Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամի կարգավիճակում բուհում կստեղծվեն տարբեր առեւտրային ընկերություններ՝ ՍՊԸ-ներ. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 26,2014 12:15

Վերջերս Երեւանի պետական եւ Մխիթար Հերացու անվան համալսարանները փոխեցին իրենց կարգավիճակը՝ ՊՈԱԿ-ից վերածվելով հիմնադրամների: Կառուցվածքային փոփոխության առավելությունների մասին է հարցազրույցը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

  -Եթե չեմ սխալվում, նախքան ԵՊՀ-ի եւ բժշկական համալսարանի վերակազմավորվելը, հիմնադրամի կարգավիճակ են ստացել եւս մի քանի բուհեր: Ինչո՞վ է պայմանավորված կառուցվածքային փոփոխության մասնակիությունը. ինչո՞ւ բոլոր բուհերին միանգամից նոր կարգավիճակ չի տրվում, այլ աստիճանաբար է դա արվում:

-Այո, առաջինը հիմնադրամի վերակազմակերպվեց Հայաստանի պետական ագրարային համալսարանը: Դա 2012 թվականին էր: Նպատակը ծրագրի պիլոտային փորձարկումն էր: Այսինքն՝ ագրարային համալսարանի միջոցով փորձ արվեց ուսումնասիրել եւ հասկանալ, թե մեր երկրում բուհերի նման վերակազմակերպումը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել:
Բացի դրանից՝ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը դեռ մեկ տարի առաջ քննարկել է պետական համալսարանները ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպելու հարցը եւ եզրակացրել, որ այն բխում է Բոլոնյան գործընթացի պահանջներից, մեկ քայլ առաջ է համալսարանների ինքնավարության ապահովման տեսակետից:

Այդ մոտեցումը հավանության արժանանալով՝ կառավարության հրամանով այս տարի հիմնադրամների վերածվեցին նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, որը դարձավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Իսկ օրերս էլ նրանց շարքերը համալրեցին Երեւանի պետական ու բժշկական համալսարանները:

  -Ի՞նչ առավելություններ ունի հիմնադրամը ՊՈԱԿ-ի նկատմամբ:

-Հիմնադրամի կարգավիճակը հնարավորություն կտա ընդլայնել բուհերի ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը: ՊՈԱԿ-ի ժամանակ բուհերն ավելի սահմանափակված էին: Եվ հետո՝ այս փոփոխությունը կնպաստի բուհերի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:

Հիմնադրամ լինելով՝ բուհը ձեռնարկատիրական գործունեությունն ավելի ճկուն կարող է վարել՝ գիտական արդյունքներն առեւտրայնացնելու համար: Իսկ այսօրվա պայմաններում բուհերում սեփական գիտական միտքը, գիտական ներուժն առեւտրայնացնելով ինքնաֆինանսավորվելը օրվա պահանջ է: Այլապես բուհերը չեն կարողանա գոյատեւել:

Հիմնադրամի կարգավիճակում բուհում կստեղծվեն տարբեր առեւտրային ընկերություններ՝ ՍՊԸ-ներ, ավելի հեշտ ընթացակարգերով, քան ՊՈԱԿ-ի դեպքում էր: Այն ժամանակ նույնպես նման հնարավորություն կար, բայց դա կառավարության որոշմամբ էր լինում, շատ արարողակարգեր կային, որոնք դժվարացնում էին գործընթացը: Հիմա շատ դյուրին կլինի:

Իսկ գիտական արդյունքները ֆինանսի վերածելու հնարավորությունը նաեւ կխթանի գիտության զարգացումը: Միայն թե պետք է ճիշտ կարողանանք օգտվել այդ կարգավիճակից եւ հօգուտ բուհի օգտագործենք հիմնադրամի առավելությունները:
Փոխվել է նաեւ կառավարման համակարգը: Այժմ հոգաբարձուների խորհուրդն է ղեկավարելու բուհը, որտեղ կընդգրկվեն կառավարության անդամներ, լիազոր մարմնի անդամներ, դասախոսներ եւ ուսանողներ: Հոգաբարձուների խորհրդի գործառույթները կընդլայնվեն ռեկտորի եւ գիտխորհրդի գործառույթների սահմանափակման հաշվին: Իսկ ռեկտորը, որն արդեն կկոչվի կառավարիչ, կառավարչական գործառույթներ կիրականացնի:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031