Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուլտի գազ»-ի, «Նատալի ֆարմ»-ի գործերը վատացել են, «Յուքոմ»-ինն ու «Տոյոտա Երեւան»-ինը` լավացել

Օգոստոս 08,2014 17:20

Հարկային տեսչության կողմից օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, թե անցյալ տարվա համեմատությամբ, որ գործարարի գործերն է վատացել, որինը` լավացել: Օրինակ` մեր երկրում ռուսական ներդրումներով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն այս տարի
մեր հարկային մարմիններին վճարել է 1,741,513.8 դրամ հարկ` 1000 խոշոր հարկատուների ցանկում 7 հորիզոնականով բարելավելով դիրքերը: Անցյալ տարի այս ընկերությունը մոտ 600 հազարով պակաս հարկ է վճարել պետբյուջե:

Փոխարենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» ընկերությունն այս տարի հայտնվել է 641-րդ տեղում` անցյալ տարվա հարկատուների ցանկի 510-րդ տեղի փոխարեն: «Մուլտի գազ»-ի վճարած հարկերն այս տարի կազմել են 79,960.0 դրամ` անցյալ տարվա 101,221.0 դրամի փոխարեն:

Համեմատելով նախկին նախագահ Քոչարյանների ընտանիքին պատկանող «Տոյոտա Երեւան» ընկերության անցյալ եւ այս տարվա վճարած հարկերի չափը, կարելի է ենթադրել, որ կամ «Տոյոտա Երեւան»-ի գործերը լավացել են, քանի որ 2014-ին մեկ միլիոն դրամով ավելի հարկ է վճարել պետբյուջե կամ` հարկայինն է «չոքել» այս ընկերության «բկին»: Անցյալ տարի «Տոյոտա Երեւան»-ը վճարել է ընդամենը
219,845.5 դրամ:

Հարկատուների ցանկում իր դիրքերը 16 հորիզոնականով զիջել է
«Գրանդ քենդի» հայ-կանադական ընկերությունը: Եթե անցյալ տարի «Գրանդ քենդի»-ն ցանկում զբաղեցրել է 24-րդ տեղը եւ վճարել 656,055.5 դրամ հարկ, ապա այս տարի այս տարի 40-րդ տեղում է`վճարելով 634,123.3 դրամ:

«Իմեքս գրուպ» ընկերությունը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Իդեալ» ապրանքանիշով, անցյալ տարվա 31-րդ տեղից այս տարի հայտնվել է 27-րդ հորիզոնականում, սակայն վճարած հարկերը մի բան էլ պակասել են. անցյալ տարի «Իմեքս գրուպ»-ը վճարել է 494,168.5 դրամ, այս տարի` 487,742.8 դրամ հարկ:
Նույն փոփոխությունը տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության դեպքում: Այս տարի դեղերի բիզնեսով զբաղվող այս ընկերությունը, հարկատուների ցանկում 8 հորիզոնականով բարձրացել է` վճարելով 393,193.5 դրամ հարկ, անցյալ տարի սակայն «Նատալի ֆարմի» վճարած հարկերը կազմել են 537,551.1 դրամ:

Այս տարվա ցանկի 71-րդ հորիզոնականը զբաղեցնող «Քեթրին գրուպ» ընկերությունը
վճարել է 31,820.1 դրամ հարկ, անցյալ տարի, 87-րդ տեղում գտնվելով, «Քեթրին գրուպ»-ը վճարել է 35,900.2 դրամ:

Անցյալ տարվա համեմատությամբ, հարկատուների ցանկում 48 կետով իջել է «Առեկսիմբանկ Գազպրոմբանկ խումբ»-ը: Պակասել են նաեւ այս ընկերության վճարած հարկերը: Անցյալ տարի այս բանկը ցանկի 56-րդ տեղում է եղել `վճարելով 968,764.9 դրամ հարկ, այս տարի հայտնվել է` 104-րդ տեղում եւ վճարել`601,543.9 դրամ հարկ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ 89-րդ հորիզոնականից այս տարի ցանկի 42-րդ տեղ է բարձրացել «Յուքոմ» ընկերությունը: Անցյալ տարի «Յուքոմը» վճարել է 369,505.7 դրամ հարկ, այս տարի` 1,146,431.3 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031