Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»

Հունիս 21,2014 14:45

ԱԺ մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը Հայաստանից դուրս մասնակցել է ընդունելությունների պատմամշակութային տարածքներում, երբ նաեւ սնունդ է մատուցվել:

«Դուք՝ որպես ԱԺ…»,- հարցս դեռ չձեւակերպած՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը լրացրեց այն՝ «մշակույթի հանձնաժողովի նախագահ», «այո, այո, եւ ինչպե՞ս եք վերաբերվում…»,- կրկին հարցս չավարտած՝ նա շարունակեց՝ «Զվարթնոցի, Գառնիի…», «այո, այո, ինչպե՞ս եք վերաբերվում այդ տաճարներում «կորպորատիվներ» անցկացնելու մշակույթի նախարարության կողմից տրվող թույլտվություններին»: «Ինչպես եւ դուք»,- պատասխանեց Ա. Դավթյանը:

Մեր հարցին՝ որեւէ ձեւով հնարավո՞ր է կարգավորել այդ ոլորտը, որովհետեւ այս պահին մշակույթի նախարարությունը ասում է, որ ինչ արվում է՝ օրինական է, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Օրինակ՝ ի՞նչ կառաջարկեիք, ի՞նչ անենք, առաջարկներ արեք… Մի կողմից՝ ունենք օրենսդրորեն կարգավորված դաշտ, օրենքի հետ կարծես խնդիր չունենք, մյուս կողմից՝ համենայնդեպս, հանրության, մտածող մարդկանց մոտ սա միանշանակ չի ընդունվում, եւ դա բնական է: Երեւի պիտի փորձենք առաջարկություններ անել, օրինակ՝ որ մինչեւ նմանատիպ լիբերալ մոտեցում ցուցաբերելը քննարկումների փուլ անցնի…»: «Իսկ ավելի ճիշտ չի՞ լինի պարզապես օրենքով արգելել պատմամշակութային օբյեկտների տարածքում ուտել-խմելը»,- մեր հարցին Ա. Դավթյանը պատասխանեց. «Միգուցե… Բայց երբ ասում ենք՝ ուտել-խմել, հասկանանք, թե ի՞նչ ասել է՝ «ուտել-խմել»: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, եւ եթե չափավորությունը պահպանվում է… Մենք էլ շատ հաճախ դրսում, հանդիպումների ժամանակ ներկա ենք լինում միջոցառումների, երբ մշակութային որոշակի օջախներում է լինում այդ ընդունելությունը, ծրագրի մեջ նաեւ սնունդ է լինում, բայց դա մեր ընկալման «ուտել-խմելը» չի լինում: Անկախ ամեն ինչից՝ պետք է ինչ-որ միջանկյալ լուծում փորձենք գտնել»:

Մեր մյուս հարցին՝ մշակույթի նախարարությունը հիմնավորում է, որ այդ երեկույթների համար մեծ գումարներ են վճարում, «Զվարթնոցում» զուգարանների հարցը լուծվեց եւ այլն, արդյոք համարժե՞ք բաներ են, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Այսպես թե այնպես՝ մեր խնդիրների լուծման համար, այդ թվում՝ մշակութային օջախների պահպանության համար, ֆինանսների կարիք է լինում: Պետության միջոցներն էլ սուղ են: Կարելի է միանգամից ասել՝ թող պետությունն ինքը ամեն ինչ անի, բայց շատ լավ հասկանում ենք, որ ցավոք, Հայաստանի Հանրապետությունը դեռ այդքան հարուստ չէ, որ կարողանա հավուր պատշաճի ինքնուրույն հոգալ բոլոր խնդիրները: Եվ, բնական է, որ նախարարությունը հենց այդպես էլ պիտի հիմնավորեր, բայց նորից կրկնեմ՝ չափավորություն ամեն ինչի մեջ: Եթե չափավորությունը պահպանվում է, եւ դրա թիվ մեկ պատասխանատուն կոնկրետ դեպքում մշակույթի նախարարությունն է, ապա որեւէ վատ բան չեմ տեսնում: Բայց կարծում եմ՝ որպեսզի այս խոսակցությունները հանդարտվեն, եւ ընկալելի լինի մարդկանց համար, որ կարելի է նման քայլերի գնալ, պետք է հավելյալ պարզաբանումներ լինեն եւ վստահեցումներ, որ հայկական պատկերացումներով «ուտել-խմել», ճոխ հյուրասիրություններ եւ խրախճանք չեն թույլատրվում: Կարելի է որոշակի սահմանափակումներ դնել ալկոհոլի համար, թունդ ալկոհոլային խմիչքները բացառել, որոշակի կանոնակարգումների կարիք կա…»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Այո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ… ԱՆԳԱՄ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ…Եթե չափավոր ընտրախախտում անեիք` այսքան մականունավոր ԱԺ-ում չէր լինի:

    Եթե չափի մեջ լինեին` գուցե այդքան ցավոտ չտանեինք Արտակ Դավթյանի եւ մականումնավոր պատգամավորների հոգնեցնող առատությունը: Չափի մեջ լիներ ամեն ինչ կասեինք, որ ԵՎՐՈՊԱՆ նաեւ բարևեկեցին կյանք է , քաղաքացու բարեկեցություն է, ոչ թե միայն սեռական փոքրամասնությունների ազատություն:

    Եթե ամեն ինչ չափի մեջ լիներ Արտակ Դավթյանն ու ինտելեկտով առանձնապես չփայլող մականունավոր պատգամավորները Երեւանի որեւէ գիշատային ակումբում, կամ, որեւէ գյուղի գրադարանում դռնապան կամ պահակ կինեին: Պատգամավոր են դրա համար էլ Արտակ Դավթյանը ոչ մի վատ բան չի տեսնում: Վատ բան չի տեսնում այն դեպքում, երբ մարդիկ տեսնում եւ արտագաղթում են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30