Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կշարունակվեն Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող բարեփոխումները. ԵՄ-ն հատկացրել է ևս 77.5 մլն եվրո

Հունվար 16,2015 13:18

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը: Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ  77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նշել է.

«Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից է, և մեր հարաբերությունները ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ Եվրոպական միության անդամ պետությունների հետ շարունակական զարգացում են ապրում: Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների ներկա մակարդակի պահպանումը և պատրաստակամ է շարունակել համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով:

Մենք ցանկանում ենք պահպանել Եվրոպական միության հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան: Դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար թե՛ քաղաքական ինստիտուտ­ների և պետական կառավարման մարմինների կատարելագործման, և թե՛ տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման առումով:

Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցությունը Հայաստանի Հանրապետություն – Եվրամիություն համագործակցության առանցքային բաղադրիչներից է: Այսօր գոհունակությամբ արձանագրում ենք, որ Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանում զգալի բարեփոխումներ են իրականացվել տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում` առևտրի կանոնակարգերի, սննդամթերքի անվտանգության, մտավոր սեփականության, ինչպես նաև արդարադատության, միջին մասնագիտական կրթության, պետական ֆինանսների կառավարման և մի շարք այլ ոլորտներում:

Հարգելի ներկաներ,

Տիկնայք և պարոնայք,

անցած տարեվերջին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքվեց տարբեր ոլորտների աջակցության վերաբերյալ 8 համաձայնագիր: Ներկայում իրականացման փուլում են գտնվում Եվրոպական միության աջակցության շրջանակում նախկինում ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերը, որոնք վերաբերում են կրթությանը, արդարադատությանը, պետական ֆինանսների կառավարմանն ու տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Մենք նաև ակնկալում ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնել այս գործիքի կողմից ֆինանսավորվող ոլորտներն ու ուղղությունները:

Համոզված եմ, որ այսօր մեկնարկող գործընթացը կնպաստի ինչպես մեր երկրի տնտեսության մի շարք կարևոր ոլորտների բարեփոխումների խթանմանը, այնպես էլ Հայաստան- Եվրոպական միություն փոխգործակցության հետագա ամրապնդմանը: Իմ գլխավորած կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները բոլոր ոլորտներում առաջընթաց արձանագրեն»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է. «Եվրոպական միությունն ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: Խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունն անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար»: Նա հավելել է, որ «Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է:  Ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային անվտանգությանը:

Տրայան Հրիսթեայի նշել է, որ երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը:  Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում:

Մեկ այլ համաձայնագրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 մլն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր:

Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:

ԵՄ-ն կաջակցի նաև միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման  միջոցով (1մլն եվրո):

Աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի և Եվրոպական միության՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031