Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հարց տվե՞լ եք բնակչին, որը խանդավառված է Երեւանի տոնով». Կամո Արեյանը՝ միլիոնների ծախսերի մասին

Հոկտեմբեր 29,2014 17:11

«Տարոն Մարգարյանը որեւէ խնդիր չունի ԱԺ չգալու: Հարգանքով, ի պաշտոնե շատ լուրջ վերաբերվում է ԱԺ-ին»,- այսօր լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսպես պատասխանեց հարցին, թե ինչու երեք տարի շարունակ Տարոն Մարգարյանը չի գալիս բյուջեի քննարկումներին:

Նրա խոսքերով՝ «Որեւէ տեղ չկա պարտադրանք, որ ինքն անձամբ պետք է պարտադիր մասնակցի: Նախորդ տարիներին եկել եմ իր լիազորությամբ, իր հանձնարարությամբ: Ունեցել է զբաղվածություն: Տարոն Մարգարյանը գտնվում է Հորդանանի թագավորությունում, Աման մայրաքաղաքի հետ պետք է ստորագրի համագործակցության պայմանագիր»:

Aravot.am-ի հարցին՝ հիմա այստեղ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է քննարկվում, դա պակա՞ս կարեւոր է, քան Ամանի հետ համաձայնագիրը՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Տարոն Մարգարյանն ինձանից ու ձեզանից շատ լավ գիտի դրա գլխավորությունն էլ, կարեւորությունն էլ: Ինքը մասնակցել է բոլոր քննարկումներին, շատ լավ տիրապետում է ֆինանսավորման բոլոր ծրագրերին: Այս պահին ՀՀ-ում չէ, պաշտոնական գործուղման մեջ է, որեւէ արտառոց բան չկա»:

Հարցին՝ նրան չի՞ հետաքրքրում այս քննարկումը, հատկապես, որ վերջին տարիներին շատ է քննադատվում Երեւանի քաղաքապետարանի բյուջեն աննպատակ ծախսերի համար՝ նա պատասխանեց. «Երեւանի բյուջեն բաց է ինտերնետային կայքով: Բոլորը հնարավորություն ունեն հետեւելու բյուջեի կատարման ընթացքին: Բոլոր ծախսերը հիմնավորված ու պլանավորված են: Այդ բոլոր ծախսերը կառուցվում են օրենքի ուժով: Օրենքն անհիմն լիազորությո՞ւն է տվել քաղաքապետին»:

Կամո Արեյանն ասաց, որ առողջ քննադատությանը կողմ են, անհիմն քննադատությունները ստանում են պատասխան. «Այն, ինչ հիմնավոր է, առողջ ողջամտությամբ ընդունում ենք»:

Հարցին՝ հիմնավո՞ր եք համարում բազմաթիվ դժգոհությունները, որ Երեւանում բազմաթիվ աղքատ մարդիկ կան, տոնակատարությունների համար միլիոններ եք ծախսում՝ նա պատասխանեց. «Երեւանի տոնը մտնում է քաղաքային կյանքի կազմակերպման ծրագրի մեջ: Մշակութային միջոցառում, որպես այդպիսին, ընդգրկված է մեր տարեկան ծրագրի մեջ: Մենք պարտավոր ենք այդ տոնն անելու: Դա հանրային պահանջարկի բավարարում է: Ոչ ոք չի թերագնահատում սոցիալական ոլորտը: Ոչ ոք չի ասում, որ Երեւանում խնդիրներ չկան, բայց դա չի նշանակում, որ Երեւանը պետք է վերածվի մի քաղաքի, որը զուրկ է մշակութային կյանքից: Դուք հարց տվե՞լ եք այդ տոնից օգտվողներին, այն մասսային, այն բնակչին, որը խանդավառված է այդ տոնով եւ մասնակիցն է»:

Նա ասաց, որ այս տարի համայնքային բյուջեից ընդամենը 130 մլն դրամ է հատկացվել՝ Երեւանի տոնի համար: Նա այնպես նշեց ընդամենը, ասես խոսքը 130 դրամի մասին էր: Լրագրողների դիտարկմանը, որ 130 մլն-ը լուրջ գումար է եւ կարող էր բազմաթիվ աղքատ երեւանաբնակների հարց լուծել՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Ես չգիտեմ աղքատության ցուցանիշները որ սանդղակով եք գնահատում հիմա: Աղքատության բնութագրումը բովանդակային առումով տարբեր կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ մշակութազուրկ մայրաքաղաք պետք է լինի: Ո՞վ ասաց, որ այդ ծախսերը չափի մեջ չեն: Դա եղել է մինիմալ անհրաժեշտ չափը՝ տոնակատարության համար, որը բավարարվել է մասնավոր ներդրողների հետ տոնակատարությունը բարձր եւ որակով կազմակերպելու: Մեզ պետք էր բարձր մակարդակի տոնակատարություն, որից օգտվում է Երեւանցին»:
Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ Էրեբունի-Երեւան տոնակատարությունը եղել է իր ճաշակով եւ իրեն դուր է եկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031