Այս քաղցրավենիքը պատրաստելը ձեզնից մի քիչ ժամանակ կխլի, սակայն, հավատացնում եմ, այն այնպիսի հիացմունքով կընդունվի համտեսողների կողմից, որ ամբողջությամբ կփոխհատուցի ձեր ծախսած ժամանակը:
Շոկոլադե տրյուֆելները պարզապես հալվում են բերանում եւ շատ գեղեցիկ են նայվում:
Կարդացեք նաև
Անհրաժեշտ մթերքներ
Սեւ, դառը շոկոլադ՝ 70-80% կակաոյի պարունակությամբ- 400 գրամ (2 տուփը գանաշի, 2-ը՝ շոկոլադապատելու համար)
Բարձր յուղայնությամբ կաթնասեր- 150 գրամ
Կոնյակ- 50 գրամ
Կարագ-100 գրամ (60 գրամը՝ գանաշի, 40գ՝ շոկոլադապատման համար)
Կակաո-4-5 ճաշի գդալ
Ինչպես նաեւ՝ անպայման պետք է ձեռքի տակ ունենաք մեկ զույգ բժշկական ձեռնոց
Պատրաստման եղանակը
Սկզբում պատրաստում ենք գանաշը՝ շոկոլադե հիմքը:
Մանր կտրատեք 200 գրամ դառը շոկոլադը: Սենյակային ջերմաստիճանի հասցրած կարագը նույնպես շատ մանր կտորների բաժանեք: Կաթնասերը դրեք կրակի վրա, թող լավ տաքանա, հասնի եռման աստիճանին, բայց չեռա: Տաք կաթնասերը լցրեք կտրատած շոկոլադի վրա: Թողեք մեկ րոպե, մինչեւ շոկոլադն ու կաթնասերը նույն ջերմաստիճանը ստանան, եւ սկսեք զգուշությամբ հարել՝ ձեռքի հարիչով: Երբ միատարր զանգված դառնալուն արդեն մոտ է, ավելացրեք կարագը եւ շարունակեք հարել: Քիչ անց ավելացրեք նաեւ կոնյակը (ի դեպ, այն կարող եք նաեւ վիսկիով փոխարինել), ու շարունակեք հարել, պետք է դառնա միատարր, փայլուն զանգված՝ գանաշ:
Գանաշը դրեք սառնարան, բայց անպայման լավ փակեք բերանը՝ ֆոլգայով կամ պոլիէթիլենե թաղանթով, որպեսզի սառնարանանում գտնվող այլ մթերքներից հանկարծ հոտ չկպնի շոկոլադե գանաշին: Սառնարանում գանաշը կարող է մնալ ամբողջ գիշեր, բայց ամենաքիչը՝ 3 ժամ պետք է՝ սառելու եւ հետագա աշխատանքը շարունակելուն պիտանի լինելու համար:
Երբ գանաշը լավ սառչի, հանեք սառնարանից: Մատուցարանը փաթաթեք ֆոլգայով, դրեք ձեր կողքը: Եռման ջրով լի մի բաժակի մեջ դրեք երկու թեյի գդալ: Հանեք մի գդալը, թափ տվեք, որ ջրի կաթիլներ չլինեն, մտցրեք սառած գանաշի մեջ, մի կտոր հանեք, թափ տվեք մյուս գդալը եւ երկու գդալների օգնությամբ ձեւավորեք ձեր տրյուֆելը՝ մի գդալից մյուսի մեջ զգուշորեն սահեցնելով: Պատրաստի տրյուֆելները շարեք ֆոլգայով փաթաթված մատուցարանի մեջ: Երբ բոլորը պատրաստ լինեն, կես ժամով դրեք սառնարան:

Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.08.2014























































