Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողների և «Դուդուկի ընտրյալներ» մրցույթի մասնակիցների համերգները Վրաստանում

Հոկտեմբեր 09,2014 15:49

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և տեղի համայնքների աջակցությամբ, հոկտեմբերի 4-ից 6-ը ներառյալ, ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված բարեգործական համերգներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի, Նինոծմինդայի շրջանների մշակութային կենտրոններում և Ծալկայի շրջանի Դարագյուղում, որոնց մասնակցում էին ՀՀ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողները և «Դուդուկի ընտրյալներ» մրցույթի մասնակիցները:

Արտագնա բարեգործական համերգների վերջին հանգրվանը դարձավ Թբիլիսին, որտեղ Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, հոկտեմբերի 7-ին կազմակերպված համերգը նվիրվեց հայ ժողովրդի կյանքի երկու կարևոր իրադարձություններին ՀՀ Անկախության օրվան և Սուրբ թարգմանիչների տոնին:

Լեփ-լեցուն դահլիճում տեղեր էին զբաղեցրել այդ օրերին Թբիլիսիում հյուրընկալվող ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ Ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպան պարոն Յուրի Վարդանյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասյան երկրների հայկական համայնքների վարչության պետ Տարոն Շագոյանը և ուրիշներ:

Բացելով համերգը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, կարևորեց Սփյուռքի նախարարության մոտեցումը աշխարհասփյուռ հայ համայնքներում ազգային մշակույթի տարածման և պահպանման գործին և ներկայացրեց այն երիտասարդ կատարողներին, նվագարանների նվագողներին, ովքեր այս օրերին սիրով իրենց շնորհքով տոնական տրամադրություն են ստեղծել Ջավախքի հայաբնակ շրջաններում և այսօր էլ Թբիլիսիում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանը, շնորհավորելով ներկաներին պանծալի տոները ըստ արժանվույն նշելու կապակցությամբ, անդրադարձ կատարեց այն հարցերին, որ Թբիլիսիում այդ օրերին քննարկել են ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը և Վրաստանի խորհրդարանի անդամները:

Ու հնչեց ազգային երաժշտությունը, ժողովրդական երգն ու պարը երիտասարդ և արհեստավարժ երգիչ-երգիչների կատարմամբ, ուրախ տրամադրություն ստեղծելով դահլիճում:

Համերգի վերջում ներկաներին բաշխելով իր օրհնությունը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսեց հայ ժողովրդի կյանքում անկախության վերականգնման նշանակության մասին, մեծագույն արժեքներ անվանելով անկախության վերականգնումը և Թարգմանչաց տոնը, արժևորեց Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Եղիշեի և մյուս թարգմանիչների ու մատենագիրների կողմից հայոց գրերի ու պատմության ստեղծումը:

Գնահատանքի խոսքեր ուղղելով Վրաստանում հայապահպանության գործի իրականացմանը, Սրբազան Հայրը առանձնացրեց Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, արժևորեց հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, այս հողում հայ մշակույթը զարգացնելու, հայ հոգևոր արժեքները պահպանելու կարևորությունը և կոչ արեց համախմբված լինել այն առանցքի շուրջը, որի առաքելությունը ամենուրեք հայոց ազգային ոգին պահպանելու և ամրապնդելու մեջ է:

Թեմակալ առաջնորդը վերստին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և համերգի մասնակիցներին ու ներկաներին շնորհավորեց անկախության և թարգմանչաց տոների կապակցությամբ: Թբիլիսիում ճանաչված «Վանք» պարային համույթի պարուհիները (պարուսույց Լիանա Կաշավանիձե) համերգի բոլոր մասնակիցներին բաժանեցին գեղեցիկ նվերներ:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031