Մի քանի ամիս է՝ Այգեստան 9-րդ փողոցի՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հարեւանությամբ գտնվող աղբամաններն իրենց տեղը չեն գտնում: Աղբամանները մեկ հայտնվում են դպրոցի պատի տակ՝ վտանգելով ուսուցիչների եւ երեխաների առողջությունը, մեկ՝ տեղափոխվում մեր երկրում գործող Գերմանիայի դեսպանատան հետնամասի պարսպի տակ: Աղբի իսկական տեղը նախատեսված է դեսպանատան պարսպի տակ. այդ մասին են վկայում աղբամանները պատնեշող հենապատերը, սակայն բանն այն է, որ դիվանագիտական այս ներկայացուցչությունը չի հանդուրժում իր պարսպի տակ աղբամանների գոյությունը, եւ նրա պահանջով աղբամանները տեղափոխվում են դպրոցի ցանկապատի տակ: Օտարերկրյա ներկայացուցչությունը պատճառաբանում է՝ աղբը տանելիս աղբահավաքները պարսպից ներս են նայում:
«Առավոտ» օրաթերթն իր 20.06.2014թ.-ի համարում՝ «Նպատակահարմա՞ր էր արդյոք աղբը մոտեցնել դպրոցին» եւ 10.07.2014 թ.-ի՝ «Աղբը լցվում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի բակ» հրապարակումներով անդրադարձել է այս խնդրին:

Նշենք, որ տարածքի բնակիչները աղբը թափում են հենց Գերմանիայի դեսպանատան պարսպի տակ, այսինքն՝ այնտեղ, որտեղ որ աղբամանների իրական տեղն է:

«Առավոտ» օրաթերթ
02.08.2014 թ.


















































