Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականին «խփնված» անվանեց (Տեսանյութ)

Հունիս 20,2014 18:02

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում առողջապահության նախարարությունն ու Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը «Դեղերի մասին» օրենքի նախագծի քննարկում էին կազմակերպել, որին մասնակցում էին մի շարք տեղական դեղ արտադրողներ եւ ներմուծողներ. քննարկման ընթացքում միջադեպ տեղի ունեցավ:

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացնում էր, թե ինչ լավ օրենք է, եւ ինչպիսի միջազգային պահանջներ են ներառված օրենքում եւ այլն: Ապա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի եւ գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
Վիգեն Թոփուզյանը հարց բարձրացրեց` «Պարոն Թոփչյանը
լավ խոսքեր ասաց օրենքի մասին, բայց այսօր գործող օրենքը չի գործում, որի հետեւանքով մենք վնասներ ենք ունենում: Մի օրինակ բերեմ` 2012 թվականից մի պրեպարատ է դրված գրանցման, մինչեւ այսօր չի գրանցվում: Օրենքն ասում է 15 օրում վերագրանցումը կատարվում է: Պարոն Թոփչյան, ուզում եմ իմանալ` ինչո՞ւ չի կատարվում վերագրանցումը»:

Պարոն Թոփչյանը մանրամասն նորից խոսեց օրենքի պահանջների մասին, սակայն գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի հարցին, ըստ էության չպատասխանեց:

Պետական կառույցի ներկայացուցչի պատասխանը չբավարարեց Վիգեն Թոփուզյանին, որը նորից կրկնեց իր հարցը, ապա կրկին լիարժեք պատասխան չլսելով հաջողություն մաղթեց ու լքեց քննարկման դահլիճը, իսկ դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը պարոն Թոփուզյանի ճանապարհը կտրեց եւ նրանց մեղադրեց անհիմն սկանդալ բարձրացնելու մեջ:

Samvel-Zakaryan

«Սամվել դու ո՞վ ես, որ ինձ արգելես խոսել, ես եկել եմ իմ խոսքն եմ ասում»-պարոն Թուփուզյանի այս խոսքերին ի պատասխան Սամվել Զաքարյանն ասաց` «Քո խոսքերն ամեն անգամ կռվի է վերածվում, էս ի՞նչ դեմարշ էր»: Այս խոսքերն ակնհայտորեն վիրավորեցին պարոն Թոփուզյանին, որն ասաց` «Հարց եմ տալիս` պատասխան չեմ լսում, ես ասում եմ ջուր եք ծեծում, դուք ինձ ասում եք` ձենդ կտրի»:

Մանրամասն` տեսանյութում

 

Aravot.am-ը փորձեց պարոն Թոփուզյանից պարզել, թե ո՞ր դեղը չեն գրանցում, սակայն Սամվել Զաքարյանը միջամտեց եւ թույլ չտվեց, որպեսզի մեր զրույցը շարունակվի Թոփուզյանի հետ: Պարոն Զաքարյանը խոչընդոտեց մեր աշխատանքը՝ փորձելով փակել մեր տեսախցիկը, այդ ընթացքում պարոն Թոփուզյանը հեռացավ առանց հակադարձելու:
«Սկանդալ ման մի’ եկեք, անիմաստ երեւույթ է, սկանդալ ման մի եկեք, նա խփնված է»,-անընդհատ մեզ ասում էր Սամվել Զաքարյանը, փորձելով համոզել, որ Թոփուզյանի` դեղ գրանցելու պահանջը անիմաստ բան է. «Գոյություն ունեն պատշաճ արտադրական պահանջներ, այդ մարդը չի ուզում ընդունել դա, 40 տարի առաջվա արտադրած «Գանգլերոն» դեղը, պարկուճների մասին է խոսքը, ուզում է գրանցի, որը ոչ մի կապ չունի այսօրվա մոդեռն բժշկության հետ: Ինքը հետազոտական ինստիտուտ ա, արտադրող չի, ուզում ա փող աշխատի, առանց մի կոպեկ ներդնելու»:

Aravot.am-ը զանգահարեց պարոն Թոփուզյանին եւ փոխանցեց Սամվել Զաքարյանի` դեղի «հնության» մասին մտահոգությունները, ինչին ի պատասխան Վիգեն Թոփուզյանն ասաց. «Իսկապես 40 տարվա կյանք ունի «Գանգլերոնը», սակայն «Ասպիրինը» 1860 թվականից է հայտնի, եւ եթե դեղը պահանջարկ ունի, որքան շատ են օգտագործում, այնքան մեծանում է վստահությունը դեղի հանդեպ: Շատ կան մոդեռն դեղեր, որոնք ստեղծել են երեկ, վաղը հանվում են շրջանառությունից: Երեւում է ինքը բան չի հասկանում մոդեռն բժշկությունից. քանի դեռ մեր դեղամիջոցը նշանակվում է բժիշկների կողմից ու օգնում է հիվանդներին, ուրեմն համապատասխանում է մոդեռն չափանիշներին»:
Իսկ թե ինչո՞ւ դեղը չի գրանցվում, պարոն Թոփուզյանն ասաց, որ դեղի ներարկային տարբերակը գրանցելու համար դեղգործակալությունը պայման էր դրել պատշաճ արտադրելու պահանջ, ինչի համար էլ, ըստ Թոփուզյանի «Արփիմեդի» հետ պայմանագիր է կնքել, որպեսզի այդ ընկերությունում արտադրվի: «Հետո ասեցին` լավ սպասեք «Արփիմեդին» GMP տանք, հետո կարտադրենք, սա 2 տարի առաջ էր, այն ժամանակ նման պահանջ օրենքը չուներ, ու այդպես գրանցումը դեղ արտադրության ձգձգեցին: Դեղգործակալությունը դարձել է ծանր շարժվող մի օրգանիզմ, բայց երբ պետք է լինում, լավ էլ արագ գրանցում են»,-ասաց պարոն Թոփուզյանը:

Ինչ վերաբերում է իր հասցեին հնչած Սամվել Զաքարյանի` «խփնված, սկանդալային» վիրավորանքներին, պարոն Թոփուզյանն ասաց. «Ես չեմ ուզում իր մակարդակին իջնել ու պատասխանել: Երեւում է, որ նա կոնկրետ մարդկանց շահեր է պաշտպանում` լինելով դեղ ներմուծողների եւ արտադրողների միության ղեկավար: Մի բան կասեմ` որոշ ղեկավար ընկերներ չեն սիրում ճշմարտությունն երեսին լսել, այդ դեպքում իրենք խոսք չեն գտնում` դիմում են վիրավորանքին, մարդ կա դիմում է ձեռքի ուժի, այնպես որ, պետք է նման մարդկանց ընդամենը խղճալ:

Զաքարյանի նշած «խփնված» Վիգեն Թոփուզյանի մասին հետաքրքրվեցինք «Անի պալազայում» քննարկման մի քանի մասնակիցներից, եւ երբ ասացինք, որ պարոն Թոփուզյանին նման խոսք է ասել, նրանք ասացին` «Զառանցանք է դա, նա շատ հայտնի եւ ուժեղ մասնագետ է»:

Նկատենք, որ Վիգեն Թոփուզյանը հեղինակել է 134 գիտական հոդված եւ հեղինակային վկայագիր, 2 ուսումնական ձեռնարկ: Նրա կենսագրության, գործունեության, եւ վիճարկվող դեղի մասին՝ մանրամասն այստեղ :

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Իրոք ուզում եմ ասել, որ Գանլգերոն պրեպարատը պահանջված է և թե ինչու չի կազմակերպվում այդ պրեպարատի պատշաճ արտադրությունը դա մեծ հարց է և ըստ երևույթին կապված է հեղինակային իրավունքներ շահարկման հետ: Պետք է նշել, որ դեղագործությունը Հայաստանում շատ հեռու է պատշաճ մակարդակին բավարարելու պահանջներից, իսկ հիմնական խնդիրը տեսնում եմ կոռուպցիոն ռիսկերի մեջ այդ խճճված ոլորտի համար:Մի հարց կուզենայի բարձրացնել
    Ի՞նչու ներկայիս դեղագործական ոլորտը այդքան հեռու է փախչում գիտական ոլորտից, գիտության մեջ ներդրւոմներից :

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/06/20/473089/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Gayane says:

    Հարգելի Լուսինե, գիտության մեջ ներդրում կատարելու համար դեղագործության ոլորտում անհրաժեշտ են GMP պայմաններ, որոնք չկան Հայաստանում: Այստեղ առկա գործարաններն էլ հումքը արտերկրից են բերում: Դեղանյութերի սինթեզով զբաղվում է միայն ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնը (տնօրեն` Վիգեն Թոփուզյան): Եվ ես ընդունում եմ գանգլերոնի վերագրանցման հարցը: Այո, դրա համար անհրաժեշտ են GMP պայմաններ, բայց կարծում եմ դա իրոք քննարկման կարիք ունի: Եվ ոչ միայն այն պատճառով, որ գանգլերոնը պահանջարկ ունի բնակչության կողմից, այլ նաև բավականին կբարելավի երկրի տնտեսական շուկան: Եվ ինչու չպետք է ՀՀ-ում զարգանա դեղագործությունը, կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզը, որ միայն դրսից հումք բերենք: Կան շատ խելացի մասնագետներ, ովքեր ձեռնամուխ կլինեն այդ գործին, ուղղակի պայմաններ են պետք, իսկ դրանց բացակայության դեպքում մասնագետներն ուղղակի դուրս են գալիս երկրից` լճացումից խուսափելու համար:

  3. Zemfira says:

    Եթե շատերը մտածում են անձնական շահույթի մասին, ապա պարոն Թոփուզյանը այն եզակի մարդկանցից է, ով կոնկրետ քայլեր է ուզում ձեռնարկել գիտության բարելավման գործընթացում… Մենք պետք է ամեն կերպ գնահատենք և օժանդակենք պարոն Թոփուզյանի նման մարդկանց աշխատանքը…

  4. Վահե says:

    Եթե մտածում եք որ այդ GMP պայմանները խանգարում են դեղերի ներքին շուկայի զարգացմանը ապա դա կարող է պարտադիր չլինել: Հարց է առաջանում վերջին 50 տարիներին որ այդ ստանդարդները չկայն, կարող է մարդիկ մահանում էին: Ես անձամբ աշխատել եմ վերը նշված երկու կազմակերպություններում էլ և կասեմ, որ այդ դեղերը բարձր որակի են արտադրվում նույնիսկ առանց GMP-ի: Իսկ ինչ վերաբերվում է դեղգործակալությանը ապա եթե նա վստահ է իր լաբորատորիայի և աշխատողների վրա, ապա կարող է ճիշտ վերլուծություն անել և նոր բաց թողնել շուկա:

    Մի խոսքով այդ օրենքի կողմնակիցները մեր կառավարության կառկառուն դեմքերից են, որոնք պաշտպանում են ներկրողների շահերը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30