Լրահոս
Օրվա լրահոսը

Ծափեր, երգեր ու պարեր՝ դատական նիստին

Հունիս 06,2014 16:05

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Մինչ դատարան մտնելը, բակում ազատամարտիկները կոչ էին անում ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին, ապա հայրենասիրական երգերով մտան նիստերի դահլիճ:

Պարզվեց, որ մեղադրող, դատախազ Պապիկյանին փոխարինելու է դատախազ Կարեն Հարությունյանը: Պատճառը դատարանում չհայտնեցին, բայց դատախազի փոփոխության լուրը ազատամարտիկների քննարկման պատճառ դարձավ: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հեգնեց. «Թե նախորդ դատախազը երեւի մարդ է դարձել, մարդկային խիղճն արթնացել է, դրա համար էլ նա հրաժարվել է գործից»: Ապա ասաց, որ «սրան էլ մարդ կսարքենք մեր երգերով, մեր համառությամբ»: Մյուս ազատամարտիկներն էլ հեգնեցին, թե նախորդ դատախազը գնացել է դասերի, որ սովորի անմեղ մարդկանց լավ զրպարտել:

Դատական նիստը այս պահին կրկին ընդմիջվել է, նախագահող Ավետիսյանը այս պահին խորհրդակցական սենյակում քննարկում է նախորդ դատական նիստին Վ. Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Այսօր էլ նախագահող Ավետիսյանը նոր դատախազից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Զաքարյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ: Նոր դատախազն էլ պնդեց նախկին գործընկերոջ պնդումը, թե փաստական հանգամանքների բացակայության պարագայում ինքը առարկում է եւ պահանջում մերժել:

Դատական նիստի սկիզբը ընթացավ նկատողություններով. նախագահող Ավետիսյանը պահանջում էր դուրս հրավիրել շարունակ ռեպլիկներ բաց թողնող ազատամարտիկներին, բայց վերջիններս այդպես էլ դուրս չեկան: Ազատամարտիկները նաեւ երգում-պարում էին, ծափահարում՝ «Կեցցե ազատությունը» վանկարկելով:

Մանրամասները՝ շուտով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30