Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի մենաշնորհային դիրք չունենան ՌԴ-ն եւ ՀՀ-ի ու Ադրբեջանի իշխանությունները

Նոյեմբեր 05,2014 14:42

Օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի խումբ կարկառուն ներկայացուցիչներ կոչ հնչեցրեցին` ուղղված ԼՂՀ հակամարտության բոլոր կողմերի քաղաքացիական հասարակություններին, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին`դառնալ խաղաղ կարգավորման ակտիվ մասնակից, սկսել անհրաժեշտ փոխզիջումների փնտրտուքը, հրաժարվել առավելապաշտական պահանջներից և ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվության իրենց մասնաբաժինը։

Փաստաթղթում նաեւ մի քանի ուշագրավ ամրագրումներ են արված. «Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի նախաձեռնությունը, որը շարադրված է 2014 թվականի մայիսի 7-ի «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» զեկույցում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների 2014 թվականի մայիսի 12-ի հայտարարությունը։ Այդ հավասարակշռված մոտեցման մեջ են պարփակված և՜ հակամարտության կողմերի, և՜ ԵԱՀԿ Մինսկի խմբի անցյալ ու ներկա համանախագահների երկարամյա բանակցությունների աշխատանքի ու փորձի արդյունքները։ Գտնում ենք, որ երեք սկզբունքները և նշված վեց բաղադրիչներն իրենցից ներկայացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղության համաձայնագրի և «ճանապարհային քարտեզի» գործուն հիմքերը»։

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս նախաձեռնությանը, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ինքը շատ կարեւոր է համարում համատեղ կոչը: Դա նա համարում է վաղուց սպասված իրադարձություն, քանզի Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների` միմյանց ընդառաջ քայլերը, մեր զրուցակիցը նաեւ անհրաժեշտություն է համարում:

«Անցել է ավելի քան 20 տարի, բայց բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց չկա, ինչը վնասում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե տարածաշրջանի ապագան: Սա շատ ողջունելի քայլ էր, որը լրացուցիչ ճնշում կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների վրա` խոսքից գործի անցնելու, իրական կարգավորումների գնալու առումով»,- ասաց մեր զրուցակիցը` էական համարելով փաստաթղթում արված այն ամրագրումները, որոնք վերաբերվում են փոխվստահությանը, դիպուկահարներին առաջին գծից ետ քաշելուն, Մեծ պայմանագրի վրա համատեղ աշխատանք սկսելուն, ամերիկացի համանախագահի առաջարկած, այնուհետ Մինսկի խմբի կողմից հավանություն ստացած վեց սկզբունքների հիմքով արդեն կոնկրետ գործողությունների անցնելը:

«Ես դրական եմ գնահատում քաղաքացիական հասարակությունների սկսած գործընթացը, կարծում եմ, որ այն պետք է շարունակվի եւ ընդլայնվի: Ինքս, լիովին եւ անվերապահորեն, սատարում եմ այդ հայտարարությանը: Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակություններին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը` հավելելով, որ Ադրբեջանի իշխանական մամուլում սկսված պարկեշտության բոլոր սահմաններն անցնելով հարձակումները, հայտարարությունը ստորագրած Էլդար Նամազովի եւ մյուս անձանց նկատմամբ, Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ վիճակը, «հայկական նախապատմությամբ» բռնաճնշումները, երբ ով դեմ է դուրս գալիս ռեժիմին` մեղադրվում է հայերի հետ գործակցելու մեջ, սա շատ խիզախ քայլ էր մեր ադրբեջանցի գործընկերների կողմից:

Ռուբեն Մեհրաբյանը համարում է, որ այդ կոչն ուղղված է նաեւ ադրբեջանական իշխանություններին, որպեսզի դուրս գան իրենց ոչ կառուցողական պատկերացումներից, զբաղվել Հայաստանին, Ադրբեջանին ու տարածաշրջանին հաջողություն,խաղաղություն բերող աշխատանքով:

«Այս փաստաթղթի իրականացման պարագայում նաեւ կչեզոքացվի ՌԴ-ի ձգտումը` ղարաբաղյան կարգավորման գործընթացում մոնոպոլ դիրքեր ունենալու: Ինչպես նաեւ կարեւոր է Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը, միայն երկու երկրների բարձրագույն իշխանությունների մոնոպոլիան չլինի: Այս ամենում նաեւ քաղաքացիական հասարակությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930