Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի գործով դատական նիստում բացման խոսքով հանդես եկան մեղադրող դատախազն ու Արեյանի պաշտպանը։
Ըստ հանրային մեղադրողի՝ Արեյանը էական վնաս է պատճառել պետության շահերին։ Հատուկ պահպանվող տարածքի, հասարակական նշանակության կանաչ տարածքի և հանգստի համար նախատեսված զբոսայգու կարգավիճակ ունեցող, պահուստավորված, պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա՝ 98 միլիոն 886 հազար դրամ գնահատված հողամասը օտարվել է հասարակական կազմակերպությանը, դուրս է բերվել պետության հաշվեկշռից, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, պետությանը ծանր հետևանքներ են պատճառվել։
Հիշեցնենք, որ Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրով, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0 քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0 քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար։
Կամո Արեյանի պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրողը Արեյանին մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ միաժամանակ նշելով, որ նա հանդիսացել է ՏԻՄ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ։
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը, սակայն, վիճարկում է այդ պնդումը՝ նշելով, որ 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանը չէր կարող համարվել ՏԻՄ-ում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ։
Պաշտպանը հղում է կատարել ՀՀ նախագահի 1997 թվականի թիվ 727 հրամանագրի 1.7-րդ կետին, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետը գլխավորում էր Երևանի քաղաքապետարանը, որի միջոցով իրականացվում էր պետական կառավարում Երևան քաղաքում։ Ըստ պաշտպանական կողմի՝ դրանից հետևում է, որ այդ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը պետական կառավարում էր իրականացնում, և, հետևաբար, Կամո Արեյանը ՏԻՄ համակարգում որևէ գործառույթ չէր կարող իրականացնել՝ օրենքով սահմանված այդ կառավարման առանձնահատկության պայմաններում։
Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատանքի կառուցվածքն ու աշխատակազմի կառուցվածքը։
«Երբ ուսումնասիրում ենք քաղաքապետի լիազորությունները, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է մեղադրող կողմը որոշել փոխքաղաքապետի լիազորությունները, եթե ունենք կառավարության որոշում, որը հստակ սահմանում է այդ լիազորությունները»,– նշել է պաշտպանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































