Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 2016թ. աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ը կտնօրինի ավելի մեծ հարստության, քան երկրագնդի բնակչության մնացած մասը միասին վերցրած

Հունվար 19,2015 15:57 Share

Օքսֆամն այսօր, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումից առաջ,  զգուշացնում է, որ հաջորդ տարի ամենահարուստ մարդկանց  մեկ տոկոսի ընդհանուր հարստությունը կգերազանցի երկրագնդի բնակչության 99 տոկոսի հարստությունը, եթե անհավասարության աճի ներկայիս միտումը չզսպվի:

Այսօր Օքսֆամը հրապարակել է իր «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին» հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի  մասնաբաժինը  աշխարհի ընդհանուր հարստության մեջ, որը  2009թ-ի կազմում էր 44%,  2014թ-ին հասել է 48%-ի: Աճի նման տեմպերով այդ մասնաբաժինը 2016թ-ին կկազմի ավելի քան 50 տոկոս: 2014թ-ին համաշխարհային այս վերնախավի յուրաքանչյուր չափահաս անդամի միջին հարստությունը կազմել է 2.7 մլն դոլար:

Աշխարհի հարստության մնացած 52 տոկոսը, գրեթե ամբողջությամբ (46 տոկոսը), պատկանում է երկրագնդի բնակչության ամենահարուստ 5 տոկոսին: Մնացած 80 տոկոսին բաժին է ընկնում ընդամենը 5.5 տոկոս՝ յուրաքանչյուր չափահասի հաշվով միջինում կազմելով 3,851 դոլար, որը կազմում է 1 տոկոսի միջին հարստության 1/700 ական մասը:

Օքսֆամի հաշվետվությունը վկայում է, որ անհավասարությունը հասել է զարհուրելի չափերի և շարունակում է աճել: Ժամանակն է  փոխել համաշխարհային այս համակարգը՝ այն դարձնելով առավել ներառական, արդար և կայուն:

Այս հետազոտությունը, որը կատարվել է Օքսֆամի հոկտեմբեր ամսին մեկնարկած «Պայքար հավասարության համար» միջազգային քարոզարշավից հետո, ցույց է տալիս, թե ինչպես է չափազանց մեծ հարստությունը փոխանցվում սերնդե սերունդ և ինչպես է վերնախավը համախմբում իր հսկայական ռեսուրսները քաղաքական որոշումները իր շահերին ծառայեցնելու համար: Ֆորբսի ցանկում ընդգրկված 1645 միլիարդատերերի մեկ երրորդից ավելին մասամբ կամ ամբողջությամբ ժառանգել է իր հարստությունը:

Միլիարդատերերի քսան տոկոսը հետաքրքրություններ ունի ֆինանսական և ապահովագրության ոլորտներում: Սա այն խումբն է, որ  2013թ-ին Վաշինգտոնում և Բրյուսելում  ծախսել են 550 մլն դոլար՝ քաղաքականություն մշակողների լոբբինգի համար: Միայն 2012թ-ի ԱՄՆ-ի ընտրական քարոզարշավի համար ֆինանսական ոլորտը ծախսել է 571 մլն դոլար:

Այն միլիարդատերերը, որոնք հետաքրքրություն ունեն դեղագործության և առողջապահության ոլորտներում,  2013թ-ին ծախսել են ավելի քան $500 մլն դոլար Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքականություն մշակողների լոբբինգի համար:

Օքսֆամը մտահոգված է, որ մեծահարուստների քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու (լոբբինգի) կարողությունը մեծ խոչընդոտ է հատկապես հարկային համակարգի բարեփոխումների համար, որը գործում է ի վնաս աշխարհի ամենաաղքատների, որոնք զրկված են առաջին անհրաժեշտության  դեղորայքային միջոցներից և առողջապահական ծառայություններից:

Արժույթի Միջազգային Հիմնադրամը, ի թիվս այլոց, ավելի հաճախ է նշում այն փաստը, որ ծայրահեղ անհավասարությունը խոչընդոտում  է տնտեսության զարգացումը:«Ծայրահեղ աղքատությունը ոչ միայն բարոյական անարդարություն է: Այն բացասական է անդրադառնում տնտեսական աճի վրա և սպառնում մասնավոր հատվածի արդյունավետ գործունեությանը:

Օքսֆամ կոչ է անում կառավարություններին ընդունել յոթ կետից բաղկացած ծրագիր՝ անհավասարության դեմ պայքար մղելու համար.

–       Թույլ չտալ, որպեսզի խոշոր առևտրական կազմակերպություններն ու հարուստ անհատները խուսափեն հարկերից,

–       Ներդրումներ կատարել համընդհանուր, անվճար հանրային ծառայություններում, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը

–       Արդարացիորեն կիսել հարկային բեռը՝ փոխադրելով այն աշխատուժից և սպառման ոլորտից դեպի կապիտալ և հարստություն,

–       Սահմանել նվազագույն աշխատավարձ և բոլոր աշխատողների համար ապահովել նվազագույն սպառողական զամբյուղից ոչ պակաս աշխատավարձ,

–       Ներդնել հավասար վարձատրություն սահմանող օրենսդրություն և նպաստել կանանց համար արդար պայմաններ ապահովող տնտեսական քաղաքականության վարմանը,

–       Ամենաաղքատների համար ապահովել անվտանգության համապատասխան համակարգեր, ներառյալ նվազագույն եկամուտ ունենալու երաշխիքը,

–       Համաձայնություն ձեռք բերել անհավասարության դեմ պայքարի ընդհանուր նպատակի շուրջ:

«Դուք ուզու՞մ եք ապրել մի աշխարհում, որտեղ մեկ տոկոսի հարստությունը գերազանցում է մեր բոլորիս հարստությունը միասին վերցրած: Անվասարությունը ողջ աշխարհում պարզապես զարհուրելի չափերի է հասնում ու թեև այս հարցը հաճախ է դրվում միջազգային օրակարգերում, անդունդն ամենահարուստների և բնակչության մնացած մասի միջև ավելի արագ տեմպերով է խորանում», – բարձրաձայնում է Օքսֆամի Միջազգային Գործադիր տնօրեն Ուինի Բիանիման, ով  համանախագահելու է Դավոսի տնտեսական ֆորումում:

Ուինի Բիանիման կօգտվի Դավոսում իր զբաղեցրած պաշտոնից և կոչ կանի անհապաղ միջոցներ ձեռնարկել անհավասարության աճող ալիքը զսպելու համար:

Օքսֆամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031