Լրահոս
Օրվա լրահոսը

25 միլիոն եվրո՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները լուծելու համար

Հունվար 23,2015 13:18

Եվրամիության եւ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ Երեւանում այսօր մեկնարկեց եռամյա «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը» (ENPARD), որի արդյունքում՝ երեք տարիների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար ընդհանուր առմամբ կտրամադրվի 25 միլիոն եվրո գումար:

Ինչպես ներկայացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ծրագիրը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը եւ էապես կկրճատի գործազրկության մակարդակը գյուղական վայրերում:

ԵՄ դեսպանի ներկայացմամբ՝ տրամադրվող գումարից 20 միլիոն եվրոն որպես բյուջետային աջակցություն կտրվի ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման համար: 5 միլիոն եվրո կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային խմբերի բարելավման համար:

Իսկ Ավստրիական կառավարությունն էլ հավելյալ մեկ միլիոն եվրո կտրամադրի՝ Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում եւ Տավուշում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների տեխնիկական աջակցության համար:

gyuxtntesutyun_2

Ծրագրի ներկայացման ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իր ելույթում նշեց, որ ծրագրի կարեւոր սկզբունքներից է թափանցիկությունը, համագործակցությունը եւ հասարակական կազմակերպությունների ներգրավվածության միջոցով քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը:

Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում ընտրվել են այնպիսի ուղղություններ, որոնք առաջնահերթ են եւ որոնց լուծման դեպքում հնարավոր կլինի երկրում ապահովել գյուղատնտեսության զարգացումը. «Առաջնահերթություններից են ոլորտում տնտեսվարման ձեւերի զարգացումը՝ գյուղատնտեսական կոոպերատիվների խթանումը, հետբերքահավաքային արդյունավետ գործընթացների կազմակերպումը, ենթակառուցվածքների արդիականացումը, խորհրդատվական համակարգի բարելավումը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանն ուղղված համակարգերի ձեւավորումը, նախարարության կարողությունների ընդլայնումը եւ այլն»:

Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն. «Կարեւորում եմ տնտեսվարման ձեւերի կայունացումը՝ գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսվարողների համատեղ գործունեության մեխանիզմների ներդրումը, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության համակարգերի զարգացումը: Առաջնահերթ են նաեւ անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը եւ անասնաբուժական համակարգի կայունացումը: Լուրջ խնդիր է նաեւ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործումը, որը կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնոլոգիաների ներդրմանը: Կարեւոր է նաեւ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը: Առանձնացնում ենք նաեւ ապահովագրական համակարգերի աստիճանական ստեղծումը: Խնդիրներից է նաեւ սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավումը»:

Սերգո Կարապետյանը այս բոլոր վերը նշված խնդիրների լուծման համար կարեւորեց Եվրամիության հետ համագործակցությունը:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031