Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացմամբ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ առաջարկվեցին։ Եվ այդ փոփոխությունն առաջին հերթին վերաբերում է երեք նախարարության անվանափոխությանը եւ նրանց գործառույթների վերանայմանը: Առաջարկվեց արտաքին գործերի նախարարությունը վերանվանել արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն։
Դիվանագետ Վարդան Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ սովորաբար միջազգային առեւտրական, տնտեսական հարաբերությունները մաս են կազմել արտգործնախարարության: «Ցանկացած երկրում դեսպանատներին կից մենք ունեինք առեւտրական ներկայացուցիչ, որը, ըստ նախագահի կամ նախարարի հանձնարարության, զբաղվում էր տվյալ երկրի հետ առեւտրային հարաբերությունների կարգավորման հարցերով, ամրապնդում էր մեր երկրի հետ այդ երկրի տնտեսական, առեւտրային կապերը, հետապնդում էր պետության տնտեսական շահերը: Լինելով այդ գործառնության կատարողը, թե՛ դեսպանատներում, թե՛ նախարարությունում ունեինք աշխատակիցներ, որոնք հիմնականում զբաղվում էին հենց այդ հարցով: Նրանք համագործակցում էին տարբեր նախարարությունների հետ, նրանց շահերը ներկայացնում էին տարբեր երկրներում եւ եթե հասնում էին հաջողության, սկսվում էին արդեն որոշակի հարաբերություններ:
Օրինակ, ԱՊՀ շրջանակներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները կազմակերպում էին տարբեր հանդիպումներ, տնտեսական ցուցահանդեսներ կամ, օրինակ, մեր երկրի այս կամ այն մարզի, քաղաքի համագործակցությունը մեկ այլ երկրի մարզի կամ քաղաքի հետ՝ զարգացնելով տուրիզմը, առեւտուրը: Այսինքն՝ տպավորություն է, որ արտաքին քաղաքական հարաբերությունները, ըստ էության, չկան, կամ իրենց նախաձեռնությամբ բան չի արվում, թելադրանքի տակ է արվում, հիմա, որպեսզի այդ մարդիկ ինչ-որ բանով զբաղվեն՝ առեւտրական կապերի հարցերով: Ըստ երեւույթին, նկատի ունեն, ըստ իրենց հայտարարած ուղղության, Ռուսաստանը, որ մեր ամենամեծ գործընկերն էր` առեւտրական, տնտեսական, մեր ռազմավարական դաշնակիցը չէ, ինչպես վարչապետը հայտարարեց, հիմա ասենք, տարբեր ուղղություններով՝ եվրոպական, արեւմտյան, Թուրքիայի, Ադրբեջանի հետ այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, որովհետեւ այդ երկրների հետ, որպես այդպիսին, քաղաքական հարաբերություններ զարգացնելու հեռանկար չունեն, մնում է առեւտուր, ապրանքափոխանակություն, նմանատիպ հարցեր լուծել»,- ասաց Հակոբյանը:
Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱԳՆ-ի անվանափոխությունը կապված է նաեւ ՀՀ աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության հետ: Մեր զրուցակցի կարծիքով` ստացվում է, որ արտգործնախարարությանը հանձնարարվում է հիմնականում այդ հարցերով զբաղվել, ոչ թե մտածել, օրինակ, թե ինչպիսի հարաբերություններ է պետք զարգացնել հենց նույն Թուրքիայի, Ռուսաստանի կամ Հնդկաստանի հետ: Ըստ երեւույթին, նման պարտականություններ չունեն, հիմնականում ուզում են այդ նախարարության գործառույթների հիմքում դնել առեւտրատնտեսական ինչ-որ հարաբերությունների զարգացումը՝ նկատեց դիվանագետը:
Այսինքն, այս պարագայում խոսքը գնում է արտաքին գործերի նախարարության բովանդակության ու համակարգի փոփոխությա՞ն մասին։ «Այո, եթե հիշում եք, բազմիցս ասել եմ, թե ինչ արտաքին քաղաքական գործունեություն է ծավալում մեր նախարարությունը: Ես չեմ տեսնում այդ գործունեությունը, եթե նրանք հանդիպում են, եւ նրանց ասում են՝ այսպես պիտի անեք, այնպես պիտի անեք, նրանք էլ անում են, դա չեղավ դիվանագիտական հարաբերություններ կամ միջազգային քաղաքական հարաբերություններ: Այսինքն՝ այդ ճակատում անելու բան չունեն, այդպես է ստացվում»:
Կարդացեք նաև
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































