Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեագետի կասկածները՝ Պերմյակովի ցուցմունքի եւ Գյումրիի սպանության մութ կողմերի մասին

Հունվար 14,2015 14:56

«Իր ցուցմունքներից ընդամենը 2-3 նախադասություն է հրապարակվել, վաղն այդ ցուցմունքները կփոխվեն, սիրուն ցուցմունքներ կլինեն»,- այսօր «Հայելի» ակումբում քրեագետ Սերգեյ Գալոյանն այսպիսի տեսակետ հայտնեց՝ Գյումրիի սպանությունների մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի ցուցմունքների մասին:

Նրա խոսքերով՝ «Պաշտոնական վարկածի համաձայն, ինքն իր ցուցմունքում հայտարարել է, թե ես չէի ուզում սահմանն անցնել: Գնացել հանձնվել է ռուսական զորքերի ուժերին, շատ մութ բաներ կան: Գյումրիում այժմ սարսափելի իրավիճակ է, մարդիկ չեն ուզում տներից դուրս գան: Այդ քաղաքը սարսափի մեջ է: Բա մեկը մտածի՝ բռնել եք, բերեիք, տեսնեիք ինչ եք անելու: Ստեղ եկավ ՌԴ բանակի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը եւ հանկարծ այդ տղան մտավ ռուսական իրավազորության տակ: Պարզվեց, որ նա ՌԴ քաղաքացի է, եւ նրան ՀՀ իրավապահ մարմիններին չեն հանձնի: Կրկնակի չափանիշներ գործեցին: Երբ որ մեր Հրաչյա Հարությունյանը՝ այնտեղ սովորական մի վարորդ տղա, պատահական վթարի ենթարկեց եւ մարդիկ զոհվեցին, անմիջապես նրան տարան, խայտառակություն արեցին, նսեմացրին մարդուն եւ դատեցին իրենց երկրի օրենքներով: Դատելը ճիշտ էր, իրենց երկրում է կատարվել, բա սա՞ որտեղ է կատարվել»:

Դիտարկմանը, որ ասում են՝ զինվորականների հարցը մի քիչ այլ կերպ է քննվում՝ Սերգեյ Գալոյանը պատասխանեց. «Ոչ մի դեպքում այդպիսի բան գոյություն չունի: Զինվորականի շոր կարող են հագցնել ամեն մեկին եւ ասեն՝ գնա մարդ կոտորի: Իսկ եթե զինվորական չէ, ես ի՞նչ իմանամ: Ասում են՝ նա Ադրբեջանի լրտես է՝ դրված այստեղ, ամեն մեկն իր կարծիքն է հայտնում: Մտեք Գյումրի, տեսեք մարդիկ ոնց են ողբալով դուրս գալիս այդ տնից: Վաղը տեսնենք քանի մարդ է մասնակցելու թաղմանը: Եթե որեւէ այլ երկրում լիներ, գոնե 1 օր սուգ կհայտարարվեր: 6 մարդ է մահացել՝ մեկ ընտանիքից, գոնե սուգ հայտարարվեր Գյումրիում: Մեզ սովորեցրել են սպանության, ինչ էլ կատարվի՝ սովորել ենք: 1999-ի ապրիլին նույն 102 զորակայանից լիցքավորված ինքնաձիգներով դուրս եկան, հասան շուկա, գնդակահարեցին 2 մարդու, ծանր վիրավորեցին 11-ի, ի՞նչ եղավ այդ երկու տականքի հետ, դատվեցի՞ն: Դեպքն արդեն ջրվել գնացել է: Եթե 99-ի դեպքն անցավ ու գնաց, մի 5-6 տարի հետո սա էլ կմոռացվի ու հետո կասեն՝ չի եղել, հայերը հնարում են»:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն հակասությունը իրավապահ մարմինների, երբ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ասում է, որ ուզում են մեզ հանձնվի մարդասպանը, իսկ դատախազությունն ասում է, որ նման հարց չի քննարկվել՝ քրեագետը պատասխանեց. «Հունան Պողոսյանի հայտարարությունը ինձ համար հասկանալի է, որ հավանաբար կհանձնվի հայկական կողմին, հետո եղավ դատախազության հայտարարությունը, որ այդ հարցը չի քննվել, ինչո՞ւ չի քննվել, վախեցե՞լ եք: Նա պետք է դատվեր այստեղ, սպանությունները կատարվել են այստեղ: 7 հոգանոց ընտանիքից մնացել է մի հատ 6 ամսական Սերյոժիկ, որը խոսալ էլ չի կարողանում, բա որտե՞ղ պետք է դատվի այդ մարդասպանը, եթե ոչ այստեղ»:

Ըստ քրեագետի, այս գործում բազմաթիվ հարցականներ եւ մութ հարցեր կան՝ ո՞վ է գտել Պերմյակովին, ինչո՞ւ են հանձնել ու թողել գնա ռուսական ռազմաբազա, որ ցուցմունքները նկարեն, ինչո՞ւ էր ենթադրյալ մարդասպանը թողել իր կոշիկներն ու հագուստը դեպքի վայրում. «Հանցանշանն ինչու էր թողնում: Մարդը գնացել է, 6 մարդ սպանել, հանել այն կոշիկները, որի վրա գրված էր իր անունն ու գնացել: Ամենահետաքրքիր, ինձ համար չպարզված հարցերից մեկը սա է: Երկրորդ, զարմանալի է նաեւ, որ մեր հայ փաստաբանը հրաժարվել  է պաշտպան լինել: Ինչի՞, ի՞նչ պատահեց, ո՞ր հայ պաշտպանը չէր կանգնի հայ ընտանիքի, հայ մարդու համար, ուրեմն ինչ-որ մի բան եղել է: Կասկածները քանի գնում, ավելանում են»:

Ըստ Սերգեյ Գալոյանի, կոշիկներից դատելով՝ անմիջապես մարդասպանությունը կապեցին Պերմյակովի հետ. «Իսկ ես ինչո՞վ վստահ լինեմ, որ մի ուրիշը չի արել: Այս տղայի կոշիկները վերցրել եւ փոխել են: Գուցե ուրիշներն են սպանել, ինձ ստիպում են կասկածել ամեն ինչին: Եվ հետո, եթե որեւէ մեկը Գյումրին գիտի, ռազմաբազայից գալիս հասնում է թուրքի մայլա, որից գնում է դեպի Բայանդուրի կողմը, ո՞նց գնաց հասավ այնտեղ: Եթե 1996-ին Շիկատիլոյին դատեին ու դատեին ՀՀ-ում, սա չէր կատարվի: Եթե սրան էլ տանեն, նորից կկատարվի: Սա կատարվում է, նրա համար, որ  փոքր երկիր է, փոքր քաղաք, ուզենանք՝ կպահենք սարսափի մեջ: Ովքեր են դրանք՝ այնքան ուզեցող կա»:

Վարկածի հետ կապված, որ նա կարող է լինել Ադրբեջանի լրտեսը՝ քրեագետն ասաց. «Լավ, էլի, մեր մեջ եղած ամեն ինչը մի կապեք թուրքի հետ: Թուրքն ինչի՞ պիտի այսպիսի բաներ անի, թուրքն ավելի խելոք կանի: Սա շատ բացահայտ սպանություն է, ինչի՞ եք մտածում, որ թուրքն այդքան անխելք եւ ապուշ է»:

Ինչ վերաբերում է այն վարկածին, որ գուցե սրանով ուզում են հակառուսական տրամադրություն ստեղծել՝ Սերգեյ Գալոյանը դա նույնպես բացառեց. «Այսօր հակառուսական տրամադրությունն այստեղ ոչ Ադրբեջանի նախագահին է ձեռք տալիս, ոչ էլ Թուրքիային: Հակառուսական տրամադրություն ստեղծվե՞ց, մի խեղճուկրակ մոմավառություն արեցինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Թուրքի մայլա*:Պատմությունն է խոսում, թե հայի …
    Մոմավառությամբ ոգի չի բարձրանա, չէ որ կա ազգ, որ ձվածեղի համար թավի պոչն է…Ախր ազգը ուրիշ բան է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031