Դավթաշեն վարչական շրջանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է բարեգործական ճաշարանի բացմանը: Քաղաքապետարանի, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության համագործության արդյունքում նորաբաց ճաշարանը կսպասարկի շուրջ 55 շահառուի: Հարկ է նշել, որ Երևանի 10 վարչական շրջաններում այսօր գործում է բարեգործական 19 ճաշարան, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ «Առաքելություն Հայաստան»-ի հետ համագործակցության արդյունքում նմանատիպ բարեգործական ճաշարաններ են կազմակերպվել վեց վարչական շրջաններում, որտեղ ճաշից բացի մատուցվում են նաև տարաբնույթ սոցիալական ծառայություններ. տեղերում ցուցաբերվում է առաջնային բժշկական օգնություն, կազմակերպվում են ժամանցային, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ: Դավթաշենի բարեգործական ճաշարանի վերանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ծախսվել է շուրջ 2.200.000 դրամ, որից 600.000-ը տրամադրվել է Երևանի համայնքային բյուջեից:

Որպես սոցիալական նշանակության կարևորագույն ծրագիր՝ քաղաքապետն առանձնացրել է նաև Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով, որ քաղաքային իշխանությունների կողմից այն ևս դիտարկվում է որպես առաջնահերթություն. «Մասնավորապես այս տարեսկզբից մինչ օրս անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվել շուրջ 500 սիրիահայ ընտանիքների, ընդ որում, ավելորդ չեմ համարում նաև նշել, որ աջակցությունը եղել է հենց այն տեսքով, որի կարիքը մատնանշել են իրենք: Բացի այդ, մեր կողմից առանձնակի կարևորվել է նաև սիրիահայ ընտանիքների հատկապես երեխաների ինտեգրումը իրենց համար նոր միջավայրում և այդ նպատակով ևս մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել: Մասնավորապես մանկապարտեզներ հաճախող ավելի քան 100 և շուրջ 400 դպրոցական սիրիահայ երեխաները լիարժեք ընդգրկված են եղել բոլոր պետական և համաքաղաքային նշանակության միջոցառումներում, ինչպես նաև միջդպրոցական ծրագրերում: Բացի այդ, նաև իրականացվել է այդ երեխաների ընտանիքների կարիքների գնահատում և համապատասխան աջակցություն է ցուցաբերվել այդ ընտանիքներին», – նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ սիրիահայ ընտանիքների խնդիրները շարունակելու են մնալ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում և ցուցաբերվող աջակցության ծրագրերն էլ լինելու են շարունակական:
Կարդացեք նաև
Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դավթաշենի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Քաղաքապետը շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և զրուցել այդ պահին կենտրոնում գտնվող քաղաքացիների հետ: Օգտվելով առիթից՝ նրանք իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով, որ բնակիչներին մատուցվում է որակյալ ծառայություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ Դավթաշենի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնն այսօր սպասարկում է շուրջ 1500 բնակչի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































