Այսօր Գյումրու լոկոմոտիվային դեպոյում մեծ շուքով, կարմիր ժապավենի կտրմամբ շահագործման հանձնվեց վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը, որի վրա երկու ամիս շարունակ չարչարվել են մոտ 20 մասնագետներ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տարածած մամլո հաղորդագրության համաձայն, 2015 թվականին նման վերանորոգում կանցնեն ևս 3 էլեկտրաքարշեր, որոնք կբարձրացնեն գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը: Իսկ երկրաշարժից հետո, ըստ վարպետների, վերանորոգումը կատարվել է Ուկրաինայի Լվով, Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքներում, իսկ մեծամասամբ Թբիլիսիում:
Կարդացեք նաև
Այսօր չնայած խոսակցական լեզուն ռուսերենն էր, այս իրադարձությանը ներկա էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Գյումրիում ՌԴ հյուպատոսը իր տիկնոջ հետ, այդուհանդերձ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոսեց հայերեն և նրա խոսքը թարգմանեցին ռուս պաշտոնյաների համար:

Էլեկտրաքարշը վերանորոգած 35 տարվա վարպետներ Ավիկ Հովհաննիսյան ու Խաչիկ Պողոսյանն էլ ասացին, որ Գյումրիում վերանորոգած էլեկտրաքարշը իր որակով չի զիջում Թբիլիսիում արտադրված էլեկրաքարշերին:
Ավիկ Հովհաննիսյանը պատմեց, որ մինչև երկրաշարժը հենց Գյումրիում էին վերանորոգում Ռուսաստանից ու Վրաստանից բերած էլեկտրաքարշերը, հիմա էլ պատրաստ են պատվերներ ընդունելու, քանի որ պայմանները գերժամանակակից են: Վարպետը, սակայն, մտահոգված է, որ այս 25 տարիների ընթացքում իր նուրբ ու բարդ մասնագիտությունը գրեթե ոչնչացել է, քիչ են այն երիտասարդները, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այս աշխատանքի հանդեպ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իր հերթին նշեց, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոն իր աշխատատեղերով, էսթետիկայով ու այժմ տեխնոլոգիաներով լիարժեք համապատասխանում է Ռուսաստանի լավագույն դեպոների համակարգի չափանիշներին:
Նշենք, որ 2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումները մեր երկրում մինչև օրս կազմել են 100 մլրդ 858,1 դրամ:

Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































