Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակներ` «Հաղթանակ» զբոսայգում. (Ֆոտոշարք)

Հուլիս 14,2014 19:08

«Հաղթանակ» զբոսայգում կայացած «ArmFc-13» ընդհանուր մենամարտերի Հայաստան-Իրան միջազգային մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչները 9:4 հաշվով համոզիչ հաղթանակ տարան:

Զբոսայգում տեղադրված ութանկյուն ռինգում այնքան հետաքրքիր մենամարտեր էին ընթանում, որ հանդիսականները մնացին մինչեւ վերջ` բաց թողնելով անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի Արգենտինա-Գերմանիա հանդիպումը:

PrevPhoto
NextPhoto

Մրցակիցների նկատմամբ առավելության հասան Ալբերտ Ղազարյանը, Նարեկ Ավագյանը, Վահե Բադալյանը, Վաչագան Ավետիսյանը, Գրիգոր Սարգսյանը, Վլադիմիր Սիմոնյանը, Գրիգոր Աշուղբաբյանը, Կարեն Կարապետյանը, Աշոտ Շահինյանը, ինչպես նաեւ իգական սեռի մեր միակ ներկայացուցիչը Կարինե Գեւորգյանը:

Մեր գրեթե բոլոր մարտիկների առավելությունը բացահայտ էր ու առանձնացնել որեւէ մեկին, թերեւս, տեղին չէ: Սակայն, այնուամենայնիվ, հարկ է նշել Կարինե Գեւորգյանի, Վլադիմիր Սիմոնյանի եւ Գրիգոր Աշուղբաբյանի հաղթանակները:

Կարինեն, որ առաջին անգամ էր մասնակցում միջազգային այսպիսի մենամարտի, ամենեւին էլ չընկճվեց բավականին տիտղոսներ նվաճած իրանցի մրցակից Ախրամ Աբդոլմալեկիից եւ ամբողջ մարտի ընթացքում հարվածների, խեղդող ու կոտրող հնարքների տարափ էր տեղում: Բայց, ի պատիվ իրանցու, նա հանդես բերեց կամային որակներ եւ մինչեւ վերջին պահը հանձնվելու նշաններ ցույց չտվեց: Մարտի ավարտին Կարինեն իրեն հանձնված գավաթը նվիրեց Ախրամին:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ այդպես վարվեց, Կարինեն պատասխանեց. «Ես առաջին անգամ էի մասնակցում միջազգային մրցամարտի ու պայքարում էի իմ երկրի պատվի համար: Վստահ եմ, որ հաղթանակներ կունենամ: Իսկ մրցակիցս, որ բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, իսկական մարզական կամք դրսեւորեց: Դա հարգանք էր նրա փորձի եւ համառության հանդեպ»:

Ընդամենը մի քանի վայրկյան տեւեց Վլադիմիր Սիմոնյան-Ալի Ղաֆուրի մարտը: Հայ մարտիկի հուժկու հարվածը մրցակցի ծնոտին տապալեց իրանցուն, որից հետո միայն բժիշկների միջամտությամբ նա որոշ ժամանակ անց ուշքի եկավ:

Անչափ դիտարժան մարտ վարեց Ավստրիայում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Գրիգոր Աշուղբաբյանը, որի բազմազան հարվածներին ու հնարքներին Հասան Արաբնին այդպես էլ դիմակայելու ոչ մի տարբերակ չգտավ:

Հանուն ճշմարտության պիտի արձանագրել նաեւ, որ իրանցիների թիմում էլ քիչ չէին ուժեղ մարզիկները, որոնց հաղթանակները նույնպես տպավորիչ էին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031