Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանային անցակետը դարձնել երկրի ամենածանրաբեռնված անցակետը

Նոյեմբեր 18,2026 18:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանը մտադիր է մեկ տարվա ընթացքում Նորդուզի սահմանակետը վերածել երկրի գլխավոր և ամենածանրաբեռնված ցամաքային անցակետի։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, Բյուջեի և պլանավորման կազմակերպության ղեկավար Համիդ Փուրմոհամմադին՝ Թավրիզում կայացած՝ Նորդուզի տերմինալի աշխատանքների բարելավմանը նվիրված նիստում։

«Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրան-Հայաստան 19-րդ համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակում հայկական կողմի հետ արդյունավետ քննարկումներ են անցկացվել սահմանային անցակետի զարգացման շուրջ։ Իրանական կողմն ընդունել է Հայաստանի ներկայացրած կարիքներն ու առաջարկները։

Փուրմոհամմադին ընդգծել է Նորդուզի ռազմավարական նշանակությունը՝ հատկապես Իրանի դեմ գործող պատժամիջոցների և շրջափակման հետևանքների մեղմման, ինչպես նաև հարևան երկրների հետ առևտրատնտեսական և տարանցիկ կապերի ընդլայնման տեսանկյունից։

Նրա գնահատմամբ՝ սահմանակետը մեկ տարվա ընթացքում երկրի գլխավոր ցամաքային անցակետերից մեկը դարձնելու համար անհրաժեշտ են պետական գերատեսչությունների սերտ համագործակցությունն ու համակարգված աշխատանքը։ Այդ ուղղությամբ քայլերն արդեն ներառված են Բյուջեի և պլանավորման կազմակերպության ու համապատասխան կառույցների օրակարգում։

Նիստի ընթացքում կազմակերպության վարչության պետ Սայիդ Ջողթային ներկայացրել է Նորդուզի տերմինալի բարեկարգման և ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ զեկույց։

Քննարկումների արդյունքում ընդունվել են գործնական որոշումներ՝ համապատասխան նախարարությունների, այդ թվում՝ արտաքին գործերի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաև մաքսային ծառայության, սահմանապահ զորքերի և ազատ տնտեսական գոտիների խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նախաձեռնության իրականացումը կարող է նպաստել հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ու տարանցիկ փոխադրումների զարգացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30