Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ. «Այն տպավորությունն էր, որ ես մահացել եմ եւ չեմ ձգի, անգամ մի քանի ժամ»

Հուլիս 11,2014 16:33

«Արմավիրի ոստիկանության բաժնում ինձ ծեծողները եղել են հինգ-վեց հոգի: Եվ անընդհատ, առանց ընդմիջումների ծեծում էին, մինչեւ ես խոստովանեմ, որ ավազակային հարձակում է կատարվել եւ այնպիսի ցուցմունք տամ, ինչպիսին իրենք են ցանկանում:
Ինձ անընդհատ ծեծել եւ խոշտանգել են փոքր դադարներով, մեկ ժամ ընդմիջում էին, հետո նորից սկսում անխնա ծեծել»,- փաստաբան Տիգրան Հայրապետյանը քրեական վերաքննիչ դատարանում իր բողոքի քննության ժամանակ պատասխանելով մարզի դատախազ պարոն Սահակյանին, մեջբերեց իր պաշտպանյալի` Մարզպետունի Ավուշյանի խոսքերը: Մեղադրողի կարծիքով՝ ավազակային հարձակման համար ինը տարվա ազատազրկման դատապարտվածի պաշտպան Տիգրան Հայրապետյանի «խնամքով ձեւակերպված, մտացածին բողոքը» պետք է մերժվի, եւ ուժի մեջ թողնվի այս տարվա փետրվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճիռը:
Տիգրան Հայրապետյանը հակառակն էր պնդում. պետք է արդարացվի իր պաշտպանյալը, քանի որ նա ավազակային հարձակում չի կատարել, իրեղեն ապացույց ճանաչված զուգագուլպաները ծիծաղելի են, դրանք եղել են այնքան փոքր, որ դատարանում հետազոտման ժամանակ նույնիսկ ինքը չի կարողացել փորձել, իսկ ատրճանակներն էլ եղել են տարբեր համարներով: Եվ որ միակ ցուցմունքն էլ ինքնախոստովանականներն են, այլ բան գործի նյութերում չկա:

«Ինձ սահմանված ժամկետից երկար են պահել ոստիկանությունում` անազատության մեջ: Չորրորդ օրը միայն դատարանն իմ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել: Ինձ օրվա մեջ ծեծել են ընդհանուր տեւողությամբ տասնչորսից տասնվեց ժամ: Առաջին երեք օրերին հաց չեն տվել, թույլ չեն տվել նաեւ, որ այլ անձանցից վերցրած հացը ուտեմ: Երբ ես խնդրել եմ ինձ հաց տալ, ծեծը դրանից հետո ավելի է ուժգին եւ դաժան դարձել: Ամբողջ չորս օրվա ընթացքում հայհոյել են սարսափելի հայհոյանքներով, ինձ նվաստացրել են, ոտնահարել են իմ արժանապատվությունն ամբողջությամբ, անգամ ցանկացել եմ վերջ տալ կյանքիս: Ինձ ստիպել են հարազատներիս կողմից հրավիրված պաշտպանից հրաժարվեմ, ունենամ պաշտպան, որը վարույթն իրականացնող մարմինը կասի»,- իր բողոքում նշել էր ամբաստանյալը:

Ի դեպ, պաշտպանը հանդես եկավ իր գործընկեր, իր պաշտպանյալի առաջին պաշտպան Ցոլակ Մարգարյանի գործողությունների դեմ էլ: Պարզվում է, որ Ցոլակ Մարգարյանը պաշտպանել է այս գործով մեկ այլ ամբաստանյալի էլ` Արմեն Մալխասյանին, որին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման նախապատրաստման համար: Դրանից հետո փոխվել է Ա.Մալխասյանի մեղադրանքը, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մարզպետունի Ավուշյանից վերցրել, իր մոտ ապօրինի պահել է ձայնագազային ատրճանակ:

Մալխասյանը հրաժարվելն է, որ իրեն զենք է տրամադրել Մարզպետունին, եւ որ ինքն էլ ավազակային հարձակում չի նախապատրաստել: Միայն այն, որ այս երկուսի պաշտպանությունն իրականացրել է նույն փաստաբանը, եւ շահերի բախում է նկատվել, առերեսում չի կատարվել:

Հակասությունն ավելի է խորացել, երբ այս նույն փաստաբանը սկսել է պաշտպանել նույն գործով մեկ այլ ամբաստանյալի էլ` Ալեն Սահակյանին:

Մարզպետունի Ավուշյանը հրաժարվել է այս պաշտպանից:

Ավուշյանն առաջին ատյանի դատարանում հայտնել է, որ իրեն ծեծել են, իսկ Ց. Մարգարյանն ասել է` նման բան տեղի չի ունեցել: Ավուշյանը, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, հայտնել էր, որ նա Ցոլակ Մարգարյանին տեսել է ձերբակալվելուց հինգ օր հետո միայն, իսկ նախկին պաշտպանն ասել էր` նման բան չի եղել:
«Այս գործով կան բազմաթիվ ապացույցներ, որոնք չեն առնչվում Ավուշյանին առաջադրված մեղադրանքի հետ: Նախաքննության ընթացքում չկա մի ցուցմունք, որը կհաստատեր այն, ինչը նշված է մեղադրական դատավճռում»,-ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Բողոքի քննությունը նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, դատավորներ Եվա Դարբինյանի եւ Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ կշարունակվի հուլիսի 24-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031