Լրահոս
Օրվա լրահոսը

Հայությունն ու հայկականությունը՝ Թբիլիսիում՝ ներսի մարդու աչքերով

Օգոստոս 04,2014 15:20

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը, ով հանգամանքների բերումով հինգ տարով բնակության է մեկնել Թբիլիսի, այդ քաղաքում է ապրում արդեն ավելի քան չորս ամիս:

«Առավոտի» խնդրանքով Ա. Խառատյանը ներկայացրեց իր տպավորությունները Թբիլիսիի հայ համայնքի մասին: «Այս չորս ամսվա ընթացքում մի քանի հետաքրքիր գործընթացներ եմ նկատել: Ինչ-որ առումով հայ համայնքը զարթոնք է ապրում, սկսում է համախմբվել մեր եկեղեցու շուրջ: «Հայարտուն» մշակութային կենտրոնն է սկսել գործել, նախակրթարան է գործում: Դրանք բավականին դրական ազդակներ են, ակտիվություն է նկատվում: Բայց միաժամանակ կա խնդիրների լայն բազմություն, որով պարուրված է համայնքը: Եվ այս վերջին միջադեպը, որ եղավ սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ, կապված էր այդ խնդիրների հետ: Ու հարցը միայն կենցաղային դիպվածը չէր: Նայեք, վրացահայ թեմի առաջնորդանիստ եկեղեցին՝ Սուրբ Գեւորգը, վերականգնման փուլում է: Թբիլիսիի հայկական թատրոնը արդեն մի քանի տարի է՝ չի գործում՝ վթարային լինելու պատճառով: Ակամայից հայ համայնքի հետ կապված ամեն ինչ կենտրոնացել է սուրբ Էջմիածին եկեղեցու շուրջ, որը Հավլաբարի հենց սրտում է գտնվում: Պատկերացրեք, որ Ծաղկազարդի ժամանակ մոտ 14 հազար մարդ է եկել սուրբ Էջմիածին: Նաեւ նկատենք, որ եկեղեցին գտնվում է մի քանի նեղ փողոցների մեջտեղում, եւ, բնականաբար, հարեւանությունը օբյեկտիվ խնդիրներ է ունենում այդ պատճառով: Ու մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք Վրաստանում կա՞ հայատյացություն կամ որեւէ այլ ֆոբիա, բայց չենք կարող աչք փակել օբյեկտիվ, ֆիզիկապես գոյություն ունեցող խնդրի վրա: Երբ երկու եկեղեցի էր գործում, մարդկանց բազմությունը գոնե կիսվում էր տոների ժամանակ: Իսկ հիմա բոլորն ունեն միայն սուրբ Էջմիածինը՝ որպես ոչ միայն եկեղեցի, այլեւ մշակութային օջախ, քանի որ «Հայարտունը», որտեղ հայկական նախակրթարանն է, տարբեր խմբակներ են գործում, շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցներ են գործում, կրկին այդտեղ է, եւ ամբողջ օրվա ընթացքում մարդկանց անընդհատ հոսք կա: Այնպես որ՝ սա իսկապես մեծ խնդիր է»,- պատմեց նա:

Ա. Խառատյանի գնահատմամբ՝ հետագա այլ բախումներից խուսափելու համար անպայման պետք է քայլեր արվեն հայկական թատրոնի վերականգնման համար. «Արդեն քանի տարի է՝ թատրոնը վթարային վիճակում է, սակայն չի նորոգվում: Թատրոնը պետական ֆինանսավորմամբ գործող հիմնարկ է, եւ, կարծում եմ, որ ինչպես Վրաստանի մշակույթի նախարարությունը, այնպես էլ հայ համայնքն ու ՀՀ կառավարությունը անելիք ունեն: Թերեւս մի փոքր ֆինանսավորման կարիք կա, որ գործն արագանա, թատրոնը նորոգվի եւ կրկին սկսի գործել»:

«Առավոտի» հարցին ի պատասխան՝  իսկ համայնքի ներսում կա՞ն որեւէ խնդիրներ՝ միջկուսակցական, միջկլանային եւ այլն, Ա. Խառատյանը նկատեց, որ համայնքը, իհարկե, միատարր չի, կան տարբեր հոսանքների հարող մարդիկ, սակայն որպես համայնքի ոչ միատարրության չափանիշ՝ մեր թբիլիսցի զրուցակիցը նկատեց, որ Թբիլիսիի քաղաքային իշխանություններում որեւէ հայ չկա. «Հարյուր հազարի չափ հայ բնակչություն ունեցող Թբիլիսիի քաղաքային խորհրդում չկա եւ ոչ մի հայ: Միայն մի թեկնածու կար, եւ նա էլ չընտրվեց: Դա նշանակում է, որ ներհամայնքային խնդիր կա»:
Որպես համայնքային կյանքում նկատելի բաց՝ Արսեն Խառատյանը նշեց տեղեկատվության աղբյուրների պակասը. «Թբիլիսիում կա ընդամենը երկու հայալեզու թերթ՝ մեկը պետական ֆինանսավորում ստացող «Վրաստան» շաբաթաթերթն է, որը գրեթե պաշտոնաթերթի դեր է տանում, երկրորդը «Հայարտունի» հրատարակությունն է՝ «Արձագանքը», որի ընդամենը երեք համար է դեռ լույս տեսել: Կան մի քանի ինտերնետային էջեր, ինչպես նաեւ պետական ֆինանսավորմամբ ամեն երեկո հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով 12 րոպեանոց հաղորդումներ են լինում՝ ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն… Բայց իրականում այս ամենը բավական չէ: Եվ հաճախ փաստի առաջ ենք կանգնում, որ ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին էր վերջին օրերին սուրբ Էջմիածնի մոտ պատահած միջադեպը, չկար մի հստակ աղբյուր, որից եւ հայաստանյան, եւ ներքին մամուլի միջոցները կարող էին վստահելի տեղեկություն ստանալ: Անհրաժեշտություն է մի ամբողջական հայալեզու մամուլի միջոցի առկայությունը, որը ոչ միայն համայնքային եւ ներհամայնքային խնդիրները կլուսաբանի, այլեւ Վրաստանի ներքին կյանքը»:

Իսկ հայապահպանության խնդիր Թբիլիսիում կա՞, մեր այս հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը նկատեց. «Չեմ կարծում, որ այստեղ ակտիվ ուծացման գործընթաց կա: Ես դա դեռ չեմ նկատել: Ասում են, որ կան դեպքեր, երբ հայերը վրաց եկեղեցում վերակնքվում են, եւ դա կարող է պայմանավորված լինել միջամտություններով եւ ճնշումներով: Բայց չեմ նկատել, որ դա շատ զանգվածային գործընթաց է: Ես հակառակն եմ տեսնում՝ ինտեգրացիայի պակաս կա»:

Որպես առավել կարեւորագույն հարց՝ Արսեն Խառատյանը շեշտեց Վրաստանի անհամաչափ տնտեսական կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից, եւ այդ իրավիճակում, ըստ փորձագետի, հայ-վրացական հարաբերություններում որեւէ լարվածություն կամ լարվածության խորացում առավել քան անհեռատես եւ ոչ ձեռնտու կլինի ե՛ւ վրացահայերի, ե՛ւ Հայաստանի Հանրապետության համար. «Սա իմ կարծիքն է: Ուզում եմ մի օրինակ բերել: Երբ քննարկվում էր աբխազական երկաթուղու վերաբացման հարցը, որի մասին Իվանիշվիլին Երեւանում խոսեց, մեկ էլ հանկարծ այստեղ սկսեցին մի քանի հատ «Սոքար»-ներ փակվել («Սոքարը» նավթային ընկերություն է, որը Վրաստանում բենզալցակայանների ցանց ունի- Մ. Բ.), ապա Ադրբեջանը սահմանեց 2004 թվից շուտ արտադրված ավտոմեքենաների ներմուծման հարկ, իսկ Վրաստանի ՀՆԱ-ի 25%-ը Ադրբեջանին վաճառվող մեքենաներից է կազմվում… Չգիտեմ՝ այդ բոլորն իրար որքանո՞վ էին շաղկապված, բայց ակնհայտ է մի բան՝ Ադրբեջանի տնտեսական ազդեցությունը Վրաստանի վրա այն մասշտաբների է հասնում, որ այդ երկիրը Վրաստանի վրա լծակներ ունի: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ հայ-վրաց հարաբերությունների հարցում ճիշտը ոչ թե թեթեւ լարվածությանը տրվել, լարվածությունը խորացնելն է, այլ հայ-վրացական ջերմ հարաբերությունների ավանդույթի վրա հենվելը: Այո, կան խնդիրներ, շատ կան, ոչ ոք չի հերքում, բայց ինչո՞ւ չհիշել դրականը, չկենտրոնանալ դրականի վրա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

02.08.2014

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031