Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիլ Բուդաղյանը դատարանից պահանջում է հարգել հանգուցյալ որդու անմեղության կանխավարկածի իրավունքը

Հոկտեմբեր 16,2014 13:28

«Պարզ երեւում է, որ մինչեւ Արտակ Բուդաղյանի դեպքի վայր գալը՝ այդ 5 հոգին բացել էին Ավետիք Բուդաղյանի դուռը եւ քաշքշում էին նրան: Բացի տեսագրությունից, կա նաեւ ձայնագրություն՝ խոհանոցում կատարված: Երբ գալիս է Արտակ Բուդաղյանը, Ավետիք Բուդաղյանը դուրս է գալիս մեքենայից ու հեռացնում Արտակ Բուդաղյանին, նա սպառնալիք չէր հանդիսանում: Այդ ընթացքում Տիգրան Խաչատրյանը դիրքավորվել է ավտոմեքենայի հետեւում եւ երեք կրակոց արձակել եղբայրների ուղղությամբ, որից առնվազն երկուսը կպել է Ավետիք Բուդաղյանին: Մինչեւ այդ պահը Ավետիք Բուդաղյանը ոչ մի գործողություն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի կամ նրա մերձավորների չէր անում՝ ոչ մի կրակոց, ոչ մի գործողություն»,- այսպես այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց քրեական գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի բողոքը:

Նրա խոսքերով, եթե այսօր Ավետիք Բուդաղյանին են ասում, որ նա սպանության փորձ է կատարել, հարձակվել է Բուդաղյանների վրա, իրականում տրամագծորեն հակառակ բանն է տեղի ունեցել. «Կա առնվազն 4 վնասվածք, որ հասցվել է Տիգրան Խաչատրյանի կողմից՝ ըստ քննիչի վարկածի էլ: Տիգրանը 4 անգամ դիպուկ կրակել է Բուդաղյանների վրա, բայց Տիգրան Խաչատրյանի պարկուճներից հայտնաբերվել է 5 հատ, այսինքն՝ ընդամենը մեկն է վրիպել: Մենք ասում ենք, որ 4 կրակող է եղել դեպքի վայրում, որովհետեւ առանձնատնից էլ են կրակել, քննիչն ասում է, որ չէ, 3 կրակող են եղել: Լավ, ասենք, երեք կրակող է եղել, միաժամանակ երկու կրակոց է եղել, դրա համար ուժգին ձայն է գալիս: Նշանակում է, որ Զարզանդն ու Տիգրանը կրակել են միաժամանակ, ընդ որում, մենք միայն մի վրիպում ենք տեսնում: Այդ դեպքում նշանակում է, որ եթե միաժամանակ կրակել են երկուսը, Ավետիք Բուդաղյանն ընդհանրապես չէր կարող սպառնալիք լինել, նա ասֆալտին ընկած էր: Անտրամաբանական է խոսել այն մասին, որ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը պաշտպանվում էին»:

Հայկ Ալումյանը ներկայացրեց Էմիլ Բուդաղյանի պահանջը ուղղված դատարանին՝ քննելու Ավետիք Բուդաղյանի անմեղության հարցը: Քանի որ մարդը մահացած է, անմեղության կանխավարկածի հարց է առաջանում, իսկ քննիչի որոշմամբ՝ նա մեղավոր է: Ըստ Էմիլ Բուդաղյանի, եթե մեղավոր է, դրա մասին պետք է լինի դատարանի վճիռ, ոչ թե քննիչի որոշմամբ համարվի մեղավոր: Անձը մեղավոր չէ, քանի դեռ դատարանով չի ապացուցվել նրա մեղավորությունը: Պետք է մահացածի անմեղության կանխավարկածի իրավունքը հարգել. «Քննիչը գործադրել է տակտիկական հնարք: Քննիչի որոշման հեռահար նպատակն ինչում է կայանում: Կայացնում է որոշում, որով Ավետիք Բուդաղյանին մեղավոր է ճանաչում սպանության փորձ կատարելու, մարմնական վնասվածք հասցնելու մեջ, հետո մյուս երկու որոշումներով գալիս է եզրակացության, որ եթե Ավետիք Բուդաղյանը հարձակվող է եղել, ուրեմն Խաչատրյաններն էլ պաշտպանվող են եղել, ուրիշ ինչպե՞ս կարող է լինել»:

Հայկ Ալումյանը դիմեց դատավոր Արթուր Մկրտչյանին՝ ասելով. «Դուք այս դատավարության ընթացքում չեք կարող որոշել՝ Ավետիք Բուդաղյանը մեղավո՞ր է, թե՞ մեղավոր չի: Մենք ձեզ դիմում ենք որոշելու՝ քննիչի որոշումը քրգործի նյութերից լիարժե՞ք է բխում, թե՞ ոչ եւ արդյո՞ք Ավետիք Բուդաղյանը հանգուցյալ լինելով հանդերձ, արդար դատաքննության իրավունք չունի»:

Հաջորդ դատական նիստում Խաչատրյանների ներկայացուցիչը կներկայացնի իր առարկությունները:

Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 30, ժամը 15 -ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031