստացել նախկիններից։ Այդ տարիների հետ համեմատած՝ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել բոլոր քրեակատարողական հիմնարկներում»։

Լրագրողների հարցերը կրկին վերաբերում էին «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան դեպքին։

Գալյանն էլ մի քանի անգամ շեշտեց, որ իրենք թերացում չեն ունեցել։

«Շատ նուրբ հարց է։ Ցավալի է, որ թիրախավորվում եմ նաև ես։ Մենք գուշակություններո՞վ ենք այստեղ զբաղվելու։ Ինչպե՞ս կարող եմ ասել՝ ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել։ Դուք հարցնում եք՝ կարո՞ղ է հույզերը հանգեցրած լինեին այդ հետևանքին։ Ես որտեղի՞ց իմանամ։ Ո՛չ այդ մարդու հուզական ֆոնին եմ ծանոթ եղել, ո՛չ առողջական տվյալներին։ Ձեր հարցն ինչի՞ մասին է։ Սա ծանր հարց է նաև ինձ համար։ Կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը, ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, բայց հիմա, երբ գրում են՝ «տարոսը քո երեխային»…»։

Այս խոսքերից հետո Գալյանը հեռացավ ճեպազրույցից՝ անպատասխան թողնելով լրագրողների մյուս հարցերը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է կատարվածին. «Շատ ցավալի բան է եղել:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով , որ երկրում  ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»…

Նախ՝ ցանկացած երեխայի նման բան գրողներին հազար ամոթ. եթե նույնիսկ սերիական մարդասպանի երեխա է, նման բան չի կարելի ասել:

Բոլոր երեխաներն անմեղ էակներ են և հոգատարության արժանի:

Բայց այս համամարդկային ճշմարտությունը չի նսեմացնում որդեկորույս մայրերի և ապօրինի մահերի համար ցավ ապրող  մարդկանց պահանջը:

Ուստի, երբ պետության պատասխանատու անձը, նման հարցերին, զուտ քաղաքական նպատակներով , հեգնական պատասխաններ է տալիս ու երբեմն իր քաղաքական ղեկավարի վատ բառամթերքից անհաջող ծաղկաքաղ է անում, արդյունքը լինում է այսպիսին:

Հեգնանքն ու սպառնալիքը ատելության դեմքն ունեն հասարակության մեջ:

Աստված երկու ձեռքով պահի Գալյանի երեխային, բայց մեծանուն Հովհաննես Թումանյանը ամենօրյա անմեղ զոհերի հարազատների հարցը ձևակերպել է դեռևս 1917 թվականին:

Երազումըս մի մաքի

Մոտըս եկավ հարցմունքի.

― Աստված պահի քո որդին,

Ո՞նց էր համը իմ ձագի…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30