Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետը պատմում է՝ ինչպես են հարվածել գլխին ու թռցրել գլխարկը

Օգոստոս 08,2014 14:59

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց տուժող փոխգնդապետ Վարդան Հակոբյանը: Գործով մյուս վկաներն ու տուժողները արձակուրդի մեջ լինելու պատճառով չէին ներկայացել:

Վարդան Հակոբյանը պատմեց, որ Շանթ Հարությունյանին տեսել էր Ազատության հրապարակում դեռեւս հացադուլի ժամանակ, ասաց, որ մշտապես հարցրել են՝ ինչպես է զգում իրեն, առաջարկել են շտապ օգնություն կանչել, եթե դրա կարիքը նա զգա:

Հետո էլ ասաց, որ նոյեմբերի 5–ին լրատվամիջոցներից իմացել են, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները բողոքի երթ են նախատեսել. «Գնացել ենք օպերա՝ ծառայության: Շանթ Հարությունյանին հարց ու փորձ ենք արել՝ ուր եք գնում, ինչ եք ուզում անեք: Օսիպյանն էր կոնկրետ նրա հետ խոսում, բայց Շանթ Հարությունյանն այդպես էլ չասաց՝ ուր են գնում: Դիմակներ էին բերել, փայտեր, այդպես էլ սկսեցին երթը ու շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա: Մինչեւ վերջ չգիտեինք՝ ինչ գործողություններ են անելու: Մաշտոցի պողոտայում միանգամից փողոց դուրս եկան, սկզբում երկու հոգով, ինչից հետո սկսվեց քաշքշուկ»:

Նրա խոսքով, իրենք փորձել են հենց այդ ժամանակ Շանթ Հարությունյանի հետ բանակցել, բայց չի ստացվել, որովհետեւ խառնաշփոթ էր, ու երթի մասնակիցները փայտերով սկսել էին հարվածել ոստիկաններին: Ըստ նրա, ցուցարարներից մեկը փայտով խփել է իր գլխին, գլխարկը թռել է, հետո հարվածներ է ստացել մեջքին, ուսին: Բայց ասաց, որ մարմնական վնասվածքներ չի ստացել:

Փոխգնդապետի խոսքով, ինքը ոստիկանության կենտրոնի բաժնում է պարզել, թե ովքեր են եղել իրեն հարվածողները:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանի հարցին՝ հիմա բողոք ունե՞ք, փոխգնդապետն ասաց. «Ոնց չունեմ, բողոքում եմ, որ դուք խփել եք ինձ»:

Վարդան Վարդանյանը շարունակեց. «Մենք մեր սահմանադրական իրավունքը, դուք ձեր ծառայությունն էիք իրականացնում, որոնք իրար հակասում էին, չե՞ք գտնում, որ մենք էլ դրա իրավունքն ունեինք: Իսկ ընդունո՞ւմ եք, որ մենք այդ երթի իրավունքն ունեինք ու չե՞ք կարծում, որ օրենքի խախտում էր ոստիկանության կողմից վեց սադրիչ ուղարկել երթին»:

Փոխգնդապետն էլ պնդեց, որ նրանք են երթը օրենքի խախտումներով անցկացրել:

«Ասում ես բողոքում ես, որ քեզ խփել ենք, բա չասե՞մ, ընկերոջս վզից բռնել, քաշել ես, ես էլ խփել եմ, լավ եմ արել: Չե՞ք կարծում՝ եթե չքաշքշեիք, կոնֆլիկտ չէր առաջանա»,- հարցրեց Վարդան Վարդանյանը: Նա նաեւ միջնորդեց դեպքի տեսանյութը կրկին դիտել դատարանում, որտեղ պարզ երեւում է՝ ինչպես են քաշել նրա ընկերոջ պարանոցից:

Միջնորդությանը միացավ նաեւ փաստաբան Արա Զաքարյանը, ասաց՝ խիստ կարեւոր է վերարտադրել տեսագրությունների որոշ դրվագներ, որ փոխգնդապետը պարզաբանի իր գործողությունները: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Փաստաբան Հովհաննես Քոչարյանն էլ փոխգնդապետին հիշեցրեց, որ նախաքննությունից հետո դատարանում հերքվել նրա գլխին խփելու հանգամանքը: Բայց պարոն Հակոբյանը կրկին պնդեց, որ խփել են:

Դատական նիստն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց միայն փոխգնդապետի հարցաքննությամբ: Որ ամբաստանյալները պատրաստվեն ցուցմունքներ տալուն, դատական նիստը հետաձգվեց ու նշանակվեց օգոստոսի 13 –ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031