Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանին սուտ են հանում

Հոկտեմբեր 27,2014 16:29

Հաշվապահներն ու իրավաբանները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պատճառաբանություններին չեն հավատում: Aravot.am-ի հետ զրուցած մասնագետները նախարարին նույնիսկ սուտ են «հանում»: Հղիության եւ ծննդաբերության նպաստներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության պատճառներից մեկը, ըստ նախագծի հեղինակների եւ նախարարի, որ վերջին 4 տարիների ընթացքում հղիության եւ ծննդաբերության նպաստին ուղղվող ծախսերն ավելացել են, բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նպաստառուների 20%-ը աշխատանքի են ընդունվել դեկրետ գնալուց 2-3 ամիս առաջ, ընդ որում՝ բարձր աշխատավարձ են ստացել, ըստ այդմ էլ` բարձր նպաստներ:

Aravot.am-ի հետ զրույցում միջազգային կազմակերպության իրավաբանը վստահեցնում է, որ անհնար է 2-3 ամիս առաջ աշխատանքի ընդունված հղիին, որքան էլ բարձր լինի աշխատավարձը, բարձր նպաստներ տան:

Իրավաբանի խոսքերով` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի 22 հոդվածի 2 մասի համաձայն` միջին աշխատավարձը յուրաքանչյուր աշխատողի համար հաշվարկելու ժամանակ, հաշվարկը կատարելու համար անհրաժեշտ է, որ աշխատակցի համար 12 ամիս վճարված լինի եկամտային հարկ գործատուի կողմից: Եթե աշխատողը չունի 12 ամսվա ստաժ, այսինքն, եթե իր համար չեն վճարվել 12 ամսվա համար հարկեր, վերջինիս դեկրետի գումարը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձից, որը կազմում է ներկա դրությամբ 50 հազար դրամ: Հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ` 50 հազարը բաժանվում է 21-ի (սա աշխատանքային օրերն են), ստանում են միջին օրականը, որը կազմում է մոտավոր 2 380 դրամ, ապա սա բազմապատկում ` 97-98 օրվա: Նշված օրերի քանակի վրա է բազմապատկվում, քանի որ 140 օրացուցային օրերի մեջ մոտավոր 97-98 աշխատանքային օրերի քանակ է:
Ստացված գումարը կազմում է 230 860 դրամ, որից պահվում է նաեւ եկամտային հարկ եւ ապա վերջնական միանվագ գումարը կազմում է 185 հազար դրամից պակաս»: Այսինքն, որեւէ գործատու, մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող 2-3 ամիս առաջ ընդունած հղիի համար 12 ամսվա եկամտահարկ ցույց տալ, որպեսզի հետագայում բարձր նպաստ ստանա: Ըստ մեզ հետ զրուցած իրավաբանի, նախագծի հեղինակների պատճառաբանություններն ուղղակի «թոզ փչել է», իրականությանը չի համապատասխանում: Գործատուներին ձեռնտու էլ չէ կեղծ հարկեր ցույց տալ, ինչ է թե միանվագ 185 հազար դրամ պիտի ստանան»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ հղիների նպաստներին ուղղված ծախսերն ավելացել են, իսկ ծնելիությունը` ոչ, այս դեպքում` ի՞նչ ավել ծախսերի մասին է խոսքը, իրավաբանը բերեց իրենց ընկերության օրինակը` «Երբ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Եկամտային հարկի մասին» օրենքը, գործատուի վրայից հանվեցին սոցվճարները` յուրաքանչյուր աշխատակցի համար: Սակայն, այդ պարտավորությունը դրվեց աշխատողի վրա, բայց հաշվի առնելով, որ կպակասեր աշխատավարձերը, իսկ գործատուի վրա լրացուցիչ պարտավորություն էր դրվել` նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ չպիտի աշխատավարձը պակաս լինի, գործատուն սկսեց ավել հարկ վճարել` մինչեւ 15% ամեն աշխատողի համար: Այսինքն` աշխատողի աշխատավարձը թղթով բարձրացավ, եւ այդ բարձրացված մասը գնաց բյուջե` հարկ, աշխատողը աշխատավարձի նվազեցում չունեցավ: Հղիության նպաստի մասով էլ, նրանց եկամուտն էլ պակաս չպիտի լիներ նախորդ տարվանից, այսինքն` նաև հղիների աշխատավարձերը փաստացի բարձրացվեցին, ու այդ բարձրացված մասը հարկ վճարվեց: Ուստի հարկերի առումով իրենց համար էլ ավելի բարձր հաշվարկվեց նպաստները, ու ըստ էության, պետբյուջից դուրս եկած գումարները ավելի բարձր են եղել: Սրանով է պայմանավորված, որ ծնելիությունը չի բարձրացել, բայց բյուջեից դուրս եկած գումարն ավելի է»:

Մեզ հետ զրուցած մի հաշվապահ էլ ասաց, որ այդ ժամանակահատվածում ֆինանսների նախարարությունը կատարելով, որ հղիների նպաստի ծախսերը բյուջեի համար ավելացել են, իրավապահ մարմիններին կոմերցիոն ընկերությունների համապատասխան ցուցակ էր տվել, որպեսզի պարզեին` միտումնավոր հղիություն առկա՞ է, թե` ոչ, եւ ինչով է պայմանավորված հղիների աշխատավարձի բարձրացումը:

Aravot.am-ի հետ զրույցում թե իրավաբանը եւ թե հաշվապահը ասացին, որ իրավապահ մարմիններին եւ կառավարության ներկայացուցիչներին վստահեցրել են, որ միայն հղիների աշխատավարձը չէ որ բարձրացրել են, համատարած բոլորինն են բարձրացրել. «Չեմ հասկանում, իրենք այսքան բանը չեն հասկանո՞ւմ»:

Ինչ վերաբերում է 2016 թվականից չաշխատող հղիներին  միանվագ 275 հազար դրամ` հարկերը պահած, (իսկ հարկերը ներառյալ` 365 հազար դրամ է), մայրության նպաստ տրամադրելուն, նախագծին դեմ արտահայտվողները կասկածում են, որ 2016 թվականին իրոք չաշխատող հղիներին նպաստ կտան: «Սա շահարկելը ձեռնտու է կառավարությանը, որպեսզի բողոքի ալիքը իբր թե մեղմեն, բայց տեսեք` նախ կրճատում են աշխատողների նպաստները, մի տարի հետո էլ`յա էշը կսատկի, յա` էշատերը: Ուզում եմ ասել` 2016-ին էլ կասեն` այս տարի բյուջեն չի բավականացնում այդ ծախսերի համար: Պարզապես կապված պարտադիր կուտակայինի հետ, իրենք հաշվարկել էին եւ նախատեսել որոշակի գումար, չստացվեց այդ գումարը հավաքել, քանի որ շատերը հրաժարվել են վճարել, ուստի հիմա «ոտ ու ձեռ ընկած» մի տեղ ուզում են փող հավաքեն, անունն էլ դնում են` մայրության նպաստ»,-ասացին մեզ հետ զրուցած իրավաբանն ու հաշվապահը, որոնք ցանկացան չհրապարակել իրենց անունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031