Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Եվսեև. «Ռուսաստանը պետք է շատ ակտիվ օգնի Լեռնային Ղարաբաղին»

Օգոստոս 14,2014 13:03

«Վերջին իրադարձությունները լուրջ դինամիկա բերեցին ղարաբաղյան հակամարտության մեջ: Սակայն շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն նրան, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, այլ դրանից դուրս»,- «Նովոստի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Բանախոսն ասաց, որ ուկրաինական իրադարձություններն իրենց ազդեցությունն ունենում են այն ամենի վրա, ինչ հիմա կատարվում է ԼՂՀ-ի շուրջ: Նա նաեւ որոշակի նմանություններ է տեսնում այն ամենի միջեւ, ինչ կատարվում էր 90-ականների Ղարաբաղում եւ այժմ`Ուկրաինայում:

Վերլուծելով սահմանային վերջին սրացումները, բանախոսը հանգեց հետեւյալ եզրակացության. «Վերջին սրացումները Ղարաբաղում միանշանակ ձեռնտու էին Արևմուտքին, որպեսզի թուլացնի Ռուսաստանին`ուկրաինական զարգացումների ֆոնին: Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Արևմուտքը անբարոյական խաղ է տանում և ուղղակի պետք չէ սև կատու փնտրել մութ սենյակում»:

Սահուն անցում կատարելով Արեւմուտքի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն եւ ՌԴ-ի քարոզին, քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է մեկ բան`ԱՄՆ-ն մի շարք ճակատներով ֆիասկո է ապրում: Եվ ԱՄՆ-ն իրականում չի կարող որևէ լուրջ բան առաջարկել, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի.«Ստատուս քվոյի պահպանումը կարևոր է, բայց ես ինքս կարծում եմ, որ Ռուսաստանը ավելի պետք է ներկայանալի ու ակտիվ լինի Ղարաբաղում: Հաշվի առնելով, որ Ղարաբաղում տնտեսության աճ է արձանագրվել, ապա շատ ոլորտներում կարելի է համագործակցության եզրեր գտնել և Ռուսաստանը պետք է շատ ակտիվ օգնի այս հանրապետությանը»:

Նա հավելեց, որ եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ Ռուսաստանը չի պաշտպանի իր դաշնակիցներին, անգամ ուկրաինական իրադարձություններին զուգահեռ, ուղղակի տեսողության հետ խնդիրներ ունի: Ի դեպ, դատելով սահմանային լարվածության ժամանակ օգտագործված զինատեսակներից, ռազմական փորձագետը հերքեց այն վարկածը, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառելով`նպաստել է սահմանային լարվածությանը:

Վլադիմիր Եվսեեւը ճիշտ է համարում, որ քննարկվի ոչ միայն դիպուկահարների հեռացումը շփման գծից, այլև սահմանից հեռացվեն հեռահար զինատեսակները. «Այս ամենը կնպաստի հակամարտության լարվածության մեղմանը, քանի որ հակառակ պարագայում երաշխավորված չենք նման իրավիճակների կրկնությունից»: Ամեն դեպքում, ըստ նրա, Սոչիի հանդիպումը կնպաստի սահմանային լարվածության էական թուլացմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Զինելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը օգնում է Արցախին՞, էս մարդը հաստատ՝իր ետեւն ու առաջնա խառնել, կամ էլ նոր է նկատում, որ դրանք տարբեր բաներ էն, կամել՝գլխիվայր քայլելը՝համարում է նորմալ երեւույթ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031